Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեր հարազատին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք». լեզվակռիվ՝ ՊՊԾ գնդի հրամանատարի եւ «Սասնա ծռերի» միջեւ

Մարտ 13,2019 12:24

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր որպես տուժող հարցաքննվեց Խաչատուր Ավետիսյանը, որը նույն թվականին եղել է ՊՊԾ գնդի հրամանատարը: Նա դատարանին պատմեց՝ տեսել է խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանին, որը զինված՝ կոչ է արել միանալ իրենց. «Նա կրակահերթ է արձակել զրահամեքենայի վրա, որի հետեւանքով գնդակների անդրադարձ եղավ: Երկու ոստիկան եւ Ոստիկանության լրատվականի աշխատակիցը վիրավորվեցին: Կրակոցներ եղան նաեւ հսկիչ-անցագրային կետի կողմում՝ մի քանի զինված անձանց կողմից»:

Ավետիսյանի փոխանցմամբ՝ իր ղեկավարությամբ կազմակերպվել է ՊՊԾ գնդի հարակից շենքերի բնակիչների տարհանումը, որպեսզի ստեղծվեին անվտանգության գոտիներ. «Խմբի հանձնվելուց հետո մուտք եղավ գնդի տարածք՝ քննչական գործողություններից հետո: Գունդն ամբողջությամբ ավերված էր՝ շենքերը, դռները, պատուհանները: Բացել էին բոլոր չհրկիզվող պահարանները, զինանոցը դատարկ է եղել, զենք-զինամթերքը՝ շաղ տված գնդի տարածքով: Անգամ ՊՊԾ գնդի հարակից շենքերում է զինամթերք եղել»:

Զոհված ոստիկանների վերաբերյալ էլ Խաչատուր Ավետիսյանը նշեց՝ տեղյակ է, որ Գագիկ Մկրտչյանը որովայնի հատվածքում վիրավոր է եղել. «Ձեռքով պահում էր վերքը: Անձամբ տեսել եմ նրան: Հարց եմ տվել, ի վիճակի չի եղել պատասխանել: Վնասվածք եմ տեսել նաեւ ձեռքի շրջանում: Իսկ գնդապետ Արթուր Վանոյանի դին դուրս է բերել շտապօգնությունը»:

Ինչ վերաբերում է գնդի տարածքից դուրս գտնված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը նշեց. «Տեղեկությունն այն է, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը: Անձամբ չեմ տեսել»:

Ապա տուժողին հարց ուղղեց մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանը. «Դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք»: Խաչատուր Ավետիսյանը պատասխանեց. «Այո, բոլոր փաստերով համարում եմ»:

Պավլիկ Մանուկյանն ակնարկեց իրենց ապստամբության իրավունքի եւ նախորդ ռեժիմի դեմ դուրս գալու մասին, ինչը զայրացրեց Խաչատուր Ավետիսյանին:

Նա բղավեց. «Ի՞նչ, ապստամբությո՞ւն…Զինվորական ճանապարհ անցած Պավլիկ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպայի եւ թողնում ներսում, այսքանից հետո հարցնո՞ւմ եք: Եթե ձեր մերձավորին եւ հարազատին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/340900819881064/?__xts__[0]=68.ARABqAFvQklbmTvPQgSV7nEs8nkenUqMJL7l3-CzIrEL53Kso6Fmi1sCPKQ_EGH5nWvNLOqFVtR7FV3CGiznWHIgPiZEAM9_DmSxjCu-QftIloK7CnEEBhiaqQe1aAyX_fXj58HQIrlLbM-CXwypCTHiuaWGfjyPwuky95PEWU1LC93-Y15mWHD-ND6v3PTV40m6pDI0yY4gPPVKnH1ZsPCnr32PAisdbXKPrqsjkUA1aeEWrGH2WojpBDN56aVJxvPGfJXZaXen4LgpU7AeHeVG5m9CYNdj5X1JqzgnxKHwcDD-MDe-aEzTwc54_jnpqcU82VWzqlcpXSe8XYm6EBBigbswZmuPNisX8A&__tn__=-R

Մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «Տեղյա՞կ եք, որ ձեր գրասենյակների չհրկիզվող պահարաններում նռնակներ ու փող կար, երեւի կաշառք էր»: «Տեղյակ չեմ»,-պատասխանեց Խաչատուր Ավետիսյանը, ապա ասաց, որ տեղյակ չէ նաեւ գնդում հայտնաբերված մարմնավաճառների ցուցակի մասին: Նրան չգոհացրին Արեգ Կյուրեղյանի՝ ՊՊԾ գնդի վերաբերյալ ասածները:

Խաչատուր Ավետիսյանը նշեց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»: Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «ազգությամբ թո՞ւրք եք»: Դատավորը հրահանգեց վիրավորանքներ չհնչեցնել, սակայն Արեգ Կյուրեղյանը շարունակեց չենթարկվել դատավորի պահանջին, ինչի պատճառով Մեսրոպ Մակյանը որոշեց. «Հեռացվում եք դատական նիստերից տասը ժամով, հաջողություն ձեզ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/391984521384178/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031