Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել». Հայկ Ալումյան

Մարտ 13,2019 17:08

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,-Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդության քննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Հայկ Ալումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց դատական նիստից. «Քննիչը ներկայացնում էր իր միջնորդությունը, որից հետո դատախազներն իրենց դիրքորոշումն էին արտահայտում: Բնականաբար, դատախազը միացել է քննիչի միջնորդությանը: Մի քանի ոչ պարզ դրվագներ կային` կապված միջնորդության հետ, որի վերաբերյալ փորձեց ինքը պարզաբանում ստանալ: Տեխնիկական խնդիրներ կան. միջնորդությունը տասն էջից ավելի է, ուղղակի տեխնիկական բնույթի որոշ քննարկումներ ունեցանք` կապված այդ միջնորդության հետ: Մեր դատավարական հակառակորդները պնդում էին, որ երկու ամիս ժամկետով երկարաձգվի կալանավորումը՝ հիմնավորելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինի, կարող է խուսափել քննությունից կամ խոչընդոտել: Այսօր հետաձգվեց քննությունը, որ վաղն ամբողջական ձևով մեր փաստարկները ներկայացնենք»:

Հայկ Ալումյանը տեղեկացրեց՝ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի գտել մասնակցել նիստին:

Դառնալով իրենց կողմից վճռաբեկ դատարան ներկայացված բողոքին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դեռ նորություն չկա ու շեշտեց. «Դատարանը կողմնակալություն է անում: Այն ժամանակ, երբ դատախազներն էին բողոքարկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված, վճռաբեկ դատարանը շտապեց նրանց բողոքը վարույթ ընդունել ու քննել, իսկ մեր բողոքից, շուտով կլինի երկու ամիս քսան օր, որևէ լուր չունենք»:

Հարցին՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում միայն Արշակ Կարապետյանի ցուցմո՞ւնքն է, թե՞ այլ բարձրաստիճան անձանց ցուցմունքներ էլ կան, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չէին, որոնց հիման վրա կառուցեին մեղադրանքը։ Ուզում ենք հասկանալ՝ ի՞նչի հիման վրա է լինելու մեղադրանքը։ Մեզ համար հասկանալի է դառնում, որ նախատեսված է եղել ուժային ձևով լուծել խնդիրը, գործն ուղարկել դատարան ու այնքան ճնշել, մինչև դատարանը մեղավոր ճանաչի Քոչարյանին»:

Հիշեցմանը՝ մամուլում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, Հայկ Ալումյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ, և այդ ցուցմունքը ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել Քոչարյանի դեմ: Էլի ես պիտի կրկնեմ, որ հավանաբար այսօրվա՝ մեր վարույթ իրականացնող մարմինն ու դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհրաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ և այս գործը կանցկացնեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞լ է, քանի որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Հայկ Ալումյանին տեսել են ՀՀԿ գրասենյակից դուրս գալուց, պաշտպանը պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունենամ: Երբեմն գնում եմ այն անձանց մոտ, ում պաշտպանությամբ եմ զբաղվում: ՀՀԿ-ում կա մարդ, ում հետ ես իր գործը քննարկել եմ, բայց դա Սերժ Սարգսյանը չէ»:

Հայկ Ալումյանը տեղեկացրեց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդության հետ կապված դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 10.00-ին: Դեռ հայտնի չէ՝ Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի, թե ոչ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031