Կրթության եւ գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանումներից մեկի՝ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցներին մտահոգում է իրենց հետագա աշխատանքի անորոշությանը, որովհետեւ նախատեսվում է լուծարել այս կառույցը։
ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը ասաց, թե տեղյակ չէ՝ ովքեր են բաց նամակի հեղինակները, բայց նաեւ իր համար հասկանալի է ապագայի հարցում հստակություն ակնկալող աշխատակիցների անհանգստությունն ու հոգեվիճակը։ Ղուկասյանը նշեց, որ ԿԱԻ- ն լուծարելու գործընթացը սկսվել է դեռ 2017-ից՝ դրանից առաջ իրականացված ուսումնասիրությունից հետո։ «Դեռեւս 2016 թ. կառավարությունում քննարկում է եղել ԿԱԻ արդյունավետությունը բարձրացնելու մասին։ Կառավարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրավիրել է եվրոպացի փորձագետների, եւ ուսումնասիրել են ինստիտուտի վիճակը։ Եկել են ինստիտուտ, ինձ հետ են հանդիպել, ինստիտուտի մի քանի տասնյակ աշխատողների հետ են հանդիպել, ճշտել են մեր գործառույթը, մեր աշխատակազմը եւ այլն, վերլուծել են եւ մշակել են փաստաթուղթ՝ «Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի գործառույթների վերանայում» վերնագրով»,- տեղեկացրեց ԿԱԻ տնօրենը՝ մանրամասնելով, որ այդ փաստաթղթով նախատեսվում էր լուծարել ինստիտուտի մարզային կառույցները, իսկ երեւանյան գրասենյակը ՓԲԸ-ից դարձնել հիմնադրամ։ Չորս մասնաճյուղ լուծարվել է 2017 թ., որոշակի հաստիքներ կրճատվել են նաեւ գլխավոր կառույցում։
«Արդյունքում 88 հաստիք արդեն 2017 թ. կրճատվեց որպես առաջին փուլ։ Երկրորդ փուլը նախատեսված էր 2018 թ., որի ժամանակ կրճատվելու էին ինստիտուտի մարզային մյուս մասնաճյուղերը, իսկ երեւանյան գրասենյակը ՓԲԸ-ից դարձվելու էր հիմնադրամ, որովհետեւ եվրոպացի փորձագետները մեր կառավարության այդ կենտրոնի հետ միասին եկել էին այն եզրակացության, որ կրթական հաստատությունը շահույթի նպատակ չպետք է հետապնդի։ Իսկ ՓԲԸ-ն շահույթ ստանալու նպատակ է հետապնդում»,- ասաց Ղուկասյանը։ Գործընթացը կասեցվել կամ դանդաղել էր հեղափոխության եւ կառավարության փոփոխության պատճառով։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում