Հայաստանում այս օրերին բողոքի մինի-ակցիաներ են տեղի ունենում՝ իրենց դժգոհությունն են հայտնում գրավատների սեփականատերերը, շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ արտադրողները եւ այլն, ու չի բացառվում, որ բողոքի ակցիաներ կազմակերպեն նաեւ բոլոր նրանք, ովքեր նախատեսվող փոփոխությունների արդյունքում կարող են ստիպված լինել աշխատել ավելի անբարենպաստ պայմաններում (ծխախոտ արտադրողներ ու ներկրողներ, ռեստորանատերեր, սրճարանատերեր, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ…)։ Հարց է ծագում՝ օբյեկտի՞վ են արդյոք այդ դժգոհությունները, եւ ճի՞շտ են հաշվարկված արդյոք այդ ոլորտներում հարկային դրույքաչափերը կտրուկ փոխելու որոշումները։
Օրինակ՝ երբ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչը դժգոհում է, թե «չհասկացա, ես բողազս ճղելով երգեմ, պետությանը հարկ տա՞մ», այդ դժգոհությունը, մեղմ ասած, օբյեկտիվ չէ: Որովհետեւ ինչո՞ւ պիտի, ասենք, ուսուցչուհին 50 հազար դրամի դիմաց «բողազ ճղելով» պետությանը հարկ տա, իսկ ռեստորանների ճոխ սեղանների շուրջ «բողազ ճղելով» ամսական մի քանի միլիոն դրամ վաստակողը հարկ չտա։
Հասկանալի է նաեւ, որ, օրինակ, գրավատների համար սահմանված տարեկան 100 հազար (ամսական 8400) դրամ պետտուրքը անհասկանալիորեն փոքր է, բայց միանգամից 60 անգամ բարձրացնելն էլ նշանակում է պարզապես սպանել այդ բիզնեսը։ Առավել եւս անհասկանալի են մեկնաբանությունները, թե «տո լավ կլիներ ընդհանրապես վերացնել գրավատները, գիտե՞ք քանի օջախ են քանդել»։ Խաղատներն ու բուքմեյքերական գրասենյակները շատ ավելի մեծ թվով «տներ են քանդել», դե բերեք բոլորն էլ արգելենք։
Նույնն էլ կարելի է ասել շաքար պարունակող ըմպելիքների մասին։ Լավ, ենթադրենք՝ շաքարը վնասակար է, բայց իզուր չէ, որ հեգնում են՝ խմորն էլ է վնասակար, միսն էլ, դե բերեք հանուն ազգի առողջության թանկացնենք, հետո էլ՝ տրանսպորտը, որովհետեւ քայլելն ավելի առողջարար է։
Ծխախոտի թանկացման մասին էլ չենք խոսում. Գորբաչովի հակաալկոհոլային ռեֆորմից հետո մարդիկ չսկսեցին ավելի քիչ խմել, իսկ պաշտոնական վիճակագրությունը համեստորեն լռում է այն մասին, թե դրա արդյունքում որքան պակասեցին բյուջեի մուտքերը, ու քանի հարյուր հազարով ավելացան ալկոհոլից մահացության դեպքերը (որովհետեւ մարդիկ ինչ աղբ ասես՝ խմում էին)։
Մի խոսքով՝ չի կարելի հանուն առողջ ապրելակերպի բռնել ու թանկացնել այն ամենը, ինչ վնասակար է առողջությանը (թեեւ ծխախոտն ու շաքարն իսկապես վնասակար են), ու չի կարելի նաեւ բյուջեն լցնելու համար բռնել ու բարձրացնել բոլոր այն հարկատեսակնհրը, որոնք տեսականորեն հնարավոր է բարձրացնել (թեեւ բյուջեն համալրելու խնդիր իսկապես միշտ էլ կա)։ Բայց չի կարելի նաեւ խուսափել փոփոխություններից՝ ինչ է, թե հնարավոր են բողոքի ակցիաներ։ Ամեն ինչ պիտի հստակ հաշվարկված լինի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում