Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախատեսվում է մինչեւ 2022 թվականը կասեցնել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացը. «Հրապարակ»

Մարտ 13,2019 12:17

Նախօրեին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրեններ։ ԿԳ նախարարը նշել է, որ կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով։ Գումարը հատկացվել է կրթության ոլորտի այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վերաբաշխման եւ տնտեսման հաշվին։

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ։ Սահմանվելու է հետեւողական եւ խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված տեխնիկական հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն։ Առաջնահերթությունը, ըստ նախարարի, պետք է տալ դպրոցի բովանդակային բարելավմանը եւ կրթության որակի բարձրացմանը միտված աշխատանքներին։

Բացի այդ, հաստատվել է 7 ավագ դպրոցների կապիտալ վերանորոգման ծրագիրը, որում ընդգրկվել են նորոգման առաջնային եւ հրատապ անհրաժեշտություն ունեցող դպրոցները։

Անդրադառնալով բովանդակային բարելավմանը՝ նա նշել է, որ այս տարի ավագ դպրոցները ստանալու են շուրջ 300 նոր լաբորատորիաներ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Նաեւ փոփոխություններ են կատարվելու խորհուրդների կազմավորման եւ տնօրենների ընտրության կարգերում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ այժմ մեկնարկել է կրթության բովանդակության վերանայման լայնածավալ փուլը եւ չափորոշիչների ու առարկայական ծրագրերի փոփոխումը, նախատեսվում է մինչեւ 2022 թվականը կասեցնել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացը։

Թե ինչքան գումար է ավելանալու իրենց դպրոցի դեպքում, Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արշակյանն ասաց, որ հաշվարկելու բանաձեւը կախված է աշակերտի թվից. «Մեր դպրոցի դեպքում, քանի որ աշակերտների թիվն ավելացել է, մեր ֆինանսավորումն էլ է ավելացել»։

Երեւանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի տնօրեն Մարինե Սողոմոնյանը հանդիպումից տպավորված է վերադարձել. «Իհարկե, բոլորս գիտենք, որ մի քիչ մտահոգություն կա դպրոցներում աշխատավարձերի հետ կապված, բայց երեկվա հանդիպումից հետո հասկացանք, որ լինելու է 1 մլրդ ֆինանսավորում, բնականաբար, գործակիցը կբարձրանա, եւ ուսուցիչներն իրենց վաստակի դիմաց կստանան այն շոշափելի աշխատավարձը, որը կգոհացնի բոլորին։ Քանի որ լավատես եմ, վստահ եմ՝ այդպես էլ լինելու է, քանի որ նախարարն է ասել։ Չեմ կարծում, որ ուսուցիչները պետք է տխրեն, ու անընդհատ բողոքի ձայներ լինեն»։

Տնօրենը շատ է ուրախացել հատկապես լաբորատորիաների համար, ասում է՝ թեպետ իրենց դպրոցում ունեն, բայց խղճուկ են, իսկ եթե դրանք զինվեն նոր սարքավորումներով, ապա բնագիտամաթեմատիկական հոսքի աշակերտների ակտիվությունը կմեծանա, ինչը կարեւոր է ավագ դպրոցի համար. «Մեզ խոստացան, որ կլինի»։ Նրա կարծիքով, մեկ մլրդ-ն փոքր գումար չէ դպրոցների համար, իսկ թե մոտավորապես ինչքան է իրենց բաժին հասնելու, դեռ հաշվապահի հետ չեն հաշվարկել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031