Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը

Մարտ 13,2019 15:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ակտիվ մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի արդիականացման, Ընտրական օրենսգրքի բարելավման ուղղություններով իրականացվող բարեփոխումներին:

Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են ՀՀ քաղաքացիների կամքը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ՀՀ կառավարության հավակնոտ ու համընդգրկուն բարեփոխումների օրակարգի իրականացումը նոր թափ կհաղորդի երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները կարևորել են նշված բոլոր ուղղություններով փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնակի կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը և նշել, որ անձնապես նախ որպես լրագրող, ապա քաղաքական գործիչ ու քաղբանտարկյալ երկար տարիներ ունեցել է արդյունավետ գործակցություն ԵԽԽՎ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում համազեկուցողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031