Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինտիմ հարաբերություններ, հույզ եւ ընտանեկան կամուրջներ՝ «Արտիստների ժամանակը» ֆիլմում

Մարտ 14,2019 13:30

Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանն ու Սերժ Ավեդիկյանը որոշ «փակագծեր են բացում»

Մարտի 11-18-ը «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Շվեյցարիայի, Բելգիայի եւ Կանադայի դեսպանությունների համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը: Այդ շրջանակում մարտի 17-ին նախատեսված է «Armenie(s), Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի հեղինակն է Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը: Ֆիլմը նկարահանվել է Rappi Productions (Ֆրանսիա) եւ Ֆրամարտ (Հայաստան) ընկերությունների կողմից, ռեժիսորը Դավիդ Վիտալ Դյուրանն է: Ֆիլմի պրոդյուսերն է Սերժ Ավեդիկյանը: «Արտիստների ժամանակը» դոկումենտալ ֆիլմ է, որ պատմում է Ֆրանսիայի հայ արվեստագետների, նրանց սերունդների մասին եւ թե ինչպես են այդ արվեստագետները իրենց սերունդներին փոխանցել իրենց արժեքները: Հիմնականում դիտարկվում են հետեւյալ ընտանիքները՝ Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլան, Ռոբեր Գեդիկյանն ու Արիան Ասքարիդը եւ նրանց դուստրը՝ Մադոն, Սերժ Ավեդիկյանը եւ նրա երկու որդիները՝ Տիգրանն ու Հովնաթանը, Սիմոն Աբգարյանն ու նրա կինը՝ Քեթրինը եւ նրանց որդին՝ Ջիվանը, Ատոմ Էգոյանը եւ Արսինե Խանջյանը՝ իրենց որդու՝ Արշիլի հետ եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը նշեց, որ իր համար ֆիլմը կարեւոր էր նրանով, որ Հայաստանի մասին այլ ձեւով խոսեին՝ արվեստագետների միջոցով ներկայացնեին հայկական մշակույթը. «Մենք ուզում էինք ցույց տալ ոչ թե Հայաստանի տխուր պատմությունը, այլ նրա արվեստագետների հզոր ուժը, եւ արժեքներն իրենց զավակներին փոխանցելու կերպը»:

Սերժ Ավեդիկյանը նշեց, որ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը շուրջ 15 տարի այս թեմայի վրա է աշխատում, նախ հանդիպել է իրենց՝ բոլորի հետ, որովհետեւ ցանկանում էր գիրք գրել այն մասին, թե ինչպես են իրենց արվեստի միջոցով կարողանում հայկական մշակույթը փոխանցել Սփյուռքում: Հետագայում նա հանդիպել է հայազգի արվեստագետների երեխաներին: «Ֆիլմում այս պրոցեսն է նորություն, թե ինչպես են ծնողների եւ երեխաների ասելիքները համընկնում եւ տարբերվում, եւ ինչպես են երեխաները մեր ասելիքը իրենցը դարձնում»,-ասում է Ավեդիկյանը:

Ֆիլմի հեղինակները չեն ցանկանում շատ «փակագծեր բացել», խորհուրդ են տալիս անպայման դիտել ֆիլմը: «Ֆիլմում շատ ինտիմ հարաբերությունների մասին է խոսքը, հուզիչ է ամեն ինչը՝ Անահիտը կարողացել է կամրջել մեր եւ երեխաների ասածները»,- ընդգծում է Սերժ Ավեդիկյանը: Իսկ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը շարունակում է պատմել, թե ինչպես են հայկական արմատները բացվում, եւ ամեն մեկն ինչպես է դրանց մասին խոսում ու ներկայացնում:

Թե ինչպես են զավակներին ու ծնողներին «ընդհանուր հայտարարի» բերել, Ավեդիկյանի ձեւակերպմամբ, մի քիչ գաղտնի հարց է: Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը եւս չի ցանկանում նախապես ֆիլմին վերաբերող ամեն բան բացահայտել, քանի որ պետք է տեղ թողնել հուզիչ պահերը վայելելու համար. «Ամենակարեւորը ընտանիքներում կամուրջներն են, երեխաների մտածելակերպը, որ քաղել են ծնողներից, եւ այն, թե ինչպես են խոսում իրենց ծնողների ու իրենց պատմության մասին»:

Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը նշում է, որ այդ ընտանիքները տարբեր մշակույթների կրողներ են, տարբեր քաղաքներում են ապրում, բայց նրանց միավորում է հայկական ինքնությունը:

Հարցրինք՝ իրենց կարծիքով նյութն ընկալելի կլինի՞ ոչ հայ հանդիսատեսի համար: Պատասխանը դրական էր՝ պատմությունը համամարդկային է, եւ նույն կերպ կընկալվեր, եթե պատմողները լինեին հրեա, հունգարացի կամ ճապոնացի:

«Բոլոը խոսում են ֆրանսերեն ու անգլերեն, սակայն բոլորս՝ Էգոյանը, Աբգարյանը, Ղարիբյանը, ես, այս երկրներում ապրելով՝ այս երկրների արտիստներն ենք: Այս երկրների հանդիսատեսը մեզ ճանաչում է իբրեւ ֆրանսիացի, կանադացի արտիստ, մենք նրբորեն ենք ներկայացնում այն, ինչ մեզ է պատկանում: Անահիտի ցանկությունն էր զգացնել, թե ինչպես է այն, ինչ մեզ համար եղել է ճամպրուկ, պայուսակ, բեռ, նրբորեն փոխանցվում մեր զավակներին… Այն, ինչ մեզ հետ քարշ ենք տվել, ինչպես են մեր երեխաները վերցրել ու դարձրել իրենցը…Ինչպես է այդ փոխանցումը կատարվել արվեստի միջոցով»,- ընդգծում է Ավեդիկյանը:

Նա հավելեց, որ ֆիլմի ապագան դեռ չեն ցանկանում բացահայտել, ասաց միայն, որ ARTE ալիքը ցանկություն ունի այն գնելու, TV5-ը նույնպես ցանկություն է հայտնել ցուցադրել: Ֆիլմը կմասնակցի նաեւ դոկումենտալ ֆիլմերի ֆրանսիական փառատոների: Սերժ Ավեդիկյանից տեղեկացանք, որ իրենց զավակները դեռ չեն դիտել ֆիլմը, եւ իրենց համար սկզբունքային է եղել, որ «Արտիստների ժամանակը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանա Հայաստանում, քանի որ ինքն ու Անահիտը ծնվել են Հայաստանում:

«Ֆիլմն ունի իր գեղագիտությունը, որը գալիս է ռեժիսորից, թե ինչպես են օգտագործում այն պատկերները, որոնք ինքը նկարել է Ֆրանսիայում, Կանադայում, Հայաստանում, եւ ինչպես է օգտագործել մեր գործերը»,-հավելում է նա ու շեշտում, որ ֆիլմը յուրատեսակ միջոց է հայազգի արվեստագետներին ներկայացնելու:

Մեր զրուցակիցները ինչ-ինչ դրվագներ չառանձնացրին ֆիլմի ստեղծման պրոցեսից, քանի որ, ըստ նրանց, ողջ պրոցեսն է հուզիչ ու տպավորիչ եղել:

«Ֆիլմում լիովին մենք էինք, սիրտներս բաց, հոգիներս բաց, մենք ինչ-որ դեր չենք խաղացել, տվել ենք այն, ինչ ունեինք»,- ասաց Սերժ Ավեդիկյանը: Նա ասաց նաեւ, որ ցանկություն ունեն ֆիլմը «Ոսկե ծիրանին» էլ ցուցադրել:

«Առավոտը» Սերժ Ավեդիկյանից հետաքրքրվեց՝ իր տպավորությամբ Հայաստանում արտադրված ֆիլմերին ի՞նչ է պակասում: «Ես դաս չունեմ տալու ոչ մեկին… Միայն շատ հույսեր եմ կապում, որ նոր սերունդը կստեղծի այնպիսի ֆիլմեր, որոնք մեզ կբավարարեն ու կապշեցնեն: Երեւի դեռ այդ ժամանակը չի եկել, բայց շուտով կգա»,- ասաց Ավեդիկյանը: Նա նաեւ ցանկություն հայտնեց, որ Սփյուռք ունեցող Հայաստանն ավելի բաց լինի աշխարհի առաջ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031