ԱԺ արտահերթ նիստում աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու հարցն էր քննարկվում:
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքի փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրել մինչեւ 2019-ի մայիսի 1-ը:
«Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ քանի որ օրենքում նշված է, որ մինչեւ մայիսի 1-ը կարող են ներկրել, մարդկանց մոտ թյուրըմբռնում կա, որ իրենք կարող են վաղը գնալ Վրաստանից աջ ղեկով մեքենա գնել ու բերել մինչ այդ, բայց իրականում փաստացի կարող են ներկրվել այն մեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչեւ դեկտեմբերի 31-ը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թանդիլյանն ասաց. «Նախագծում նախատեսում եք փոփոխություն, որը թյուրըմբռնման տեղի է տալու: Ձեռք բերված եւ վճարված մեքենաները տարբեր են: Ձեռքբերման հանգամանքը եւ դրա համար վճարած լինելու հանգամանքը երկու տարբեր հանգամանքներ են՝ սեփականության իրավունքի տեսանկյունից: Այս կարգավորմամբ սխալ ընկալում է լինելու»: Թանդիլյանը նաեւ հարցրեց՝ ԵԱՏՄ շրջանակներում ո՞ր երկրներն են միացել այս կարգավորմանը, կա՞ն երկրներ, որ չունեն նման կարգավորում. «Այս օրենքը ընդունվել է նախորդ գումարման ԱԺ-ում ու հիմնավորումները շատ թույլ էին, դուք նոր կառավարություն եք, արդյոք հիմնավորումների մեջ խորամուխ եղե՞լ եք, ճշտե՞լ եք, թե որքա՞ն վթար է տեղի ունենում այն պատճառով, որ աջ ղեկով մեքենաներ են վարում»:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նույնպես տարակուսած էր՝ բա ի՞նչ է լինելու այն մեքենաների հետ, որոնք արդեն ներկրվել են, եթե դրանց պատճառով վթար է լինում. «Փոխաբերական իմաստով ասած՝ դա նույնն է, ոնց որ պարզվի, որ ինչ-որ մի դեղորայք վնասակար է մարդու համար, արգելենք այդ դեղորայքը, բայց ասենք, այն տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնք օգտագործում են, թող շարունակեն օգտագործել: Եթե վտանգ է ներկայացնում, պետք է լուծում մտածել»:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ելույթում ասաց, որ վտանգավորության հետ կապված տվյալներ իսկապես կան. «Այն մարդիկ, որոնք ձեռք են բերել եւ սեփականության իրավունքով տնօրինում են այդ մեքենաները, մենք պետք է թույլ տանք, որ շահագործեն, ավելորդ խնդիրներ չառաջացնենք իրենց համար՝ հաշվի առնելով, որ վտանգավորության որոշակի աստիճան կա: Առաջիկայում քննարկում ենք տեխնոլոգիական լուծում տալու հարցը՝ օրինակ, աջ կողմում որեւէ կերպ տեսանելիության ապահովման բարձրացման հետ կապված մի բան, որը կքննարկենք»:
Ինչ վերաբերում է ձեռքբերում եւ վճարում ձեւակերպմանը՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ հստակ նշած է՝ ձեռքբերում, ոչ թե վճարում, որպեսզի կարողանանք խուսափել թյուրըմբռնումներից:
Այս նախագծի քվեարկությունը լինելու է վաղը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ