Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային զարգացումները և Իրան-Հայաստան բազմաոլորտ հարաբերությունների հեռանկարը

Մարտ 13,2019 09:00

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ միջազգային միջավայրում Իրանի դեմ ուղղված Միացյալ Նահանգների, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և որոշ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային երկրների քայլերը վկայում են Իրանի վրա մեծացող քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշումների բացահայտ աճի մասին, որը միտում ունի խարխլելու Իրանի համակարգը և իշխանության հիմքերը և թուլացնել Իրանի ազդեցությունը Միջին Արևելքի տարածաշրջանում:

Այս պայմաններում Իրանի իշխանությունները և հասարակությունը իրենց նախապատրաստում են ներքին բոլոր ուժերի և միջազգային կառույցների և բարեկամ երկրների հետ համապարփակ գործակցության եւ ռացիոնալ մոբիլիզացման, ինչպես նաեւ ազգային շահերի պահպանման ուղղությամբ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների արդյունավետ ամրապնդմանն ուղղված տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերությունների նոր ձևակերպումների համար: Անկասկած այդ ոլորտում է ներգրավում նաև Իրանի հյուսիս-արևմտյան հարևան երկիր՝ Հայաստանը, որը անհամեմատելի լավ ու բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, քան նրան շրջապատող մահմեդական և արաբական որոշ երկրներ:

Հետևաբար` Իրանի տարածաշրջանային և միջազգային նոր դիվանագիտության համատեքստում հաշվի առնված ամենակարեւոր ասպեկտները հետևյալն են.

Քաղաքական

Իրանի տեսակետից հարեւան եւ բարեկամ երկրների հետ փոխհարաբերությունների ընդլայնումը, հաշվի առնելով համագործակցության և երկկողմ ու բազմակողմ շահագրգռվածությունը, այն ոլորտներն են, որոնք կարող են լուծվել միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ: Այս ոլորտում Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը վկայում է Իրանի նոր ռազմավարության արդյունավետության մասին: Իսկ Իրանի համար նույնքան կարևոր է կովկասյան տարածաշրջանում խորացնել իր գործակցությունը և հարաբերությունները Հայաստանի հետ, որն Իրանի բնական դաշնակիցն է համարվում տարածաշրջանում ցանկացած հակաիրանական քայլերը չեզոքացնելու և դեպի Եվրոպա ու Ռուսաստան նոր տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային այլընտրանքային ուղիները զարգացնելու համար: Հայաստանը նույնպես իր աշխարհագրական դիրքով և դեմոգրաֆիկ կառուցվածքով միակ քրիստոնյա հարևան երկիրն է Իրանի հետ, որը կարող է հավասարակշռող դերակատարում ունենալ Իրանի հոգևոր իշխանությունների կրոնական հայեցակարգը մոտեցնելու քրիստոնյա աշխարհի հետ: Հայաստանը նաև բնական պատնեշ է հանդիսանում Թուրքիայի և Միջին Ասիայի տարածաշրջանի թրքալեզու և իսլամական ծայրահեղական խմբավորումների տարածումն ընդհատելու առումով, որն իրանցի դիվանագետների քաղաքական ուշադրության դաշտում է գտնվում, չնայած այդ մասին երբեք չեն բարձրաձայնում:

Տնտեսական

Իրանը փորձում է իր տնտեսական և տեխնիկական ոլորտները միացնել տարածաշրջանի երկրների բիզնես եւ գործարարական բաժիններին, եւ ձգտում է համախմբել ու աջակցել , արդյունաբերական ընկերություններին և ակտիվ գործարարներին եւ շահագրգիռ ներդրողներին, որոնք պատրաստ են ներդրում անել հարևան երկրների տնտեսական, արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում: Այդ ուղղությամբ Իրանն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել նոր պայմանների հիման վրա: Ուստի Իրանի տնտեսական բաժնի ակտիվիստները հատուկ ուշադրություն են դարձնում հարևան երկրների տնտեսական և տեխնոլոգիական, առևտրական և գյուղատնտեսական ոլորտներում ներդրումներ անելու և հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ, ինչը կարող է նպաստել Իրանին ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումներից ազատվելու համար: Այս ոլորտում նույնպես Հայաստանը կարող է ներմուծել իրանական հումք և էներգիա և զարգացնել իր արդյունաբերական բաժինը և համատեղ ներդրումներով Հայաստանում արտադրված որակյալ ապրանքատեսակներ արտահանել Իրանի կամ նույնիսկ Հնդկաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների շուկաները:

Հայաստանը ԵԱՏՄ-ի առանցքային երկիրը լինելով մեծ կարևորություն ունի Իրանի համար, որը ներկայիս պայմաններում առանձնապես հույս չդնելով Եվրամիության երկրների խոստումներին՝ ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմի SPV-ի վրա , փորձում է բանկային փոխանակումների և իրանական ապրանքների համար նոր շուկաներ ապահովելու նպատակով իր համագործակցությունն ընդլայնել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ: Հայաստանը կարող է այդ ոլորտում ինքնուրույն քաղաքականություն վարելով առիթն օգտագործել իր տնտեսական, արդյունաբերական ու առևտրական բաժինը զարգացնելու համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն այն ոլորտն է, որում Հայաստանը արագ տեմպերով զարգանում է և լայն համագործակցություն է ծավալել Եվրոպական և այլ առաջատար երկրների հետ: Անկասկած այս ոլորտում Իրանը խիստ շահագրգռված է իր համագործակցությունը ընդլայնել ցանկացած ընկերության հետ: Իսկ Հայաստանը կարող է իր մասնագիտական փորձը և վերջին ձեռքբերումները փոխանակել հարևան երկրի մասնագետների հետ:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային արդյունաբերության ոլորտում պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ: Հաշվի առնելով Հայաստանի վաղեմի փորձը ատոմական էլեկտրակայանի և հիդրոկայանի կառուցման և օգտագործման բնագավառում, Հայաստանի հետ համագործակցությունը համատեղ էլեկտրաէներգիա արտադրելու գործում կարող է հետաքրքիր և շահավետ լինել Իրանի համար:

Մշակութային

Իրանի հարուստ մշակույթն ու քաղաքակրթությունը, այդ երկրի հանրային դիվանագիտության ուժի մի մասն է կազմում, որն Իրանի փափուկ դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչներից է: Հաշվի առնելով Իրանի հսկայական ներուժը միջազգային, տարածաշրջանային և հարևան երկրների հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցություններն ընդլայնելու համար, որոնք օգտագործվում են այդ ոլորտում աշխատող ընկերությունների ու մասնագիտական կենտրոնների և տուրիստական բաժնի զարգացման նպատակով, հնարավոր է այդ ոլորտում լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի և Հայաստանի տուրիստական ընկերությունների գործակցության և մշակութային ժառանգության և հուշակոթողների պահպանության գործում: Այստեղ նաև պետք է հաշվի առնել Իրանում բնակող հայ համայնքի մարդկային, մշակութային, կազմակերպչական և մասնագիտական պոտենցիալների անվերապահ օգտագործումը՝ Հայաստանի և Իրանի տուրիստական արդյունաբերության ոլորտի զարգացման գործում:

Անվտանգություն

Անկասկած, Իրանի ռազմական կարողությունը եւ կանխարգելիչ ուժը կարեւոր տարրեր են, որոնք երաշխավորում են տարածաշրջանում երկրի անվտանգությունն ու հզորությունը: Այդ հնարավորությունները ձեռք են բերվել այնպիսի իրավիճակում, երբ այլ երկրներ ոչ միայն չեն աջակցել Իրանին, այլեւ փորձել են Իրանի հնարավորությունները կանխել եւ խափանել Իրանի հրթիռային ռազմարդյունաբերական գործունեությունը:

Այս առումով, Իրանը ոչ միայն կարողացել է կանխարգելել ցանկացած ոտնձգություն իր սահմաններից ներս, այլեւ ժամանակին ներկայություն ունենալ Իրաքի եւ Սիրիայի ծայրամասերում, եւ ի վիճակի է հասնել տարածաշրջանային ազդեցության և դերակատարության համար անհրաժեշտ արժեքավոր փորձի:

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալը ընդգծելով, որ Իրանի ռազմական հայեցակարգը պաշտպանական է և հիմնված է կանխարգելիչ ուժի վրա, ընդգծել է. «Իրանի զինված ուժերի բոլոր ռազմական-պաշտպանական սարքերն արտադրվում են Իրանում»:

Իրանը մի երկիր է, որը ազդում է Միջին Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա եւ չնայած Արեւմուտքի եւ նրա տարածաշրջանային գործընկերների կողմից հարուցած խոչընդոտներին, իրանցիները կարողացել են հենվելով արտաքին քաղաքականության չափանիշների և սկզբունքների վրա եւ տարածաշրջանային միտումների ճիշտ կողմնորոշմամբ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը: Հետևաբար` տարածաշրջանային հավասարումներում և մասնավորաբար Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և ռազմական գործընթացներում Իրանը կարողացել է հավասարակշիռ քաղաքականության վարելով որոշ չափով նպաստել գոնե տարածաշրջանի կոնֆլիկտների զսպմանը և լարվածությունների կանխմանը: Հատկապես, որ այդ սպառնալիքները նաև կարող են ուղղված լինել Իրանի որոշ նահանգներում էթնիկ ու կրոնական անհանդարտության հրահրմանը, որոշ հարևանների կողմից: Այստեղ Հայաստանն օգտագործելով առիթը պետք է փորձի պաշտպանական և անվտանգության աջակցության ոլորտում նույնպես համագործակցել Իրանի հետ, հատկապես, որ Հայաստանը ռազմական ԱԹՍ-ների և հետախուզական դրոնների նախագծման, արտադրման և օգտագործման բնագավառներում լայն փորձ ու հնարավորություն ունի, որը կարող է կիսել հարևան երկրի հետ սահմանների անվտանգության վերահսկման գործողություններում:

Չնայած Իրանին էմբարգոյի ենթարկելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ճնշում է գործադրվում հարևան երկրների վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ այս իրավիճակը չի կարող երկար տվել և ի վերջո Իրանը կարող է հաղթահարել ստեղծված խոչընդոտները և շարունակել իր տնտեսական, քաղաքական,առևտրական և ռազմական համագործակցություններն այլ և հատկապես հարևան երկրների հետ:

Միևնույն ժամանակ Իրանի դեմ գործադրվող պատժամիջոցները պատճառ են դարձել, որ իրանցի խոշոր գործարարներ և ներդրողներ իրենց կապիտալը փրկելու համար խոշոր ներդրումներ անեն արտասահմանյան մասնավոր բաժնում: Այժմ Իրանից կապիտալի արտահոսք է տեղի ունենում այլ երկրներ, որը պետք է ուշադրության առարկա դարձնել և ըստ հնարավորի օգտագործել առիթը կապիտալ ներգրավելու համար:

Հայաստանը չպետք է ժամանակավոր շահերը հաշվի առնելով անտեսի տարածաշրջանի ամենակարևոր և հզոր հարևանի հետ համատեղ շահերի պահպանման անհրաժեշտությունը: Մի խոսքով երկու երկրների տարածաշրջանային և տնտեսական երկարատև շահերը համընկնում են միմյանց հետ և պետք է այդ ուղղությամբ առավել լուրջ և հեռանկարային ծրագիր և քաղաքականություն մշակել: Անկասկած դա բխում է Իրանի և Հայաստանի միասնական շահերից, որին դեմ չեն ո՛չ Թեհրանը և ո՛չ էլ Երևանը:

Սահակ Շահմուրադյան

Թեհրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031