«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանն է։
– Պարոն Բաբայան, ներկայիս կառավարությունից ունեցած Ձեր ակնկալիքներն արդյոք իրականացման ճանապարհի՞ն են։
– Դժվար է միանշանակ ասել։ Կան ոլորտներ, որոնց դեպքում առաջընթացը ցայտուն երեւում է։ Ինձ վրա, օրինակ, շատ լավ տպավորություն է թողնում Առողջապահության նախարարության գործունեությունը։ Բոլորիս աչքի առաջ որոշակի պայքար է տարվում կոռուպցիայի դեմ։ Գիտեմ, որ այդ առումով շատ մեծ աշխատանք է տարվում պաշտպանության ոլորտում։ Անձամբ շփվում եմ զինվորականների, սպայական կազմի հետ, լինում եմ Ղարաբաղում։ Ամենակարեւորը բարեփոխումների ճանապարհը բռնելն է։ Չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ կարող է ինչ-որ լուրջ հարց լուծվել։ Հուսով եմ, որ բարեփոխումները վերջիվերջո կհասնեն նաեւ մշակույթի ոլորտին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ձեւաչափով կգործի նախարարությունը։ Ավելի կարեւոր է, թե ինչ է այն անելու։ Բայց մշակութային ՊՈԱԿ-ների օպտիմիզացումը բարեփոխում չի կարող համարվել։
– Թատրոնների միացումն, օրինակ, ինչու՞ չի կարող արդյունավետ լինել։
– Նախ՝ ո՞վ է որոշել, թե երկրում քանի թատրոն պետք է լինի։ Ասեմ՝ միայն հանդիսականը։ Ամբողջ աշխարհում ընդունված է թատրոնի գնահատման երեք չափանիշ. քանի ներկայացում են խաղում, որքան հանդիսատես են ապահովում եւ ինչ որակ են ապահովում։ Եթե բոլոր ասպեկտներով ապահովվում է դրական արդյունք, ուրեմն թատրոնն իրավունք ունի ապրելու։ Իհարկե, «պետական թատրոնը» ճիշտ բնորոշում չէ։ Պետական կարող է համարվել միայն այն թատրոնը, որի ֆինանսավորումը պետությունը 100 տոկոսով վերցնում է իր վրա։ Նման թատրոններն աշխարհում շատ քիչ են։ Ֆրանսիայում, օրինակ, դրանք 3-4-ն են։ Կա այլ հասկացություն՝ պետական աջակցություն ստացող թատրոն։ Այս դեպքում պետությունը որոշակիորեն աջակցում է կամ տարվա կտրվածքով տրվող դրամաշնորհների, կամ, օրինակ, կոնկրետ բեմադրության, տեխնիկայի, փառատոնի մասնակցելու համար գումար հատկացնելու միջոցով։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում