«Վերջին երեք տարում ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսեսուսի սկզբունքների չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը»,- ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նշենք, որ մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Զոհրաբ Մնացականյանը հատկանշական համարեց այն, որ սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է Հայաստան թավշյա, ժողովրդական հեղափոխությունից և 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք արժանացան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ամենաբարձր գնահատականին:
Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց՝ Հայաստանն աջակցում է կազմակերպության՝ Սլովենիայի նախագահության առաջնահերթություններին հակամարտությունների հասցեագրման, անվտանգության, ապագայի և բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ: Նա ևս մեկ անգամ փաստեց՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու հիմնախնդրի կարգավորումը ՀՀ-ի համար եղել ու մնում են բացարձակ գերակայություններ:
Դառնալով Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման քննարկումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Կրկնեցի նաև այն մոտեցումը, որ վերաբերում է ԼՂ որոշիչ ձայնի և ներգրավվածության ապահովմանը: ԼՂ հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու անօտարելի իրավունքը: Այն վերաբերվում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին։ Մենք բազմիցս ենք ընդգծել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման ու միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպման, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում։ Եվ այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական»:
Ադրբեջանի կողմից զորավարժությունների անցկացման առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց. «Այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումն առանց համապատասխան ծանուցման՝ ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ