Լրահոս
Օրվա լրահոսը

Ավրորայի շքանշան՝ Հայոց Ցեղասպանության, որբանոցների, ամերիկահայ մեծահարուստների մասին ահռելի աշխատանք կատարած Մխիթարյաններին

Մարտ 13,2019 19:11

Այսօր Շիրակի պետական համալսարանում ներկայացվեց Մխիթարյան Միաբան Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանյանի եւ ավտրալահայ Արա Քեթիպյանի համահեղինակությամբ լուս տեսած երկհատոր գիրքը, որտեղ համախմբել են 1890-1922 թվականներին ամերիկյան մամուլի, հատկապես «Նյու Յորք Թայմս»-ի՝ Հայոց Ցեղասպանության մասին հրատարակված հոդվածները։

Շիրակի պետական համալսարանի պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը նշեց, որ հեղինակների աշխատասիրության շնորհիվ հայ և օտար ընթերցողների սեղանին դրվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված անգլերեն երկհատոր ժողովածուն, որը պարունակում է 2666 հոդված։

«Անկասկած, Հայոց Ցեղասպանությանը նվիրված այս հրատարակչությունը լավագույն պատասխանն է թուրք ցեղասպան զեղծարարների, որոնք ոչ միայն պետական մակարդակով ժխտում են պատմական փաստերը, այլ մեղադրում իրենց զոհին, այն դեպքում, երբ մի ամբողջ ազգի բնաջնջումը կազմակերպվել է թուրքական պետության կողմից։ Նշեմ, որ ապագայում հրատարակվելու են նաև այլ հեղինակավոր թերթերի՝ «Լոս Անջելես Թայմսի», «Վաշինգտոնի պոստի» և այլնի էջերում հայերի մասին հրապարակված նյութերի ժողովածուները»,-ասաց Հովհաննես Խորիկյանը։

Ավտրալահայ Արա Քեթիպյանն ասաց, որ այն ունի ութ հատոր, 3-րդ հատորն արդեն տպված է, 4-րդ և 5-րդ հատորները մինչև ապրիլ պատրաստ կլինեն։ Նա ասաց, որ ներկայացված են 1890-1922 թվականների՝ 33 տարիների փաստաթղթերը ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլ  հայկական հարցի, Օսմանյան կայսրության փլուզման, եվրոպական և ամերիկյան քաղաքական վայրիվերումների մասին։

«Այս տաս հատորներում առանց կարծիք հայտնելու հանրությանը կներկայացնենք, որպեսզի ուսումնասիրող պատմաբաններն ու ցեղասպանությամբ զբաղվողներն իրենց կարծիքը կազմեն, թե ամերիկյան թերթերն ինչպես են արտահայտվել այս շրջանի և տպագրային այս դեպքերի մասին։ Միայն Ցեղասպանության մասին չէ ներառված, այլ ընտրել ենք շատ լայն կարգի հոդվածներ, նամակներ ուղղված խմբագրությանը, թուրք դեսպանների և հյուպատոսների կողմից գրված նամակներն և պատասխանները, որոնք գրվել են գաղութին պատկանող անձանց կողմից»,-ասաց Արա Քեթիպյանը։

Մխիթարյան Միաբան Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանյանն էլ ասաց, որ 1890-1922 թվականների հրապարակումներն ընտրել են այն պատճառով, որ ամերիկյան մամուլում հայոց հարցի նկատմամբ որոշ հետաքրքրություն սկսվել է հենց այդ տարիներին։

«Հոդվածների մեծ մասը սկսվում են 1894-1896 թվականներին, որոնք ասենք Սուլթան Աբդուլ Համիդի ջարդերի մասին են։ Հաջորդը Ադանայի ջարդերն են, որոնց մանրամասնորեն անդրադարձած են»։

Նա ասաց, որ անգամ լուսանկարներն են գտել որբերի, որբանոցների, դպրոցների, ամերիկյան այն լրագրողների նյութերը, որոնք այցել են Կիլիկիա, հարցազրույցներ են արել տարբեր մարդկանց հետ։ Ըստ հեղինակի, մանրամասնորեն ներկայացված են նաև Սասունի ջարդերը։

«Մենք մեծ աշխատանք են կատարել այս հատորի մեջ․ լրագրողներն, ամերիկացի լինելով, շատ կարևորություն չեն տվել անունների ճշգրտությանը, շատ անգամ  ներկած, փչած են, ուղղակի անուններ, որոնք ընդհանրապես կապ չունեն իսկական անունների հետ։ Հետևաբար և մեր պարտականությունն էր գնալ, պրպտել մանրամասնորեն, քարտեզներ ուսումնասիրել, անուններ, մասնագետների ցուցակներ, որպեսզի ճշգրտենք, թե ում մասին է խոսքը։ Այստեղ դուք կտեսնեք տեքստը սխալ գրությամբ և փակագծերի մեջ մանրամասն ճշտումները ոչ միայն տեղանունների, այլ անձնանունների, նույնիսկ ամերիկյան անունների, որոնք սխալ նշված են»,- ասաց Մխիթարյան Միաբան Հայր Վահանը։

Նա նշեց, որ հավաքել են հարյուրավոր լուսանկարներ այդ ժամանակաշրջանի դեմքերի ու դեպքերի։ «Նյու Յորք Թայմսը», ըստ բանախոսի, այնքան էլ կարևորություն չի տվել լուսանկարներին։ Ընդ որում, խոսքը միայն հայ մեծամեծների, այլ ամերիկյան քաղաքական գործիչների ու միսիոներների լուսանկարների մասին է։

«Զետեղած ենք տասնյակ-տասնյակ քարտեզներ՝ տարբեր ժամանակաշրջանների, թե Հայաստանի սահմանները ինչպես են նկարագրված, քաղաքների դիրքերը և այլն։ Շատ կարևոր է պատմականորեն։ Այսօր կողքին կան կարևոր ցուցակներ՝ սկսած 1800-ական թվականներից, մանրամասն ցուցակներ բարերարների, մասնավորապես ամերիկացի բարերարների, որոնք օգնել են հայ ժողովրդին տարբեր ժամանակաշրջաններում։ Խոսվում է նաև Գյումրիի որբանոցի 150 հազար որբերի մասին։ Մանրամասնորեն ներկայացված են բոլոր գումարները, որոնք հատկացվել են հայ ժողովրդին, նույնիսկ մեկ դոլար տվողի անունը հրատարակել ենք»,-ասաց Մխիթարյան Միաբան Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանյանը։

Նա նաև ասաց, որ երկհատորյակի մեջ նշված են տարբեր քաղաքներում բնակվող հայ մեծահարուստների անուններ, օրինակ՝ Թավշաջյանի, որը կուսակցական հաշվեհարդարների զոհ է դարձել։

«Հնչակյան կուսակցության որոշ գործիչներ գումար էին պահանջում, եթե չտային փողը, կսպանեին, այդպես եղած է Բոստոնի մեջ Կողիկյան ազգանունով մեծահարուստի հետ, որը նաև աջակցել է գաղութին։ Սպանությունների, մարդկանց մահվան առիթով հսկայական հոդվածաշարեր կան ամերիկյան մամուլում, սա ամերիկյան մամուլի հետաքրքրական էջերից մեկն է»,- ասաց Մխիթարյան Միաբան հայր Վահանը։

Թե ինչպես են հեղինակները, Հայ Վահանն ասաց, որ Արա Քեթիպյանը եղել է Մխիթարյան Միաբանության աշակերտ․ Սուրբ Ղազար կղզում է սովորել, 12 տարի շարունակ աշխատել են այս ծրագրի վրա։

«Ավստրալիայի մեջ հանդիպած էի երիտասարդ տղայի՝ Վիգեն Բաբկենյան անունով, որն ինձ իր տունը կանչեց, հյուրասիրեց, ասաց Հայ Սուրբ, գիտեք ես ընդհանրապես կապ չունեի հայ մշակույթի հետ, ես պարտական եմ հայ Մխիթարյաններին, ասացի ինչու, ինչ պատահեց, ասաց մեր ընտանիքը Վենետիկից ստանում է «Հայ ընտանիքը» ամսաթերթը ու այնտեղ մատուցվող նյութերի շնորհիվ սկսեցի մոտենալ հայ մշակույթին։ Այդ տղայի մոտ գտա հետաքրքրական գրքեր այս շրջանի հայկական հարցի վերաբերյալ, միաժամանակ ինձ ցույց տվեց հոդվածների հավաքածու հայկական հարցի շուրջ։ Ես սկսեցի կամաց-կամաց կարդալ, ամերիկյան, անգլիական թերթերի մեջ տարբեր հետաքրքրող հոդվածներ։  Մենք շնորհակալ ենք Վիգեն Բաբկենյանին, ինքը կարևոր հրատարակություններ է արել անգլերեն լեզվով, ինքը անգլախոս է, բայց հայերեն գիտի»,-ասաց Հայր Վահանը։

Բանախոսն ասաց, որ Հայոց Ցեղասպանության թանգարանում իրենց պարգևատրելու են «Ավրորայի» շքանշանով, խոսք է գնում նաև գիրքը նախագահական մրցանակի արժանացնելու մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031