Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հասարակությունում հրահրում են քննարկումներ տարածքների հետ կապված, Բաքվում միակ քննարկումը ինքնավարություն տալն է»

Մարտ 14,2019 15:00

Նախկին իշխանությունների հետ առնչվող շրջանակները, ըստ «Իմ քայլի» պատգամավորի, մտահոգիչ մանիպուլյացիաներ են անում

«Մտահոգիչ են այն մանիպուլյացիաները, որ փորձում են անել այդ հայտարարության հետ կապված»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը: Նա ադրբեջաներենի թարգմանիչ է եւ հետեւել է այս ընթացքում Ադրբեջանի հասարակական-քաղաքական դիսկուրսին, վստահեցնում է՝ ոչ մի քննարկում այդ հայտարարությունը առաջ չի բերել. «Թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի Հանրապետության արձագանքը բավականին համաչափ էր հայտարարությանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունեց հայտարարությունը այն բանից հետո, երբ տեսավ, թե ինչ մանիպուլյացիաներ է դա ստանում Հայաստանում: Այն, որ այս թեման արդեն որերորդ օրն է եռում է մեզ մոտ, Ադրբեջանում տոտալ լռություն է, դա ցույց է տալիս հենց պատրաստվածությունը այսպես կոչված խաղաղության: Այսինքն, այդ երկրում, երբ տարիներով մեզ մոտ տարբեր դիսկուրսներ են ընթացել, եթե ոչ ամբողջությամբ, ապա ըստ էության մարդիկ միշտ տեղյակ են եղել որոշակիորեն, թե ինչ է դրված բանակցային գործընթացի հիմքում, խաղաղ լուծման փոխզիջումային հիմքում, Ադրբեջանը դրա մասին ընդհանրապես լռում է: Ավելին, երբ համանախագահները խոսում են ինքնորոշման իրավունքից, իրենք դա մեկնաբանում են՝ որպես ինքնորոշման իրավունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում, որը զավեշտ է իրականում: Իրականում այս ամբողջ հակամարտությունը հենց կարգավիճակի խնդրից է եկել: Կարծես փորձելով մոռանալ հակամարտության բուն բնույթը, փորձում են դա տեղափոխել ինչ-որ տարածքային խնդիրների դաշտ: Բնականաբար, դա անընկալելի ու անընդունելի է եւ ցույց է տալիս, թե ինչու է Բաքուն այդքան համառորեն ընդդիմանում Արցախի վերադարձին բանակցային սեղան: Եթե իրերին բաց աչքերով նայենք, իսկապես եթե Ադրբեջանն ուզեր խաղաղության մասին խոսակցություն, ինքը պետք է կողմ լիներ, որ Արցախը գար, որպեսզի կարողանար առարկայական խոսակցություն ծավալել: Եթե նստած են բանակցային սեղանի շուրջ ու խոսվում է մի սուբյեկտի՝ Արցախի կարգավիճակի մասին, քանի դեռ դու չունես Արցախը ներկայացված, առարկայական քննարկում չես ունենալու: Մեր երկու արտգործնախարարությունների հայտարարությունները իրար փոխլրացնող էին ու բավականին ճիշտ»:

Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ պատգամավորը մեծ հաշվով խնդիր չի տեսնում. «Համանախագահները տարբեր փուլերում տարբեր բնույթի հայտարարություններ են տարածել: Նախորդ հայտարարությունը խաղաղության պատրաստման հետ էր կապված, որը հերթական անգամ փորձեցին մանիպուլացնել»:

Հարցին՝ ովքե՞ր են մանիպուլացնողները՝ հակահեղափոխականնե՞րը՝ նախկին իշխանություննե՞րը, որտե՞ղ էր մանիպուլյացիան՝ Հայրապետյանը պատասխանեց. «Կան օղակներ, նախկին իշխանությունների հետ առնչվող շրջանակներ, որոնք փորձում են այնպես որակել, թե իբրեւ դրույթը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային փուլ, ըստ էության խնդրահարույց է: Ես դա ցավով եմ ասում: Պետք է հասկանալ՝ եթե դու չունենաս արցախյան հարցում օրակարգ, եթե որպես կողմ չունենաս դիրքորոշում, դու միայն ավելի ու ավելի բարդ իրավիճակում ես հայտնվելու, եթե անգամ այս փուլում օրակարգը կարող է այլ ընկալում ստանալ, բնավ չի նշանակում, որ պետք է դրանից հրաժարվել: Ընդհակառակը, սա նշանակում է, որ պետք է ավելի լավ աշխատել»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գտնում է, որ համանախագահների հայտարարության մեջ ամենակարեւոր մտահոգիչ ձեւակերպումն այն է, որ ԼՂ իրավական կարգավիճակի մասին ապագա որոշակիացում են ակնկալում՝ իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով: Սա հակասում է հայկական կողմի նախկինում պահված այն սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Սա արդեն տեղի ունեցած փաստ է, հիմա կրկին պնդել, որ հանրաքվե պետք է անցկացվի, նշանակում է՝ հաշվի չառնել այդ հանրաքվեն: Տաթեւ Հայրապետյանը գտնում է, որ մեծ հաշվով այդտեղ խնդիր չկա, եթե եւս մեկ անգամ ամրագրելու անհրաժեշտություն լինի. «Պետք է հասկանալ, որ խնդրի լուծման մեխը կարգավիճակի մեջ է, ոչ թե մնացած կոմպոնենտների: Շոշափում են մնացած հարցերը, նոր վերջում գալիս կարգավիճակին, բայց հակամարտությունը ծագել է կարգավիճակի հետ կապված խնդրից: Նույն ԼՂԻՄ շրջակա տարածքները, որ Ադրբեջանը կոչում է գրավյալ, մենք կոչում ենք անվտանգության գոտի եւ ազատագրված տարածքներ, Արցախի Հանրապետության կազմում են, որովհետեւ ժամանակին այդտեղից ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Պետք չի դուրս գալ այն կոնտեքստից, ինչի մեջ եփվում է այս ամբողջը: Բուն խնդիրը կարգավիճակի եւ մարդկանց անվտանգության մեջ է: Խոսել մյուս կոմպոնենտներից ու կարգավիճակի հարցը թողնել ինչ-որ իքս փուլի՝ դա անհեթեթություն է ուղղակի: Եթե կարգավիճակի լրացուցիչ ամրագրման համար անհրաժեշտ է եւս մեկ անգամ արցախցիների ձայնը լսելի դարձնել, ես այդտեղ խնդիր մեծ հաշվով չեմ տեսնում: Մեզ համար առաջնայինը կարգավիճակի եւ անվտանգության հարցն է»:

Համանախագահները կոչ էին արել զերծ մնալ ձեւաչափի փոփոխության մասին հայտարարություններից: Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ այն, որ մեր իշխանությունները պնդում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ձեւաչափի փոփոխություն չէ, դա ձեւաչափի լիարժեք վերականգնման առաջարկ է. «Ձեւաչափի փոփոխություն՝ նշանակում է անել այնպիսի բան, որը նախկինում գոյություն չի ունեցել: Հայկական կողմի ասածը շատ պարզ է՝ 94-ից եւ մինչ այդ էլ բանակցել ենք եռակողմ, այժմ պետք է վերականգնենք այդ ֆորմատը, որովհետեւ այն ավելի արդյունավետ էր, նաեւ այդ ֆորմատն օգնում էր Բաքվին հասկանալ, որ վերադարձ անցյալին չի լինելու: Եթե Բաքուն այսօր քննարկում է բարձր ինքնավարություն,…ի՞նչ ինքնավարության մասին է խոսքը, մենք ոնց որ տարբեր իրականություններում ապրենք: Մեր հասարակությունում հրահրում են քննարկումներ տարածքների հետ կապված, իրենց մոտ միակ քննարկումը ինքնավարություն տալն է: Երբ մեզ ասում են՝ ո՞րն է իշխանությունների տեսլականը, ես ասում եմ՝ քանի դեռ Բաքուն չի խոսում իր փոխզիջումների, իր կարմիր գծերի մասին,…նախկին իշխանությունների մոտ դա խոսվել է, Սերժ Սարգսյանը բաց տեքստերով է անգամ ասել, այդ դիսկուրսը, քննարկումը եղել է, Ադրբեջանում դա բացարձակ գոյություն չունի: Եթե գոյություն չունի, ո՞րն է իմաստը, որ մենք նորից դնենք այդ քննարկումները ծավալենք, ի՞նչ ենք շահում դրանից, որ հասարակությունը դառնում է ավելի զիջումային ու պարտվողակա՞ն: Նման բան չպետք է լինի: Մենք հաղթած հասարակություն ենք, հաղթած երկիր ենք ու մենք պետք է հասկանանք, որ մեր շահը ամեն ձեւով պետք է առաջ մղենք՝ հատկապես Ղարաբաղի հարցում, որը մեզ համար էքզիստենցիալ խնդիր է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031