Լրահոս
Օրվա լրահոսը

Խնձորուտի բնակիչներն իրենց վիրավորված են զգում, որ սահմանապահ գյուղն այդքան անտեսված է

Մարտ 14,2019 14:30

Սահմանամերձ Խնձորուտը շրջկենտրոնին` Վայքին կապող ճանապարհը 23.5 կիլոմետր է, սակայն տեղանքին ծանոթ ոչ մի տաքսիստ, անգամ 20 հազար դրամով քեզ չի հասցնի այս գյուղ: Համաձայնվելու դեպքում էլ այդ 20 հազար դրամը վարորդի վրա շատ թանկ կնստի. մեքենան գյուղ գնալ-գալուց հետո վարորդը պետք է մեքենայի վրա եռակի-քառակի ավելի ծախս կատարի` ճանապարհի թողած հետեւանքները վերացնելու համար:

Խնձորուտի ճանապարհի մոտ 14 կիլոմետր հատվածը 80-ականներից այս կողմ չի վերանորոգվել: Ասֆալտը մաշվել է, տեղ-տեղ այնպիսի փոսեր են առաջացել, որ այդտեղ ընկնող ոչ մի մեքենա, անգամ ամենագնացները անվնաս դուրս չեն գալիս: Խնձորուտի բնակիչների խոսքով, ճանապարհն իրենց ոչ միայն բարոյական, այլեւ տնտեսական մեծ վնասներ է պատճառում:

Նախ` տարիներով հետ է գցում գյուղի զարգացումը. ճանապարհի պատճառով գյուղում առեւտրի կետեր չեն հիմնվում, ընտանիքներն իրենց եկամուտները ստիպված են լինում, ոչ թե տնտեսության մեջ ներդնել, ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար, այլ` ավտոմեքենաների վրա, որոնց ծախսերը օր օրի ավելանում են` ճանապարհներից առաջացած խնդիրները լուծելու պատճառով: Գյուղը սպասարկող հասարակական տրանսպորտ էլ չկա. ամեն մարդ իր գլխի ճարը յուրովի է տեսնում:

Խնձորուտի բնակիչ Խաչիկ Բարսեղյանի խոսքով, գյուղը երթուղագիծ ունեցել է, սակայն 60 հազար դրամ աշխատավարձով աշխատող վարորդը հրաժարվել է գիծը սպասարկել: Մեքենայի վրա կատարվող ծախսերը գերազանցել են վարորդի եկամուտները: Խնձորուտում ո՛չ մշակութային կենտրոն կա, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ էլ որեւէ աշխատատեղ: Բուհերն ավարտած մասնագետները, եթե գյուղ են վերադառնում, անգործ են մնում:
Խաչիկ Բարսեղյանը պայմանագրային զինծառայող է: Վիրավորված է զգում, որ ամեն անգամ իր պես տասնյակ զինվորականներ եւ նաեւ համագյուղացիներ այդպիսի ստորացուցիչ պայմաններով են երթեւեկում, հասնում սահման: Զբոսաշրջությունը, գյուղական տուրիզմը զարգացնելու մասին էլ չի խոսում:

Ասում է, որ սահմանամերձ գյուղի քարուքանդ, տեղ-տեղ մետրանոց փոսերով ճանապարհը գյուղացիների համար տասնյակ տարիներ է՝ գլխացավանք է, հոգս ու սահմանին ապրող մարդու նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Խնձորուտ գյուղը նաեւ Արցախյան պատերազմին ազատամարտիկներ ու հերոսներ է տվել, 90-ականներին էլ պատերազմական իրադարձությունների մեջ գտնվել:

«Գյուղը Նախիջեւանի հետ սահմանակից է, ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, հակառակորդի դիրքը գյուղի տներից 400 մետր հեռավորության վրա է: Գյուղում 530 մարդ է ապրում, որից 105-ը դպրոցական են: Գյուղն ունի շատ պայմանագրային զինծառայողներ, որոնք այդ ճանապարհներով են գնում դիրքեր»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Խաչիկ Բարսեղյանը: Նրա խոսքով, այդպիսի տարի չի եղել, որ ճանապարհի հարցով չդիմեն կառավարությանը: Նախորդ կառավարության պատասխանատուները ամեն անգամ էլ նույն են ասել` բյուջեում փող չկա, հենց լինի` անպայման կհատկացնենք: Տարվա մեջ մեկ անգամ փոսալցում են արել, եւ դրանով սահմանամերձ բնակիչների հանդեպ ունեցած պարտավորությունները համարել ավարտված: Սակայն, փոսալցումները խնձորուտցիների խնդիրներն ավելի է բարդացրել:

Խաչիկ Բարսեղյանի խոսքով, անձրեւներից, ձնհալից ճանապարհը ցեխ է դարձել. «Ավտոմեքենաները թաղվում են այդ փոսերի մեջ: Ամեն մի փոսը 15-20 ս/մ խորություն ունի: Այդ 13-14 կիլոմետրը մեկուկես ժամում ենք անցնում: Ասում են` սահմանը պահողը գյուղացին է, բայց գյուղացու համար հրատապ լուծում պահանջող հարցերը տարիներով չեն լուծվում»:

Խաչիկ Բարսեղյանի խոսքով, ճանապարհի մի մեծ հատված, քիչ չէ անբարեկարգ է, զրկված է նաեւ կապի հնարավորությունից: Բջջային որեւէ օպերատորի կապ այդ հատվածներում հասանելի չի լինում: Եվ ճանապարհին մնացած բնակիչները, պատահարի դեպքում, անգամ շտապօգնություն կամ 911 ծառայություն չեն կարող կանչել. «Օձը գյուղի մի բնակչի խայթել էր, մեծ դժվարությամբ կյանքը փրկեցին, մարդու հետ այդքան բարդություններ չէր լինի, եթե կարողանային ժամանակին հասցնել հիվանդանոց: Ճանապարհն այնքան է թափ տալիս, որ մարդկանց ճնշումը բարձրանում է»:

Ճանապարհի պատճառով գյուղում առեւտուրն էլ «մեռած» է, եթե ինչ-որ տեղից առեւտրականներ են հայտնվում, ապա, ըստ խնձորուտի բնակիչների, ապրանքների գինը եռակի-քառակի ավելի է լինում: Բնակիչներն էլ ստիպված գնումներ են կատարում, քանի որ հաշվարկում, գումարում հանում են, տեսնում են, որ այդպես ավելի էժան է նստում, քան սեփական ավտոմեքենայով կամ տաքսիով շրջկենտրոն հասնելու դեպքում: Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, սակայն, Խաչիկ Բարսեղյանի խոսքով, վերջին տարիներին մոտ 20 ընտանիք գյուղը լքել է: Ընտանիքները վաճառել են անասունները, ունեցած-չունեցածը եւ տեղափոխվել Վայք, Արտաշատ եւ այլ բնակավայրերում ապրելու: Նրանց թվում են նաեւ պայմանագրային զինծառայողների ընտանիքները: Այս ճանապարհը մեկ այլ սահմանամերձ բնակավայր էլ է Վայքին կապում: Նոր Ազնաբերդ գյուղ գնացող քաղաքացիները նույնպես այդ դժվարություններն են հաղթահարում: Նոր Ազնաբերդում էլ 105 բնակիչ է ապրում: Ճանապարհի պատճառով այս գյուղից էլ 2016-2017 թվականներին 50-ից ավելի մարդ է հեռացել:

Խաչիկը վստահեցնում է, որ եթե ներկայիս կառավարությունն էլ Խնձորուտի խնդրին չարձագանքի, ապա մի քանի տարուց գյուղը կդատարկվի: Ասում է` գյուղացիների հույսը վարչապետ Փաշինյանն է, որն ամեն առիթով վստահեցնում է` թե սահմանամերձ գոտիներին առավելագույն ուշադրություն են դարձնելու. «Մնում է, որ նոր կառավարությունը նորաստեղծ ընտանիքների մեջքը չկոտրի»:

«Ճանապարհի հարցը մենք ներկայացրել ենք, ուշադրության կենտրոնում է»,-«Առավոտի» հարցին, թե Խնձորուտի ճանապարհը վերանորոգելու ի՞նչ ծրագրեր կան, պատասխանեց Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության, տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը: Նրա խոսքով, ճանապարհի ընդհանուր երկարությունը 23.5 կիլոմետր է, որից 9,5 կիլոմետրը տարբեր ժամանակներում հիմնանորոգվել է եւ գտնվում է լավ վիճակում, իսկ 14 կիլոմետրը` վատ վիճակում, քանի որ չի վերանորոգվել եւ չի հիմնանորոգվել:

Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ է նշանակում ուշադրության կենտրոնում է, կա՞ հստակ ծրագիր, ժամանակացույց, որ այսինչ ժամանակ կվերանորոգվի, պարոն Ասլանյանն ի պատասխան ասաց, տարբեր ժամանակներում հարցը ներկայացվել է վերադասներին եւ պատասխանը եղել է, որ կընդգրկեն շինարարական որեւէ ծրագրում: Ըստ մեր զրուցակցի, վերջին անգամ ճանապարհի հարցը բարձրացվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի օրոք: Նամակը մակագրվել է տրանսպորտի եւ կապի նախարարություն: Նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը Դավիթ Լոքյանին պատասխանել է, որ խնդրին տեղյակ են, սակայն միջոցներ չկան, հենց որ լինեն, ճանապարհի հարցը կընդգրկվի որեւէ ծրագրում: Խաչիկ Ասլանյանն ասաց, որ ճանապարհի հարցը նոր կառավարության առաջ էլ են պատրաստվում բարձրացնել:

«Առավոտի» հարցին, թե հաշվարկներ կա՞ն ինչ գումարի մասին է խոսքը, պարոն Ասլանյանն ի պատասխան նշեց, որ կոպիտ հաշվարկներով 1 կիլոմետրի համար միջին հաշվով 70-80 միլիոն դրամ կպահանջվի: Ընդհանուր առմամբ` 1 միլիարդը գերազանցող գումար կկազմի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031