Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Երբ որ դու գտնվում ես ընդդիմության դիրքերում, երեւույթներին նայում ես մի քիչ ուրիշ». «Հրապարակ»

Մարտ 13,2019 11:55

«Բայց իր տղան ծառայում ա էնտեղ, չէ՞։ Չարաշահո՞ւմ ենք համարում, որ վեռտալյոտը դատարկ պիտի գնար, հետը տարել է»,- հարցը գուշակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

– Բայց հիմա շատ է քննարկվում, որ վարչապետի կինը, երեխաները անընդհատ նրա հետ մեկնում են գործուղումների՝ պատճառաբանելով, թե «մենք չենք հասցնում մեր ընտանիքի հոր հետ շփվել, դրա համար ստիպված ամեն առիթ օգտագործում ենք, որ շփվենք հետը»։

– Էդ հարցադրման պատասխանը բավականին դժվար է, ես հասկանում եմ պարոն վարչապետի ընտանիքի անդամներին էդ իմաստով, բայց ես՝ ինքս, գտնում եմ, որ ամեն ինչ նորմալ է։

– Օրինակ, եթե Կարեն Կարապետյանը թույլ տար նման բան, Հովիկ Աբրահամյանը կամ Տիգրան Սարգսյանը, նորմալ կընդունվե՞ր, այն ժամանակվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարձագանքեր այդ ամենին։

– Երբ որ դու գտնվում ես ընդդիմության դիրքերում, երեւույթներին նայում ես մի քիչ ուրիշ։ Երբ որ դու իշխանության մեջ ես, երեւույթներին նայում ես ուրիշ ձեւով։ Եվ դրանք միշտ չէ, որ պետք է համընկնեն։ Պարտադիր չի, որ դու լինես Հռոմի պապից ավելի կաթոլիկ եւ լինելով իշխանության մեջ՝ էն սկզբունքային դիրքերը, որ ինչ-որ հարցի շուրջ ունեցել ես, էդ սկզբունքային դիրքերը քար լռությամբ եւ ամենայն հետեւողականությամբ պաշտպանես։

– Այսինքն՝ կարող են սկզբունքներդ փոխվե՞լ, երբ գաս իշխանության։

– Ոչ թե սկզբունքները փոխվեն, այլ դու այս կամ այն հարցի հետ կապված էն ժամանակ, որ ընդդիմություն ես, չունենաս համապարփակ ինֆորմացիա ու քո գնահատականների մեջ երբեմն-երբեմն լինես ոչ ճշգրիտ։ Բայց երբ որ դու իշխանություն ես, ապա այդ գնահատականներն ունես, եւ արդեն քո դատողությունները կարող են ճշգրիտ լինել։

Երկրորդը, դե, բնական է, եթե ես ընդդիմություն եմ, նաեւ այդ հանգամանքը կա, ես կարող եմ այս կամ այն երեւույթն օգտագործեմ իմ քաղաքական շահից ելնելով։

– Այսինքն՝ ժողովրդին մանիպուլյացիայի ես ենթարկում, կեղծում ես, երբ ընդդիմություն եղած ժամանակ ասում ես՝ իշխանությունն ամեն ինչ վատ է անում, այս ինչ վատ իշխանություն է՝ արագաչափերը, Սաշիկը, կոռուպցիան, թալանը, ռեկետը, փայ են մտնում, պետական ռեսուրսներ են օգտագործում, բայց երբ գալիս ես իշխանության, հասկանում ես, որ դա այդքան էլ վատ բան չէ։

– Չէ, էդպես չի։ Երբ որ դու ընդդիմություն ես, ու քո թիմից որեւէ մեկն ասում է, որ արագաչափերը պետք է վերացվեն, եւ դա արտահայտում է քո գործընկերներից մեկը ոչ թե որոշման մակարդակով, այլ դա որպես իր կարծիք, եւ երբ որ դու գալիս ես իշխանության, էն մյուս գործընկերները, որոնք դրա մասին չէին խոսել եւ հակառակ փաստարկներն էին բերում, որ դրանք պետք են, եւ դու համաձայնում ես էդ փաստարկներին, դա չի նշանակում, որ դու քո սկզբունքներին դավաճանում ես։ Եթե մեկը մեր շարքերից հայտարարել է, որ արագաչափերը պիտի վերացվեն, ես կարող եմ երաշխավորել, որ մեկի փոխարեն 5 հոգի ասել են, որ չէ՝ ոչ թե պետք է վերացվեն, այլ պետք է կանոնակարգվեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031