Մարտի 21-ը` Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է:
Այս առիթով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին «Արեւ-երեխաներ» երեխաների առողջության եւ զարգացման կենտրոն հ/կ-ի հետ համատեղ «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում մարտի 21-ին, ժամը 19-ին կիրականացնի բարեգործական միջոցառում:
Կկայանա «Ես կարող եմ» սոցիալական գովազդի պրեմիերան, որը նկարահանվել է «Արեւ-երեխաներ» հ/կ-ի նախաձեռնությամբ եւ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:
Առաջին անգամ կհնչի երեխաների համար գրված «Արեւի աշխարհ» երգը, կհայտարարվի Դաունի համախտանիշով մարդկանց եւ նրանց հարազատների համար նախատեսված http://downchildren.am վեբ կայքի բացման մասին:
Գեղեցիկ կատարումներով հանդես կգան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, խմբավար Կարինե Եզեկյանի գլխավորությամբ եւ «Մխիթարյան քույրեր եւ ընկերներ» էթնո երաժշտախումբը:
Համերգի հասույթը կտրամադրվի օրեր առաջ իր մայրիկին կորցրած Հատուկ օլիմպիադայի աշխարհի խաղերի լողի երկակի չեմպիոն, դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գեւորգյանին: Տոմսերը կարելի է վերցնել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ՝ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանից: Տոմսի արժեքը 2000 դրամ է:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ,
13.03.2019