Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր էր, թե ինչքան կարծրատիպային է մեր պատկերացումը մեր մեծ բանաստեղծի մասին»

Մարտ 13,2019 23:20

Մարտի 13-ին լրանում է անվանի գրող Եղիշե Չարենցի ծննդյան 122 ամյակը։ Այդ առիթով կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» ֆիլմի ցուցադրությունը։ Ներկաները ֆիլմը դիտում էին առաջին անգամ, քանի որ, չնայած այն թվայնացված է, համացանցում չկա․ կինեմատոգրաֆիստների միությունը այն վերցրել է ազգային արխիվից։ Քսան րոպե տևողությամբ ֆիլմը գրվել է Հակոբ Սալախյանի սցենարի հիման վրա, ներկայացնում է 1950-ական թվականների դեպքերը և Չարենցին՝ որպես իրադարձությունների թոհուբուհում հայտնված երիտասարդի։ Ֆիլմի դիտումից հետո Բուխարու սրահում տեղի ունեցավ քննարկում ներկաների և  գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ:

«Ինձ համար կարևոր էր թե ինչքան կարծրատիպային  է մեր պատկերացումը մեր մեծ բանաստեղծի մասին»,- քննարկման սկզբում նշեց գրողը ։ Նա, խոսելով Չարենցի «կոմպրոմիսային» լինելու մասին, հիշեց, որ  երբ  Չարենցը Մյասնիկյանին ասում  էր, որ հպարտ է  որ կոմունիստ է, միաժամանակ նամակներում գրում էր , որ սարսափելի վիճակում է գտնվում հայկական համայնքը և դա ՝ ցեղասպանությունից հետո ։

Վահրամ Մարտիրոսյանը ներկաների հետ վերլուծեց Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը՝ համարելով դա գրողի վիրտուալ ինքնասպանությունը․ «Խոստացավ որ հեռվից կրակը կբերի և չբերեց»,- ասաց Մարտիրոսյանը։

Քննարկմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Մասնագիտությամբ բանասեր պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում ֆիլմի վերաբերյալ հնչած կարծիքների մասին, հաշվի առնելով այն, որ հանդիպման սկբում ներկաները կեսկատակ-կեսլուրջ ասում էին, որ լավ է, որ ֆիլմն արխիվից դուրս չի եկել։ Տիկին Ղազարյանը նշեց, որ ինքն էլ է մի քանի անգամ լսել նման տեսակետ, բայց ընդհանրապես համակարծիք չէ դրան․ «Ես այս պահին իմ ատենախոսության շրջաններում ուսումնասիրում եմ նաև, թե Չարենցը տարբեր ժամանակներում ինչպես է մեկնաբանվել։ Երբ նայում եմ Չարենցի հիսունականների վերակենդանացումը,  դա շատ հետաքրքիր փուլ է, քանի  որ  1954-ին առաջին անգամ նույնիսկ որոշ տեքստեր են սկսում ի հայտ գալ, որոնք ընդհանրապես տպագրված չեն եղել»։

Տիկին Ղազարյանը նշեց, որ ֆանտաստիկ էր իր համար թե ինչպես են փորձում  վերակենդանացնել Չարենցին ֆիլմում․ «Այս ժամանակաշրջանում Չարենցին վերակենդանացնելու ուրիշ տարբերակ, քան իրեն ներկայացնել որպես պալատական երգիչ՝ գործնականում հնարավոր չէր, այսինքն, եթե ուզում ես, որ Չարենցին ունենա ընթերցողը, և տեքստերը գոյություն ունենալու հնարավորություն ունենան, նրանք միշտ էսպես պիտի մեկնաբանվեին, գոնե այդ շրջանում այլընտրանք չկար»։

Չփորձելով քաղաքականացնել, բայց հաշվի առնելով գրողի քաղաքական հայացքները և քաղաքականությունում ներգրավվելը՝ տիկին Ղազարյանին հարցրինք, թե ինչ կարծիք  ունի Չարենց-քաղաքականություն կապի մասին։ Տիկին Ղազարյանն ասաց, որ մի անգամ նշել է, որ օրինակ «Երկիր Նաիրի»-ն  քաղաքական վեպ է․ ուրիշ անվանում տալ չի կարող․ «Քաղաքանությունը ոչ միայն կոնկրետ պահի լոկալ տեղում կուսակցությունների բախումն է, քաղաքականությունն այն է, ինչի մեջ մենք հարատև ենք , և քաղաքականությունից կտրված մարդը համենայն դեպս որպես գրող Չարենց չէր լինի»։

Պատգամավորը նշում է, որ դրա պատճառն այն է , որ Չարենցի բոլոր տեքստերը իր բոլոր նյարդերով կապված են պետության, պետականության, հասարակության , համամարդկային արժեքների կամ այդ արժեքների ժխտման հետ։ «Չարենցը շատ քիչ ներփակված տեքստեր ունի, իր  տեքստերը հիմնականում բացված են դուրս, և  ես կարծում եմ, որ դրանք  քաղաքական են, որովհետև իր խոսակցությունն այդ պահին տեղին ունեցող կամ այդ պահը ստեղծած մնացած գործոնների հետ տեղի ունեցողի հետ է ընթանում»,-հավելեց Թագուհի Ղազարյանը։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031