«Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ են փոխըմբռնումը եւ վստահությունը: Մեր համատեղ պատմությունն աչքի է ընկնում բարեկամ երկրների ավանդույթներով: Այսօր երկու երկրների միջեւ զարգանում եւ ամրապնդվում է բազմաոլորտ գործակցությունը: Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը ուրույն տեղ է զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքականությունում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով ՀՀ-ում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Արմեն Սարգսյանն արդյունավետ գնահատեց Վրաստանի հետ նախագահի բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձել են երկկողմ հետաքրքրության օրակարգային հարցերի. «ՀՀ-ն մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության մթնոլորտի ձեւավորման եւ պահպանման հարցում: Քննարկել ենք տարածաշրջանային հակամարտությանն առնչվող հարցեր: Համակարծիք ենք, որ հիմնահարցերը եւ հակամարտությունները նույնական չեն, հետեւաբար նույնական չեն նաեւ դրանց կարգավորման հիմքերը: Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով»:
Արմեն Սարգսյանի փոխանցմամբ՝ Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է նաեւ մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունը, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային-էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ