«Մենք ոչ միայն հարեւան, այլեւ բարեկամ երկրներ ենք: Ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռական են կայունությունը, խաղաղությունը: Դրանք պարտադիր նախապայման են՝ մեր երկրների տնտեսության զարգացման համար: Այն պետք է խորացնել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Կրկին շեշտելով տարածաշրջանային կայունության կարեւորությունը՝ նա մատնանշեց, որ մարտահրավերներ են առկա. «Պետք է գիտենալ, որ միակ ճանապարհը խաղաղությունն է, որը հիմնված պետք է լինի միջազգային իրավունքի նորմերի վրա: Հակամարտությունը դանդաղեցնում է մեր առաջընթացն ու զարգացումը»:
Սալոմե Զուրաբիշվիլին շեշտեց, որ հակամարտությունը (նկատի ունի՝ Արցախյան) պետք է լուծվի բանակցությունների եւ երկխոսության հիման վրա. «Վրաստանի համար կարեւոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք»: Վրաստանի նախագահի խոսքով՝ իրենց համար կարեւոր է նաեւ, որպեսզի Վրաստանի հայ եւ ադրբեջանցի քաղաքացիները խաղաղ ապրեն Վրաստանում եւ ներգրավված լինեն տնտեսությունում, մշակույթում:
«Որպես նախագահ՝ ունեմ պարտավորություն անելու ավելին՝ մեր հայ քաղաքացիների համար, որպեսզի վրացերենը նրանց համար դառնա ավելի մատչելի, որպեսզի նրանց համար լինեն ավելի մեծ հնարավորություններ՝ մեր երկրի զարգացմանը ներգրավվելու համար»,-ընդգծեց Վրաստանի նախագահը:
Հայ-վրացական հարաբերությունների ապագայի առնչությամբ էլ Վրաստանի նախագահը համոզմունք հայտնեց. «Մեծ ապագա ունենք եւ լավատես ենք: Մտադիր ենք շատ հարցերի շուրջ մեր զրույցները շարունակել: Մշակույթի ոլորտում, օրինակ, գործակցության մակարդակն ինձ չի գոհացնում: Ակտիվ լինենք եւ շարունակենք գործակցությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ