Երևանը ձևակերպել է Հայաստանի և Արցախի շահից, անվտանգության հրամայականից բխող խնդիր և նպատակակետ, որի արդյունավետության գնահատման չափանիշը ամենևին էլ, այսպես ասած, իրականացված տեսնելը կամ իրականացման երաշխիքներ տեսնելը չէ: Այստեղ կա ինքնին քաղաքական նշանակության առանձնահատկությունը, երբ կարևոր է, որ ձևակերպվել է խնդիրն ու դրվել հստակ գիծը՝ ներկայացնելով տրամաբանական փաստարկները: Դա, իհարկե, իր հերթին ենթադրում է քաղաքականության շարունակություն, հետևողականություն, ստեղծված, սահմանված և իրականանալիության առումով հեռու նպատակներից մոտ ժամանակում հարակից օգուտներ քաղելու կարողություն: Այդ տեսանկյունից, որքան էլ տարօրինակ չհնչի, քաղաքական էֆեկտն արդեն իսկ նկատելի է: Որովհետև Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունը գործնականում այլ բան չէր, քան, այսպես ասած, պարիտետը պահելու ավանդական սկզբունքի կիրառումով Հայաստանի հետ որոշակի քաղաքական երկխոսություն սկսելը:
Այդ տեսանկյունից հայտարարությունը բացառիկ էր իր տողատակով, թեև Հայաստանում այն մեծ մասամբ արժանացավ այսպես ասած՝ մակերևութային, «սովորույթի ուժով» մեկնաբանությունների և գնահատականների, դրանց մի զգալի մասն էլ պայմանավորված, իհարկե, քաղաքական փաթեթավորումով խմբային կոմերցիոն շահերով: Դժվար է հիշել, թե համանախագահները երբ էին գնացել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության: Թերևս, միայն Ապրիլյան քառօրյային հաջորդած շաբաթների և մեկ-երկու ամիսների ընթացքում, որից հետո իրավիճակը մի շարք գործոնների բերումով աստիճանաբար վերադարձավ ավանդական տրամաբանության և իրերի ավանդական դրության փուլ, այդպիսով անիմաստ դարձնելով Երևանի հետ քաղաքական երկխոսության շարունակությունը: Դրա հետևանքով նաև չեզոքացավ դրա առանցքը՝ Վիեննայի օրակարգը, որը գործնականում աննախադեպ էր այն իմաստով, որ կարգավորման գործընթացը, մեծ հաշվով, ամբողջ քառորդդարյա պատմության ընթացքում գրեթե եզակի դեպք էր, երբ Հայաստանն ու միջազգային հանրությունը, միջնորդները համատեղ քաղաքական փաստ են պարտադրում Ադրբեջանին:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում