Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմաժանր» արտիստը՝ տիկնիկայինից մինչեւ օպերա

Մարտ 13,2019 12:00

Թատերական աշխարհում մեծ պահանջարկ ունեն հատկապես այն ներկայացումները, որոնց մասնակցում են ճանաչված կամ աշխարհահռչակ արտիստներ։ Վերջերս օպերասեր Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի իսկապես հիանալի բեմականացումից հետո (ռեժիսոր՝ Սուրեն Շահիջանյան), որին «երաժշտական մասով» անդրադարձել է «Առավոտը», մասնագետների եւ հանդիսատեսի շրջանում մինչ օրս հիշատակվում է նաեւ միմի կերպարում հանդես եկած Աղասի Մելքոնյանի մասնակցությունը: Ոչ հաճախ, բայց պատահում է, երբ օպերային ներկայացման մեջ հայտնի ձայների կողքին, ինչպիսին «Սեւիլյան սափրիչում» էր, ուշադրության կենտրոնում է հայտնվում լուռ գործողություններով հանդես եկող արտիստը: Մեր իրականությունում եղել է նման նախադեպ. 1985թ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» բուֆֆ օպերայի բեմադրությանը (ռեժիսոր՝ Հովհաննես Հովհաննիսյան) դերկատարներից մեկը այդ տարիներին հայտնի մնջախաղաց Լեւոն Իվանյանն էր: Նա, ինչպես եւ Աղասի Մելքոնյանը, իրենց լուռ կատարումները համարժեք դարձրին գլխավոր դերերգերին:

Մեզ հետ զրուցած «Սեւիլյան սափրիչին» ներկա մասնագետներից ոմանք, պարզվում է, լավ են ճանաչում Աղասի Մելքոնյանին: Վերջինս հինգ տարեկանից հաճախել է երգիչ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի դասերին, ավելի ուշ դասեր է առել կոնսերվատորիայում՝ ճանաչված ֆլեյտահար Լեւոն Ալոյանի մոտ, հետո հայտնվել է Նունե Ջրբաշյանի ղեկավարած «Միմոս» մարիոնետների թատրոնում: Լայն հանդիսատեսը նրան կմտաբերի տարիներ շարունակ Հանրայինով հեռարձակվող «Ինչուների մոլորակ» հաղորդաշարից: Շատերը դերասանին գուցե մտաբերեն կորպորատիվ միջոցառումներից, մյուսները՝ խոցելի խմբերի երեխաների համար արտիստի հաճախակի ելույթներից, սահմանամերձ գյուղերում, մարզերում իր նախաձեռնած միջոցառումներից, օրինակ, վերջինը՝ անցյալ տարի Հակոբ Ղազանչյանի առաջարկով Մնջախաղի պետական թատրոնի արտիստ Ինա Հախնազարյանի հետ ելույթներ է ունեցել Խնձորեսկում: Արտիստը նկարահանվել է նաեւ Էդուարդ Բաղդասարյանի «Համերկրացին» ֆիլմում, որի պրեմիերայից (2000թ.) հետո տարաբնույթ խոսակցություններ եղան՝ կապված հայ-ադրբեջանական խնդրի շուրջ, նույնիսկ որոշ ժամանակ ֆիլմը արգելվեց:

Վերջերս Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում դերասանին հանդիպեցինք նոր կարգավիճակով՝ նա մեծանուն բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառման հագուստների եւ ինտերիերի ձեւավորման հեղինակն էր: Արվեստագետը մասնակցել է մի շարք միջազգային փառատոների եւ մրցույթների, վերջինը 2018-ին Սանկտ Պետերբուրգում կայացած «МимИГРАнты» փառատոնն էր, որին արվեստագետը մասնակցել է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի «ուղեգրով»:

Աղասի Մելքոնյանի հետ զրույցի սկզբում, երբ շուրջ 20 տարի գործունեություն ծավալած «բազմաժանր» արտիստից կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք, թե ինչպես իրեն «համառոտ» ներկայացնել, նա ասաց. «Ինձ որպես արվեստագետի «զինել» է Ռուբեն Բաբայանը: Իմ տարերքը տիկնիկային թատրոնն է: Ծնողներս իրենց կյանքը նվիրեցին չորս զավակների ոչ միայն ընտանեկան, այլեւ մշակութային դաստիարակությանը: Պապիկս հաճախ կրկնում էր Ղազարոս Աղայանի խոսքը՝ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ պիտի արհեստ իմանա: Մենք՝ չորս զավակներս էլ, բացի մեր մասնագիտությունից, տիրապետում ենք նաեւ տարբեր արհեստների: Այնպես որ, ստեղծագործական դիապազոնս մեծ է»: Ի դեպ, մեզ հետ զրույցում «Սեւիլյան սափրիչի» հագուստների դիզայներ, Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի իսկական անդամ Գեւորգ Թառլոյանը հիացմունքով արտահայտվեց ոչ միայն Աղասի Մելքոնյան դերասանի, այլեւ նրա դիզայներական ճաշակի մասին: Առանց մանրամասնելու էլ նշեց, թե արտիստը Երեւանում իրեն մեծ օգնություն է ցուցաբերել:

Զրույցի ընթացքում դերասանն ամենաշատը խոսեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում իր զբաղվածության մասին, հիշեց, օրինակ՝ Բորիս Ապրիլովի «Կամակոր ճուտիկը» ներկայացումը, որի երաժշտությունը երջանկահիշատակ Ստեփան Լուսիկյանինն է, բեմադրությունը՝ Ռուբեն Բաբայանինը: Հետո մտաբերեց Էդուարդ Սադոյանի երաժշտությամբ Բիդստրուֆի ծաղրանկարներից ներշնչված սկեչները՝ Ժիրայր Դադասյանի ռեժիսուրայով, որը կխաղան ապրիլին՝ նվիրելով կոմպոզիտորի հիշատակին: Կարելի է անվերջ խոսել Աղասի Մելքոնյան արտիստի մասին ու վերջակետի չգալ… Կատակեցինք՝ ի վերջո, ավելի շատ իրեն ո՞ր «ձեւաչափում» է պատկերացնում: Աղասի Մելքոնյանը ժպիտով պատասխանեց. «Ես կամ ու գործում եմ պրոֆեսորիս՝ Ռուբեն Բաբայանի գեղագիտությամբ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031