CEPA-ն բարեփոխիչ գործիք է, Բրյուսելում փաստեց Փաշինյանը
Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել կարեւոր կարելի է համարել Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների, ապագայի առումով: Ուղերձները, որոնք հնչեցին, առաջիկայում կուղենշեն Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները եւ այդ հարաբերությունների զարգացման ուղղությունները:
Նախ` պաշտոնական Երեւանը կարեւոր արձանագրում արեց: Այն է՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ նշանակություն ունի բարեփոխումների հաջողության համար: Մարտի 4-ին Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած իր ելույթում, մասնավորապես նախ հարկ համարեց նշել, որ՝ «թավշյա հեղափոխությունը վերականգնեց ժողովրդավարությունը Հայաստանում», եւ որ «25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները որեւէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել»:
Փաշինյանը շեշտեց, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր արտաքին քաղաքական պարտավորություններին եւ գործընկերներին եւ Հայաստանում տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները խթանող ժողովրդավարությունը դարձել է հրամայական: «Ժողովրդավարությունը մեզ պետք է 21-րդ դարում մրցունակ լինելու համար: Այնուամենայնիվ, ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի եւ ամրապնդվի»,- ասաց նա՝ ներկայացնելով այսօրվա հիմնական մարտահրավերները՝ աղքատությունը, շեշտեց, որ Հայաստանը պետք է առաջ ընթանա տնտեսական հեղափոխության ուղիով: Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարության ներկայիս առաջնահերթություններից են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը եւ բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը: «Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների եւ գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որեւէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար»:
Փաշինյանն, այնուամենայնիվ, արձանագրեց, որ բարեփոխումների քաղաքականության իրականացման ճանապարհին հանդիպում են մի շարք խոչընդոտների, եւ այս հարցում կարեւորեց Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ այն «հսկայական նշանակություն» ունեցող համարելով բարեփոխումների հաջողությունների համար. «Այս նախաձեռնության արժեքը եւ գրավչությունը ի հայտ կգան բացառապես բարեփոխումների իրականացման միջոցով: CEPA-ն բարեփոխիչ գործիք է: Դրա դրույթների իրագործումը կհանգեցնի մեր հասարակության բազմաթիվ ոլորտներում որակական փոփոխությունների:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեզ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը վճռական է CEPA-ի իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու հարցում: Մենք պատրաստ ենք Եվրոպական միության հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»:
Հաջորդ կարեւոր ուղերձն այն էր, որ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի հարթակն օգտագործեց Եվրամիության անդամ պետությունների կողմից CEPA-ի արագ վավերացման անհրաժեշտության մասին խոսելով: Նա փաստեց, որ դա կարեւոր է համաձայնագրի լիակատար իրագործման եւ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար, ինչպես նաեւ առանձնացրեց համագործակցության օրակարգի համատեքստում վիզաների ազատականացումը՝ հավելելով, որ գործընթացի սկիզբը մեծապես կնպաստի մարդկանց հետ շփումների եւ ընդհանրապես մեր համագործակցությանը: «Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ եւ հարթ կընթանան մեր բարեփոխումները»,-նշեց նա:
Ելույթն ամփոփելիս՝ Փաշինյանը ծավալուն անդրադարձ կատարեց Հարավային Կովկասի անվտանգության ռիսկերի ու մարտահրավերների թեմային՝ ծավալուն անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային: «Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը: Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որեւէ այլընտրանք անկախությանը: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն եւ ձեւավորում են իրենց սեփական կառավարությունը: Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի եւ հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը»:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր հանձնաժողովի անդամների հարցերին: Նա նկատել էր, որ եվրոպացի գործընկերները պատրաստ են աջակցել Հայաստանին. «Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին եւ նպատակներին: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարեւոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, եւ դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարեւոր է ապահովել դատարանների անկախությունը»:
Ի պատասխան Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին` Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում, եւ որ ԵՄ-ի հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը. «Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, եւ ես կարծում եմ, որ հակասություններ չկան եւ չեն կարող լինել Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, եւ ես կարեւոր եմ համարում ընդգծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում»:
Կրկին անգամ Փաշինյանը կարեւորել էր հեղափոխությունից հետո մթնոլորտը, նշելով, որ հեղափոխությունից առաջ «մենք ունեինք մենաշնորհներ եւ օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում»: Նրա փոխանցմամբ. «Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար: Կարեւոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր եւ միջին բիզնեսի: Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաեւ կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն ստանալ նաեւ Եվրամիությունից»:
Փաշինյանի ուղերձները եվրոպացի գործընկերներին բավական հստակ էին, եւ թե դրանք երբ եւ ինչպես կառարկայանան՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, բրյուսելյան ուղերձների հիմքում ԵՄ-ի հետ կայուն ու զարգացող հարաբերությունների համար Փաշինյանը արձանագրեց, որ պաշտոնական Երեւանն աջակցություն է ակնկալում ԵՄ-ից:
Ամփոփումը՝ «Առավոտի» մարտի 14-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 13.03.2019