Անցած շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ
ա) վերաստատում են Արցախի խնդրի շուրջ բանակցությունների ներկայիս՝ «Հայաստան-Ադրբեջան» ձեւաչափը,
բ) վերահաստատում են կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» սխեման, որը ենթադրում է «Արցախը շրջապատող տարածքների ազատում» ինչ-որ «միջանկյալ» (եւ, իմ կարծիքով՝ անորոշ) կարգավիճակի դիմաց:
Որոշ շրջանակների կողմից այդ հայտարարությունը չափից դուրս սուր է ընդունվել, չնայած դրա համար, ինձ թվում է, հիմքեր չկան:
Իմ կարծիքով իրավիճակը հետեւյալն է.
– անկախ նրանից, թե ինչ են հայտարարում համանախագահները,
– անկախ նրանից, թե ինչպիսի փաստաթուղթ է բանակցությունների սեղանին,
– անկախ նրանից, համաձայն են այդ փաստաթղթի դրույթների հետ Հայաստանը, Արցախը կամ Ադրբեջանը, թե համաձայն չեն,
– անկախ նրանից, թե ինչ են կողմերը մտածում բանակցությունների ձեւաչափի մասին,
– անկախ նրանից՝ մենք խաղաղասեր ենք, թե ռազմատենչ,
– անկախ նրանից, Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, թե ոչ,
– անկախ նրանից, մեր երկրում ավտորիտար ռեժիմ է, թե ժողովրդավարություն,
– անկախ նրանից՝ մեր իշխանությունը հմուտ է, թե ապաշնորհ
Ադրբեջանը, միեւնույն է, վաղ թե ուշ հարձակվելու Արցախի հանրապետության վրա եւ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Անկախ ամեն ինչից, Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է՝ որ մենք, հայերս, այստեղ, այս տարածաշրջանում չապրենք, մնացածը պարզապես խոսակցություններ են, դիվանագիտական խաղեր: Այնպես որ, երբ հերթական հարձակումը տեղի կունենա, պետք չէ, ինչպես որ դա եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ, իրար մեղադրել եւ քարոզչական դիվինդենտեր շահել՝ դա միայն նպաստելու է հակառակորդի հաջողություններին: Պետք է այնպես կռվել, որ մենք ոչ մի հեկտար չկորցնենք, այլ, հակառակը՝ ազատագրենք որքան հնարավոր է շատ հեկտարներ: Այսինքն՝ անել այնպես, որ հաջորղ հաձակումից առաջ Ադրբեջանն ավելի երկար մտածի:
Մի «անկախ» էլ ասեմ.
– անկախ նրանից, Ռուսաստանի ղեկավարությունը «գոհ» է մեր իշխանություններից, թե «դժգոհ», այդ երկիրը, միեւնույն է, «բզբզելու է» Ադրբեջանին, որ նա սկսի հերթական ռազմական արկածախնդրությունը: Այնպես որ այստեղ էլ պետք չէ պատրանքներ ունենալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վերջին «անկախին» համաձայն չեմ. ՌԴ-ի ղեկավարին ձեռ էր տալիս Սերժը, իսկ «բզբզելը» կարող էր հանգեցնել նրան փոխելուն:
Այս հոդվածը կարդալուց հետո հիշեցի Արթուր Մեսչյանին:
Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները,
Թափվում են ցած, ավազի պես, օրերի շարքը անտարբեր
Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,
Ցանցի վրա միայն մնաց….
Պարզվում է անցած երկու տասնամյակից ցանցի վրա մեզ մնաց “անկախ” – ների այս ցուցակը: Դա էլ քիչ չէ:
Այդ վերջին «անկախը»ը կը թերագնահատէ կարգ մը հայերու տարրական խելացութեան մակարդակը: Նաեւ, կը ջանայ անտեսել Ռուսաստանի կեցուածքին վերաբերող մեզի համար խորապէս վնասաբեր, նոր ազդակները, որոնց պատասխանատուն լիովին ու միայն նոր իշխանութիւնն է:
Ոեւէ մէկը չկայ որ կարծէ թէ Ռուսաստանը ընկերն է Հայաստանին: Նա Հայաստանի քաղաքական եւ ռազմական դաշնակիցն է, եւ այդ ալ՝ բացա՛ռապէս իր շահերի հիման վրայ:
Բաղդատած նախկին վարչակարգներուն, Հայաստանի այժմու իշխանութիւնը, շարունակաբար, բազմաթիւ պատճառներ տուաւ Ռուսաստանին, որ ան վերարժեւորէ ու վերանայի իր յարաբերութիւնը այս դաշնակիցին հետ: Հակառակ ուղղութեամբ բոլոր յայտարարութիւնները՝ պարզապէս ապուշի տեղ դնել է Փութինը:
Այս խնդրին ուղղակի հետեւանքը պիտի ըլլայ՝ ոչ թէ պատերազմին տեղի ունենալը կամ ոչ, այլ անոր չափը, տարողութիւնը, տեւողութիւնը: Նոյնիսկ հաւանական յաղթանակի պարագային, այս անգամ, մեր վնասներն ու կորուստները անասելի պիտի ըլլան:
Ռուսաստանի նկատմամբ նոր իշխանութեան «հերոսութիւններուն» գինը պիտի վճարենք ուրեմն դիակներով, եւ նաեւ լայն հողաշերտերով:
Ի դէպ, եթէ Փաշինյանը գոնէ չանցաւ այն կարմիր գիծը որ Վրաստանը անցած էր, պատճառը այն թէ Արեւմուտքը իրեն այդքան ալ չուզեց, տեսնելով որ այս յեղափոխութիւնը ճիշդ իրենց ուզածին պէս չէ:
Օդին մէջ երկու լարերու վրայ մէկ ոտքով պարելը, այսպէս կ’ըլլայ: Սակայն դեռ անկումի պահին է միայն որ պիտի անդրադառնան ոմանք:
Մինչ այդ, յուսանք որ գոնէ ժամանակ կ’ըլլայ որ Երեւանում տեղի ունենայ տոլմայի փառատօնը:
Արցախը խնդիրը կարող էր վերջնականապէս լուծուիլ, «անկախ» Ռուսաստանից, միայն 1994-ին: Քանզի այն օրերու Ռուսաստանը քանդուած, տկարացած եւ գրեթէ անզօր էր: Փութին չկար: Չլուծուեցաւ սակայն, ոչ թէ «դաւաճանութեան» պատճառով, եւայլն., այլ պարզապէս որովհետեւ էն վախտը հայոց Պետութեան գերագոյն ղեկավարը զինուարական չէր, կեանքումը մարտի դաշտի վրայ երբեք չէր հանդիպած ոեւէ թուրքի, եւ տեսականօրէն իսկ՝ ազգայնական գաղափարաբանութեան դէմ էր: Հիմա արդեօք որո՞ւ է յիշեցնում… ( Թէպէտ այս մէկը այդ աստիճան հայատեաց չէ, բայց մէկ ա. էական բաներ կայ որ չի հասկանում, անկարող է ճոկելու) :
Փաշինյանը շարունակում է Տեր-Պետրոսյանի գործը (գործարքը): Զարմանալի չէր, որ
ԼՏՊ-ն 1992-ին Հայաստանը խրեց ԵԱՀԿ ու 1994-ին Հայաստանի պարանոցին փաթաթեց Հեյդարի զինադադարը՝ «մեյդան» բերելով երրորդ կողմին: