Լրահոս
Օրվա լրահոսը

Երկկողմ իներտությունն ու շուկաների առանձնահատկությունն է եղել պատճառը, որ հայ-բուլղարական հարաբերությունները չեն զարգացել

Մարտ 13,2019 15:45

Հայ-բուլղարական տնտեսական կապերի համար ոչ մի խոչընդոտ չկա: Այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Պարոն Ղազարյանից հետաքրքրվել էինք ՝ինչո՞ւ 9 տարի մեր երկրում հայ-բուլղարական համագործակցության գործարար համաժողովներ կառավարական մակարդակով չեն արվել, ի՞նչ խոչընդոտներ կան Բուլղարիայի հետ տնտեսական կապեր հաստատելու ճանապարհին:

Արսեն Ղազարյանն այսօր մասնակցում էր հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Նրա խոսքով, խոչընդոտներ չկան, քանի որ գոյություն ունի շատ լավ միջպետական իրավական բազա, բացի այդ, Բուլղարիան սեւծովյան այն երկրներից է, որ Բուրգաս եւ Վառնա նավահանգիստներից ուղղակի կապվում են Բաթումի եւ Փոթիի հետ եւ տարանցիկության խնդիր չկա, շատ մատչելի գներով բեռները կարող են գնալ-գալ:

Ըստ պարոն Ղազարյանի, խնդիրը միայն երկու կողմի իներտության ու շուկաների առանձնահատկության մեջ է. «Մինչեւ 90-ականների վերջը բուլղարական ապրանքների ներկրումը շատ մեծ էր Հայաստանում, որը հետագայում փոխվեց այլ երկրների՝ եվրոպական երկրների ապրանքներով: Բուլղարական տնտեսությունը որոշակի ճգնաժամի մեջ մտավ: Վերջին 5-6 տարին է, որ Բուլղարիան Եվրամիության նաեւ աջակցությամբ իր տնտեսական զարգացման տեմպերը կայունացրել է»:

Արսեն Ղազարյանի համոզմամբ այդ կապերն ամրապնդելու համար պետք է Հայաստանն ավելի շատ ցույց տա իր ներուժը, ներդրումային դաշտը, բիզնես-ծրագրերը, ներդրումային ծրագրերի գրավչությունը, տարածաշրջանում Հայաստանի առանձնահատկությունը, այն է, որ մեր երկրի միջոցով կարող են ավելի մեծ շուկաների հետ աշխատել եւ այլն:

Ըստ տնտեսական ոլորտի ներկայացուցիչների, Հայաստանից Բուլղարիա ենք արտահանել քիմիական նյութեր, մետաղներ եւ հումք:

Բուլղարիայի տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռոսեն Ժելյազկովի խոսքով, բուլղարական ներդրումների համար երաշխիք կարող է լինել Հայաստանում գոյություն ունեցող ներդրումային բարենպաստ եղանակը, իսկ Բուլղարիայում էլ՝ բարեհաջող ներդրումային միջավայրը՝ ինչպես Եվրամիության երկրներում է: Ռոսեն Ժելյազկովի խոսքով, բացի այդ երաշխիքներից հայկական ներդրումների համար երաշխավոր է նաեւ Բուլղարիայում ապրող հայկական մեծ համայնքը, որի ներկայացուցիչները բիզնեսի, կրթության, գիտության ոլորտներում մեծ հաջողությունների են հասել:

Միջկառավարական նիստում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցել առեւտրային եւ տնտեսական ոլորտներում, կրթության,գիտության,առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031