2018 թվականին Երեւանը դարձավ 2800 տարեկան: Երեւանում շրջելիս հազվադեպ նմուշների կհանդիպեք, որոնք կպատմեն Երեւանի՝ Հռոմից էլ հին լինելու մասին: Հատկապես՝ կենտրոնում «Հին Երեւան»-ը չես գտնի: Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից առաջ քաղաքային իշխանությունները նախատեսում էին Արամի փողոցում իրականացնել «Հին Երեւան» նախագիծը: Երեւանի նոր իշխանությունները խոստանում են նախկինների գործն առաջ տանել: Այս առիթով օտարերկրացիները, նույնիսկ, կատակում են՝ «հինը քանդում եք, որ հին Երեւան սարքեք»:
Բայց Երեւանը միայն հնությամբ չպետք է զբոսաշրջիկներին մատուցել: Դուբայն էլ հին չէ, բայց տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների է ընդունում:
Արի՜ Երեւան, քանի որ աշխարհի երկրների ու քաղաքների վերաբերյալ տվյալների վրա մասնագիտացած «Numbeo» պորտալի տվյալներով՝ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը: Այստեղ երեխաները խաղում են բակերում եւ նրանց ծնողները չեն անհանգստանում, որ նրանց հետ վատ բան կպատահի:
Երեւանում կարող ես շրջել մինչեւ ուշ գիշեր, եւ որեւէ մեկը քեզ չի նեղացնի: Ինչպես մի առիթով ասաց Հայաստանում հանգիստն անցկացրած մի կին զբոսաշրջիկ՝ Երեւանի փողոցներում, եթե ինչ-որ մեկը քեզ ինչ-որ բան է ասում, ապա դա «կոմպլիմենտն» է:
Ժամանելով Հայաստան` առաջին տպավորությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կստանաք: Այն, միջազգային այլ օդանավակայանի համեմատությամբ, թեեւ բավականին փոքր է, բայց հաճելիորեն զարմացնում է ժամանակակից դիզայնով:
Օդերեւութաբաններն ասում են, որ Հայաստանի մայրաքաղաքն ունի տարվա մեջ միջինը 300 արեւոտ օր, այսինքն՝ այդ օրերից մի քանիսն, անպայման ձեզ բաժին կընկնեն: Երեւանում դուք երբեք ծարավից չեք «մեռնի», քանի որ փողոցներում շատ են ցայտաղբյուրները: Ջուրը մեր երկրում այնքան մաքուր է, որ այն կարող ես խմել ծորակից:
Ճիշտ է, ինչպես Դուբայում է, Երեւանի ափերը ողողող ծով չունենք, բայց փոխարենը զբոսաշրջիկիներին առաջարկում ենք հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների հիասքանչ հավաքածուն՝ ծովն իր բոլոր դրսեւորումներով: Ծովանկարչի հավաքածուն Ազգային պատկերասրահում է:
«Մաքդոնալդս» Երեւանում չես գտնի, բայց համեղ ուտելու օբյեկտներ՝ որքան ուզես: Հայկական, արեւելյան, չինական, ճապոնական, հնդկական, վրացական խոհանոցները լայն ճաշացանկ են առաջարկում:
Վերջին տարիներին ակումբների մշակույթն էլ է Երեւանում զարգացել: Դասական ակումբներից բացի՝ այստեղ գործում են ջազ, ռոք կարաոկե ակումբներ:
Շուտով սրճարաններում, ռեստորաններում եւ, ընդհանրապես, հասարակական վայրերում ծխելը կարգելվի: Իշխանություններն ամեն կերպ փորձում են պայքարել այդ վնասակար սովորության դեմ, եւ Հայաստանի կառավարությունը ծխելու վերաբերյալ սահմանափակումների մասին օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել:
Տեղեկատվական տեխնոլոգիաներով՝ ՏՏ ոլորտով հետաքրքրված զբոսաշրջիկներն էլ Երեւանում կարող են նորարարությունների ծանոթանալ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,
12-18 տարեկան հազարավոր պատանիներ մասնագիտանում են թվային մեդիաների ոլորտում: «Թումո»-ի հիմնական ոլորտներն են անիմացիան, կայքերի մշակումը, խաղերի ու ֆիլմերի ստեղծումը:
«Թումոյում» հյուրընկալվել են հայտնի ռեփ-երգիչ Քանիե Վեսթը, հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը, Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ Ռոբեր Գեդիգյանը, լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրը, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին եւ այլ հանրահայտ դեմքեր:
Երեւանում , օրինակ՝ 2016 թ.-ին վերաբացվել է «Տիեզերքի» թանգարանը, որտեղ կարելի է դիպչել տիեզերքից վայրէջք կատարած սարքերին: Թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ, որոնք ստեղծվել են հայ մասնագետների կողմից: Այստեղ կարող եք տեսնել տիեզերական հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր:
«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում էլ ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ՝ էլեկտրականություն, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի եւ այլ բնագավառներից:
Արի՜ Երեւան, որովհետեւ մեր քաղաքում տեղաշարժվելը հեշտ է:
Ընդհանրապես Երեւանի հատակագիծն այնպես է կազմված, որ քաղաքի գրեթե բոլոր գլխավոր փողոցները, տանում են դեպի կենտրոնական հրապարակ եւ մեծ ցանկության դեպքում էլ Երեւանում հնարավոր չէ կորչել: Այստեղ մարդիկ բարեհամբույր են, օգնության ձեռք մեկնող: Տեղացիները լավ հասկանում են ռուսերեն, անգլերեն:
Արի՜ Երեւան, որովհետեւ մեր քաղաքում բնակչության 98 % -ը հայեր են: Ամեն մի զբոսաշրջիկ իր հետ գույն է բերում մեր քաղաքին եւ դրանից Երեւանն ավելի գունեղ է դառնում:
Անցյալ տարի քաղաքի զբոսայգիներին միացան եւս երկուսը՝ Ազգային ժողովի եւ նախագահական պալատի այգիները: Հանրային այս երկու այգիների դարպասները բացվեցին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ