Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որեւէ մեկն ուզում է վաղուց գնած իր աջ ղեկով մեքենան, որպես անձնական գույք, տեղափոխել Հայաստան, մայիսի 1-ից հետո չի կարող

Մարտ 13,2019 13:40

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու հարցը:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքի փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրել մինչեւ 2019-ի մայիսի 1-ը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց՝ ժամկետը հաշվարկելու են ձեռք բերելու պահից: Ի՞նչ փաստաթղթով է հիմնավորվելու, ինվոյսը բավարա՞ր է, թե՞ ոչ, թե՞ Մաքսային մարմինները պետք է պահանջեն փոխանցման փաստաթղթերը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ղեկի տեղափոխությունը կարելի է կազմակերպել մեր հանրապետությունում, այսինքն՝ ոչ թե արգելել ներմուծումը, այլ՝ պայմանով թողնել, որ ներկրելուց հետո ինչ-որ ժամկետում պիտի տեղափոխեն. «Մարդիկ ընտանիքներ են կերակրում, դա անհրաժեշտ է»: Մելքումյանը նաեւ տեղեկացրեց՝ 2017-ին 30 հազարից ավելի մեքենա է ներկրվել ՀՀ, 2018-ին՝ 60 հազարից ավելի: Հունվարի 1-ից եվրասիական մաքսատուրքերն են ուժի մեջ մտնում, որոնք 4-4, 5 անգամ թանկացնելու են մեքենաները. «Մենք կառավարությանը հորդորում ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում հիմիկվանից վերաբանակցեն, որ կարողանանք հետաձգել մաքսատուրքերը, թե չէ մենք 50 մլն դոլար մաքսատուրքերի մասով կորցնելու ենք»:

ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ «Վերջնաժամկետ սահմանելով՝ մայիսի 1-ից հետո կարողանալո՞ւ են մեր քաղաքացիները ավտոմեքենա ներկրել՝ որպես պահեստամաս: Բացի այդ, այլ երկրում մեքենա ունենալով՝ չի՞ կարող բերել ՀՀ: Իր անձնական գույքն է, որեւէ սահմանափակում չպետք է լինի այն բերելու համար»:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ որպես պահեստամաս ներմուծելու համար գործում է ռեժիմ, որը թույլ է տալիս ներմուծել: Իսկ եթե որեւէ մեկն ուզում է իր աջ ղեկով մեքենան, որպես անձնական գույք, տեղափոխել Հայաստան, մայիսի 1-ից հետո չի կարող. «Քանի որ օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը, ապա այդ դեպքում նույնպես արգելվելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031