Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։
Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետեւ քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։
Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, եւ այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայնքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։
Ուզում եմ մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր ընթանում է օրինականության եւ նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։
Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մեր քաղաքի բնակիչների ցանկությունից։
Հ.Գ. ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետեւանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։ Միեւնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում։
Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ