Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անկախ պետության կարգավիճակի հարցը հստակ պետք է դրվի. Գագիկ Ծառուկյան

Մարտ 13,2019 13:21

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունում է ՀՀ եւ Արցախի հանրապետության` համատեղ անվտանգության խորհրդի նիստը, բայց նիստից հետո արված ՀՀ վարչապետի եւ Արցախի հանրապետության նախագահի հայտարարություններում ինքը չի ստացել բոլոր հարցերի պատասխանները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահն ասաց. «Արցախի մասով կիսատ մնաց: Արցախի մասին ոչ մի պատասխան չեղավ: Ալիեւը ընդունեց Մինսկի խմբի հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք անհասկանալի է, լիարժեք պատասխանը չկա: Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրումները պիտի լինեն: 29 տարի է հայ ժողովուրդը, արցախցին այդ խնդիրը լուծել է, պահել է`միջազգային բոլոր նորմերով`դե-ֆակտո, որպես անկախ պետություն: Այսօր ոնց որ Արցախն է, նույնն էլ Ադրբեջանն է: Դե-յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր պետք է գնալ բանակցությունների: Դա հենց այնպես չի կերտվել, մեր ժողովուրդը արյուն է թափել»:

Նա բնավ դեմ չէ, որ Արցախի անունից բանակցի Արցախի հանրապետությունը: Բայց ինքը ՀՀ եւ Արցախի ղեկավարից հստակ ցանկանում է լսել` եթե համանախագահներն ասում են, որ տարածքները պետք է վերադարձնել, ապա ինչի՞ դիմաց դա պետք է անել:

Համանախագահների հայտարարությունն էլ ինքը համարում է միակողմանի, որը չի բավարարում հայ ժողովրդին. «Այդ որոշումը միակողմանի է եւ անընդունելի»:

Aravot.am-ի հարցին`տպավորություն կա, որ հարցն այսպես է դրված`տարածքների վերադարձ կամ լայնածավալ պատերազմ, ի՞նչ անել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դա այդպես ասած չի, բայց այսօր հիմնական խնդիրը նա է, որ եթե Ադրբեջանը քսան տարի ձայն չէր հանում, զինվում էր, այսօր խոսելով`նա ոչ մի խաղաղ բանակցային գործընթացի մասին չի խոսում`միշտ ահաբեկելով զենքով: Մեր պետության, Արցախի ապագայի խնդիրն է այսօր կախված եւ կապ չունի`դիմություն-ընդդիմություն, պետք է համախմբվեն: Միայն լուծումը միասնականությունն է»: Նա գտնում է, որ այսօր որեւէ մեկը չի կարող իր ստորագրությամբ կամ համաձայնությամբ հարցին լուծում տալ:

Ի դեպ, ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանի նիստերի դահլիճ մտան Արցախի հանրապետության դրոշներով: Aravot.am-ի հարցին`ի՞նչ նպատակ ունի ակցիան, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Սա նշանակում է`Արցախը ես եմ, Արցախը մեզնից յուրաքանչյուրն է»: Նաիրա Զոհրաբյանը այժմ Արցախը կորցնելու վտանգ չի տեսնում, բայց ինքն էլ կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ դրույթներ կային, որոնց պատասխանները ԱԽ համատեղ նիստում չհնչեցին:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031