Լրահոս
Օրվա լրահոսը

Տերտերյանի երկու սիմֆոնիաների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Մարտ 13,2019 15:12

Մարտի 12-ին եզրափակվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի փակման գալա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Տերտերյանի 2 մեծակտավ ստեղծագործությունները՝ թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։

Իր սիմֆոնիաներում Տերտերյանը հաճախ է օգտագործել ազգային նվագարաններ։ Թիվ 7 սիմֆոնիայում նույնպես կարող ենք ականատես լինել դասական և ազգային նվագարանների յուրօրինակ համադրության։ Այստեղ հնչում է դափը՝ հետաքրքիր երանգներ հաղորդելով ստեղծագործությանը։ 7-րդ սիմֆոնիան գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, մենակատար դափի և մագնիտոֆոնային ձայնագրության համար։

8-րդ սիմֆոնիան նախորդի շարունակությունն է, միաժամանակ ամբողջացնում է Տերտերյանի բոլոր նախորդ սիմֆոնիաներն ու նրա ամբողջ արվեստը։ 8-րդ սիմֆոնիան մեկմասանի է՝ հետաքրքիր գործիքային կազմով՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար և մագնիտոֆոնային հնչողությամբ, որտեղ հնչում են սոպրանոյի և մեցցո սոպրանոյի ձայներ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Տերտերյանի արվեստը բնորոշեց ինքնատիպ, հզոր ու նորարարական։ Նա նաև նշեց, որ շատ ուրախ են հանդիսատեսին ներկայացնել այս յուրահատուկ ու բարդագույն ստեղծագործությունները, որոնք այնքան էլ հաճախ չեն կատարվում։ Մաեստրո Սմբատյանը նշեց, որ նվագախումբը մեծ պատասխանատվությամբ է իրականացնում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների արվեստը հանրայնացնելն է, ինչպես նաև դրանք ձայնագրելու, թվայնացնելու միջոցով պահպանելն ու սերունդներին փոխանցելը։ Լրագրողների այն հարցին, թե որ հեղինակին է նվիրվելու Հայ կոմպոզիտորական արվեստի հաջորդ փառատոնը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այդ հարցն առաջիկայում կքննարկի և կորոշի գեղարվեստական խորհուրդը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգներին մասնակցել են նաև Դաս A ծրագրի մասնակիցները՝ Երևանի ավագ դպրոցների աշակերտներ, որոնց հետ նախապես հանդիպել և դասական երաժշտությանն առնչվող դասընթացներ են վարել Սերգեյ Սմբատյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031