Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասված գիրք՝ «Արարատի կանչող լույսը»

Մարտ 13,2019 12:30

«Երկաթե շերեփ», «Նաիրյան ղողանջներ», «Ոգեղեն զանգեր», «Սիրո ծաղկահովիտ», «Վերադարձի խորհուրդը»… բանաստեղծական ժողովածուներից հետո, անակնկալ էր Հովիկ Գրիգորյանի «Արարատի կանչող լույսը» վիպակների ժողովածուն, որը տարվա սկզբին ՀԳՄ-ի եւ ՊՆ-ի կազմակերպած ամենամյա համատեղ մրցանակաբաշխության Արձակ անվանակարգում արժանացավ 2-րդ մրցանակի:

Ճանաչված է որպես բանաստեղծ: Հոդվածներ են հրապարակվել նրա բանաստեղծական արվեստի մասին, հատկապես շեշտվել է «Երկաթե շերեփ» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ հեղինակը հայոց հարցի թղթե շերեփի փոխարեն պահանջել է՝ այս անգամ երկաթե շերեփով… մեր ազգային հարցերը լուծել:

«Արարատի կանչող լույսը» ժողովածուում ընդգրկված «Լուսաբացից առաջ», «Տվե՜ք իմ թեւերը», «Արարատի կանչող լույսը», «Չընդհատվող ճանապարհ» վիպակները, որոնք նվիրված են հայրենիքի մաս կազմող Արցախին, որը ոճրագործների կողմից բռնակցվել է արհեստածին Ազարբայջանին, հայոց նորագույն պատմության կերտմանը:

Հեղինակային խոսքում ասվում է. «Փառք ու պատիվ նրանց, ովքեր արցախյան պատերազմում, աննկարագրելի բարդ պայմաններում, անձնազոհաբար դեմ կանգնեցին բազմաթիվ մարտահրավերների՝ ձեւավորվող բանակին ու պետականությանը հաղորդելով իրենց նվիրվածությունը»:

Մի փոքրիկ «ռազմական գաղտնիք». հեղինակը ՆԳ համակարգի հավաքական գումարտակի կազմում մասնակցել է հայոց սահմանների պաշտպանությանը, որտեղ իր տեսածն ու լսածը վավերագրել է ու գեղարվեստորեն ներկայացրել ընթերցողին:

«Լուսաբացից առաջ» վիպակի կերպարային հերոս կապիտան Լեւոն Մուրադյանը, նույն ինքը՝ հեղինակը տիկնոջը կարճ տեղեկացնում է. «Գնում եմ Գորիս՝ պաշտոնական գործուղման»: Եվ այդ գործուղումը Արցախի պաշտպանությունն էր, որը տեւեց երկար ու ձիգ ամիսներ:

Փորձությունների, արհավիրքների միջով է անցել հայ արծիվների հայրենանվեր ճանապարհը. «Ես կորուսյալ հայրենիք ունեմ: Ես վրեժ ունեմ չլուծված: Ես պետք է ապացուցեմ, որ թուրքն անամոթաբար իմ տունն է մտել ու դուրս չի գալիս, որ ինձ չի հաղթել»… Պատերազմում հաճախ էր մտորում. «Թշնամիների մեջ էլ երեւի տարբերություն կա. մեզ բաժին հասած թշնամին դուրս է աշխարհում գոյություն ունեցող չափանիշներից»:
Հեղինակը գովեստով է խոսում գեներալ Դալիբալթայանի մարտարվեստի մասին, իսկ գեներալն էլ արժեւորել է Մուրադյանի սրամիտ հարցադրումները:

Վիպակում լուսաբանվում է ժողովուրդների հավասար իրավունքները, արդարությունը, առաքինությունը, բարոյականությունը… Հայրենիքի վեհացում կա, սեր՝ մեր նորանկախ պետության հանդեպ, որ յուրաքանչյուր հայ իր բաժին անարատ սերը պետք է ներարկի երկրի հզորացմանը, աշխարհի որ անկյունում էլ լինի: Վիպակի վերջում պատվով, հաղթանակով հայ քաջորդիները, որտեղից մեկնել էին գործուղման, ճիշտ այնտեղ էլ վերադարձան:

«Տվե՜ք իմ թեւերը» վիպակում Հ. Գրիգորյանը ներքին թշնամուն է անդրադառնում՝ մականունավոր Կարիճի, Բիճ Վարոյի նմաններին, որոնք հայրենակիցներին էին կողոպտում, թշնամանք սերմանում միմյանց միջեւ: Իսկ ի հեճուկս դրանց նմանների, բուժքույր Գոհարը ամուսնու կարծիքին համամիտ չէ, որ տանը մնա. «Արամ, դու գիտես, որ ես նույնպես ուզում եմ սահման գնալ, կռվել թշնամու դեմ… հետո ինչ, որ տղամարդ չեմ ծնվել, հայրենիքը հո միայն տղաների՞նը չէ…»:

«Արարատի կանչող լույսը» վիպակում արծարծվում է այն միտքը, որ ժամանակն է արդեն հույսը դնել ոչ թե օտարի, այլ՝ մեզ վրա. «Ամենաճշմարիտ արվեստը զինվորի գործն է, որ հայրենիք է պահում, հիվանդ հայրենիք է առողջացնում, իսկ մենք՝ հայերս, այդ արվեստի լավագույն գիտակներից ենք եղել ու կանք»: Վիպակի գաղափարախոսությունը մեջբերենք հեղինակի խոսքով. «Քանի դեռ նվիրական ոգով եւ անձնական կյանքովդ երկրիդ հնազանդ ծառան չես, չես կարող նաեւ նրան տեր դառնալ»:

«Չընդհատվող ճանապարհ» վիպակը ինքնակենսագրական բնույթ ունի: Բազմաշերտ է ու բազմանշանակ:

Վիպակները մեկ ընդհանուր վիպասք է՝ նվիրված հայոց աշխարհին, հայ մարդուն…

Այն հաճելի անակնկալ է ընթերցողի համար:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

12.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031