ԱԺ արտահերթ նիստում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացատրեց, թե ինչ խնդիրներ են առաջացել, որ օրենքով սահմանված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել: Այդ հանձնաժողովը պետք է փոխարիներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ կառավարությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկում է փոփոխություն կատարել, քանի որ գույքի, եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրներ են ստեղծվել. օրենքով նշված է, որ պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրեր, բայց միեւնույն ժամանակ՝ չկա դեռ այն մարմինը, որտեղ պետք է ներկայացնեն:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններ են եղել, դրանից առաջ՝ Երեւանի ավագանու ընտրություններ. «Հնարավոր չեղավ սահմանված ժամկետներում լուծել այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջեւ»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը, որպես հանձնաժողովի անդամ, հարցաշարերը պատրաստել է՝ 350 հարցաշար. «Մնում էր տեխնիկական մի քանի խնդիր, որը մենք այլեւս իրավասություն չունեինք անելու, որովհետեւ գործ ունեինք նոր հանձնաժողովի հետ: Այդ հանձնաժողովն այլեւս չի լինելու որեւէ իշխանության վերահսկողության ներքո, այն անկախ հանձնաժողով է լինելու ու չափորոշիչները հստակ նշված էին: Ըստ օրենքի, պետք է հանձնաժողովում լինեն հանրային հեղինակություն ունեցող, մաքուր կենսագրությամբ մարդիկ, որոնք հարցաշարն անցնելու դեպքում կարող են ընդգրկվել այդ հանձնաժողովում»:
Նիստի ավարտին աջ ղեկով մեքենաների ներկրում արգելելու մասին նախագիծը դրվեց քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայներով: Երկրորդ ընթերցմամբ այն քվեարկության կդրվի վաղը:
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 113 կողմ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ