Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք նման ենք հիվանդի սենյակում հավաքված բժշկագիտության բարձր տեսությունների մասին զրուցող մարդկանց

Մարտ 14,2019 13:00

Մինչեւ կրթական ոլորտի հնարավոր գործնական քայլերին անդրադառնալը կարեւոր է որոշակիացնել, թե նախընթաց կրթական քաղաքականության մեջ ինչն է հանգեցրել եղած խնդիրների կուտակմանը: Կամ ինչն է պայմանավորել դրա պակաս արդյունավետությունը: Եվ այդ համատեքստում հստակեցնել կատարվող քայլերի մեթոդաբանությունը եւ տրամաբանությունը: Ապրիլից հետո կրթական քաղաքականության հիմնական օրակարգ սահմանվեց ոլորտի ապաքաղաքականացումը, իսկ ամիսներ անց այդ հարցի լուծումը ներկայացվեց որպես կրթության ոլորտի բարեփոխում: Անշուշտ, անվիճելի է կրթության ապաքաղաքականացման դերը, բայց ակնհայտ է, որ եղած կրթական քաղաքականությունը միայն այդ պատճառով չէ, որ հանգեցրել է խնդիրների: Կարիք կա ավելի լայն ախտորոշման, ավելի լայն օրակարգի: Ներկայացնեմ կրթական բարեփոխումների տրամաբանության մի քանի մեկնարկային կետեր, որոնք թույլ կտան փոխել կրթական քաղաքականության վեկտորը եւ զգալի մեծացնել այդ մեթոդաբանության շրջանակում կատարվող քայլերի արդյունավետությունը: Ուրախ կլինեմ, որ այս շարքը շարունակեն կրթության այլ շահառուներ եւս:

1.Կրթական համակարգի ուղղահայաց կառավարման մեխանիզմների փոխարինում հորիզոնական կառավարման մեխանիզմներով: Հոդվածի ձեւաչափում տեղավորվելու համար մեկ օրինակ. նախկինում եւ հիմա լսում ենք` «այս հանձնարարականը ստացել ենք վարչապետից», «այս նախագիծը եղել է հանձնարարական», «նախարարությունը որոշել է»: Ուսուցիչը, դասախոսը, աշակերտը, ուսանողը ընկալվում են կատարողներ: Կրթական բարեփոխումները կհաջողեն միայն հենց այդ կատարող մարդկանց նախաձեռնող եւ ստեղծող դարձնելու պարագայում: Կան Մանկխորհուրդներ, Հոգաբարձուների խորհուրդներ, Աշակերտական խորհուրդներ, Ուսխորհուրդներ: Դրանց միջոցով գաղափարներ ստանալը կամ վերեւից եկող գաղափարները մինչեւ իրագործվելը նրանց պրիզմայով անցկացնելն այսօրվա տեխնոլոգիաների պարագայում ընդամենը տեխնիկայի հարց է: Կրթության ապաքաղաքականացումը նաեւ մասնագիտական բովով հավաստագրված լուծումներն են:

2.Վստահությունը կրթական համակարգի մարդկային ռեսուրսի եւ այդ ռեսուրսի ինքնակատարելագործման հնարավորության նկատմամբ: Այն, ինչ կարող են անել վստահությունը եւ հավատը, չեն կարող մնացած ամեն ինչ: Ուղերձները եւ լուծումները մարդկային ռեսուրսի վստահության վրա հիմնվելուց բացի, այլընտրանք չունեն: Դասավանդողները եւ ուսումնառողներն ամեն քայլում պիտի տեսնեն իրենց նկատմամբ վստահությունը: Գործնական լուծումներում մեր դասավանդողները եւ ուսումնառողները չպիտի ստորադասվեն իրենց գնահատողներին, վերապատրաստողներին, դրսից հրավիրված ռեսուրսին: Կարեւոր է, որ միտումը լինի լավագույն փորձի արժեւորումը, փոխանակումը, ինքնազարգացումը: Օրինակ` ուսուցիչների վերապատրաստումը չկառուցվի եղած դասավանդողների նկատմամբ անվստահության եւ նրանց վերեւից «սովորեցնելու» սկզբունքի վրա, այլ «սեփական լուծումներ որոնելու» հմտության զարգացման վրա: Կամ՝ եթե հնարավոր է դասական երաժշտության կամ այլ նախագիծ իրագործել երաժշտական դպրոցների, հանրակրթական առարկաների ուսուցիչների միջոցով, ներքին ռեսուրսի միջոցով, կամա թե ակամա ավելի չվստահենք «էլիտար» մասնագետներին:

3.Համակարգը անընդմեջ ցնցումներից ապահովագրելու համար իրագործվող կարճաժամկետ լուծումները չխանգարեն եւ ներդաշնակեն երկարաժամկետ լուծումներին: Իսկ երկարաժամկետ լուծումների ուղղությամբ աշխատանքը չբացառի արդյունավետ կարճատեւ լուծումների ընդունումը եւ իրագործումը:

4.Կրթական համակարգի` քաղաքական համակարգի նկատմամբ ինքնաբավությունը ապահովելը: Քաղաքական կառավարող ուժի փոփոխության պարագայում կրթական քաղաքականությունը զերծ լինի ցնցումներից, ազդեցություններից: Որքան էլ որեւէ քաղաքական ուժ ստանձնի կրթության կառավարումը (իսկ իդեալական տարբերակում լավ կլինի` այն չունենա քաղաքական պատկանելություն ունեցող կառավարիչ), սա մասնագիտական ոլորտ է: Այս պահին խնդիրների մի մասը պայմանավորված է կրթական մասնագիտական ինստիտուտների լիարժեք չլինելուց: Բայց երկարաժամկետ պլանում դրանց կայացնելը չպիտի խոչընդոտի կրթության ինքնաբավությանը: Ընտրվեն այնպիսի լուծումներ, որոնց կյանքը կախված չէ քաղաքական համակարգից: Այս համատեքստում է նաեւ կրթության բովանդակությունը տարբեր գաղափարական հոսանքներից զերծ պահելը: Կրթության մասին օրենքը եւ դրանով կառավարումը պիտի ապահովի ազգային ինքնության եւ համամարդկային արժեքների վրա հիմնված վերժամանակյա կրթական բովանդակություն ունենալը եւ տարաբնույթ գաղափարական ներխուժումների չենթարկվելը: Երկարաժամկետ պլանում ցանկալի է, որ ոչ թե նախարարությունը, այլ օրինակ՝ Կրթության ազգային ինստիտուտը կամ այլ մասնագիտական կառույցներ կազմակերպեն բովանդակային կառավարումը:

5.Կրթական բարեփոխումները բխեն կոնկրետ կրթական իրականությունից, որում գտնվում ենք, միտված լինեն կոնկրետ այդ իրականությանը: Բարեփոխումների հիմնական թիրախը լինի բուն կրթական գործընթացը` այն 45 կամ 80 րոպեն, երբ տեղի է ունենում կրթական հաղորդակցումը: Մենք կարիք ունենք հասկանալու, թե ինչու են մեզանում գոյացել կրթական զուգահեռ իրականություններ: Վերջերս շատ է խոսվում բուհական կրթության եւ աշխատաշուկայի չհատվող իրականությունների մասին: Մի կողմից կրթական համակարգը դրսի համակարգերից է մեկուսացած, մյուս կողմից համակարգի ներսում գոյացել է բարձր տեսությունների, հետազոտությունների, հայեցակարգերի եւ դրանցից մեկուսի գոյություն ունեցող կրթական իրականություն: Ես հիշում եմ ոչ վաղ անցյալից ռուսերենի դասավանդման հայեցակարգի մշակումը, որը ներկայացվելիս հայտարարվեց, որ ինն ամիս է տեւել դրա ստեղծումը, բայց որը չէր առաջարկում գործուն մեխանիզմ: Կամ օրինակ՝ «Կրթություն 2030» փաստաթուղթը, որը դարձյալ տեւական ժամանակում էր ստեղծվել, բայց հիմնականում տեսական դրույթներից էր բաղկացած (իսկ, օրինակ, բուհական բարեփոխումների փաթեթում նկատելի էին կոնկրետ իրականությանը ուղղված կոնկրետ լուծումների մեխանիզմներ): Հետապրիլյան փուլում գոնե մինչեւ հիմա չի հաղթահարվում կամ տեսանելի չեն կրթության զուգահեռ իրականություններ չունենալուն միտված քայլերը: Մենք նման ենք հիվանդի սենյակում հավաքված բժշկագիտության բարձր տեսությունների մասին զրուցող մարդկանց: Ունենք կոնկրետ հիվանդ, որի խնամողին, բուժող բժշկին հանել ենք սենյակից դուրս ու զրուցում ենք հիվանդության հնարավոր զարգացումներից, նրան, օրինակ, Գերմանիա բուժման ուղարկելու ինքնաթիռի մոդելից… Հիվանդը սովորական ցավազրկողի կամ իրեն բուժող բժշկին է խնդրում, մենք շարունակում ենք քննարկել հետազոտական տվյալներ եւ հայեցակարգեր` մոռանալով, թե որտեղ ենք եւ ում համար ենք քննարկում: Դասապրոցեսում գրեթե ոչինչ չի փոխվում: Կարեւոր է, որ կրթական բարեփոխումների գործնական քայլերը նպատակ ունենան զուգահեռ իրականությունների այս անջրպետը վերացնելու եւ կոնկրետ կրթական գործընթացի վրա դրական ազդելու: Ինչպես փիլիսոփաներից մեկն է ասել` «տեսությունը շատ ուսումնասիրելիս հասնում ես պրակտիկային»: Վաղուց արդեն ժամանակն է: Փաստական տվյալների եւ փորձառության վրա հիմնված համոզմունք ունեմ, որ հիմնականում նշված մեթոդաբանական մեկնակետերը հաշվի առնելը եւ դրանց շրջանակում փնտրվող լուծումները զգալի արդյունավետ կլինեն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031