Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հարցն է. Ուրիխանյանն առաջարկեց, որ պետության հաշվին մեքենաների ղեկը փոխեն՝ դարձնելով ձախակողմյան

Մարտ 13,2019 12:52

Այսօր կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում աջ ղեկով մեքենաների հարցն է:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքի փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրել մինչեւ 2019-ի մայիսի 1-ը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամների հետ քննարկել են նախագիծը ու մշակել: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նախարարին ասաց՝ այդ ժամկետներից հետո «վստահ եմ, որ կլինեն քաղաքացիներ, ովքեր կուզենան մեքենաներ ներմուծել, հստակ ընդգծենք, որ այս որոշումը հետագայում ժամկետի փոփոխություն չի լինելու եւ մեր հայրենակիցներն իմանան, որ ժամկետի փոփոխություն հետագայում չի նախաձեռնվելու»: Նախարարը պատասխանեց. «Հարցը սկզբունքային է դրված: Այս պատուհանով փորձում ենք կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել եւ նախկին օրենքի հետ կապված թյուրըմբռնումներին իրավիճակային լուծում տալ: Դրանից հետո օրենքի որեւէ փոփոխություն չի լինելու»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը հարցրեց՝ այդ ժամկետը բավարա՞ր է, որ ներմուծման հարցը լուծվի՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ խոսքը մինչեւ 1000 մեքենաների մասին է ու նշված ժամկետները հնարավորություն են տալիս թողունակությունն ապահովել, ռիսկերից խուսափել:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ «Լավ օրից չէ, որ մեր քաղաքացիները աջ ղեկով մեքենաներ են բերում: Դա արգելվեց, որովհետեւ գտնում էին, որ երթեւեկության համար խնդրահարույց է, բայց քննարկվե՞լ է կառավարությունում տարբերակ դրանք ձախակողմյան տեղաբաշխմամբ դարձնելու, տեխնիկապես վերափոխելու: Միգուցե օգնություն տրամադրվեր, պետության օգնությամբ մեքենաները փոխակերպվեին»: Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Այդպիսի քննարկումներ տեղի ունեցել են: Մենք կառավարության որոշմամբ նաեւ թույլատրել էինք, որ որոշ ռեժիմով կարողանային ներմուծել ու տեղաբաշխումը փոխել, այնուամենայնիվ, կան մեքենաներ, որոնց ղեկը փոխելը տեխնիկապես անհնար է, նաեւ ռիսկեր կան որոշ դեպքերում ղեկը փոխելու: Արգելող օրենքն ընդունվել է նախկին կառավարության ժամանակ, հոկտեմբերի 1-ից է ուժի մեջ մտել: Մենք այս կերպ ուզում ենք ուղղակի վարորդների խնդիրը լուծել, հետագայում կքննարկվի, լուծում կգտնվի»:

Ուրիխանյանն ասաց, որ «օրենքը՝ մեզանից, միջոցները՝ կառավարությունից», պատրաստ են նոր օրենք բերել, որ կառավարությունը գոնե այն մեքենաների դեպքում, որոնց ղեկը հնարավոր է փոխել, փոխեն: Նախարարն ասաց, որ եթե նախագիծը լինի, կքննարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031