«ԵԱՀԿ-ի մեր նախագահությունն իսկապես մարդակենտրոն է»,- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:
Նա վստահեցրեց՝ ցանկանում են այնպիսի նախագահություն ապահովել, որը կարող է օգտակար լինել առաջին հերթին մարդուն և տեղեկացրեց՝ հենց այդ նպատակով Երևան է այցելել իրենց նախագահության գործընթացի ավելի վաղ փուլում՝ հասկանալու համար՝ ինչ կարելի է միասին անել. «Ողջունել եմ այն փաստը, որ բռնությունները նվազել են սահմանին և վստահ եմ, որ այս ամենը նպաստում է հակամարտության լուծման գործընթացի իրականացմանը՝ խաղաղ կարգավորման նպատակով: Մարտահրավերներն, իսկապես, բազմաթիվ են, բայց կարծում եմ՝ մենք բոլոր հենքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու այդ գործընթացին՝ մասնավորապես հաշվի առնելով այն, թե ինչ ենք տեսել վերջին ամիսներին»:
Միրոսլավ Լայչակը կարևորեց ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղությանը, նրանց ներգրավել վստահության ամրապնդման գործընթացներում և ռիսկի նվազեցման միջոցառումներում. «Մենք մեծապես թերագնահատել ենք հանդիպումները, որ տեղի են ունեցել նախագահի, վարչապետի և փոխնախարարների ու նախարարների միջև՝ մասնավորապես հաշվի առնելով հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների քանակի նվազեցումը և, բնականաբար, համապատասխան քանակով մարդկանց կյանքերը: Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը կարգավորված չէ, բայց փուլային, քայլային մոտեցումը և զարգացող երկխոսությունը կբերի չնչին բարեփոխումներ մարդկանց առօրյա կյանքում: Մենք նախագահության շրջանակում հանձնառու ենք հակամարտության ամբողջությամբ, բանակցված, խաղաղ և հարատև լուծում գտնելու գործընթացին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ