Այս պահին Օպերայի հարող տարածքում իրավիճակը լարված է: Երեւանի քաղաքապետարանն այսօր փորձում է ապամոնտաժել այն սրճարանները, որոնք քաղաքի սեփականություն հանդիսացող հողի վրա են եւ վարձակալությամբ են աշխատում:
Սրճարանատերերն ու աշխատակիցները վրդովված են. նրանք թույլ չեն տալիս ապամոնտաժման աշխատանքներ կատարել, խոչընդոտում են այդ աշխատանքներին եւ վանկարկում՝ «Ամո՛թ, քաղաքապետ»:
Այս պահին ժամանակավոր դադարեցվել են ապամոնտաժման աշխատանքները. Տնտեսավարողներն այսօր պետք է հանդիպեն Երեւանի քաղաքապետի հետ, քննարկեն խնդիրը:
Այս տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր՝ «Քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերը տարիներ շարունակ վարձակալած տնտեսվարողները ծանուցվել են՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Պայմանագրերի համաձայն՝ քաղաքապետարանն իրավունք ունի ցանկացած պահի վարձակալությամբ տրամադրված տարածքն ազատելու պահանջ ներկայացնել՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ