Ինչ երազանքներ ունեն Երասխի երեխաները
Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղը գտնվում է Երեւանից 80 կմ հարավ եւ սահմանակից է Նախիջեւանին, ավելի կոնկրետ՝ Հեյդարաբադին: Տարիներ են անցել, բայց բոլորը հիշում են Երասխի ինքնապաշտպանական մարտերը, որ մղվել են 1990 թվականի հունվարի 17-19-ը: Երասխի մարտերի ժամանակ են զոհվել ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եւ ազատամարտիկ Երվանդ Սաղումյանը։
Թեեւ Երասխ գյուղի փողոցները քարուքանդ են, սակայն դա չի խանգարում, որ գյուղի երեխաները վարժ հեծանիվ վարեն: Բոլորի պես նրանք էլ երազանքներ ունեն, շատերը հիմնականում ցանկանում են «ավտո քանդող» կամ տրակտորավար դառնալ, ոմանք էլ՝ անասնապահ:
Մեզ հանդիպած փոքրիկ տղան՝ երրորդ դասարանցի Արսենը եւս «ավտո քանդել-սարքելու» ցանկություն ունի, նա ակտիվ է, խելացի, մեծերի հանդեպ հարգանքով: Պատմեց, որ, օրինակ, մարտի ութին մայրիկի համար վզնոց էր գնել իրենց գյուղի Անդոյի խանութից:
Արամիկը սովորում է հինգերորդ դասարանում, սիրում է նկարել, ֆիզկուլտուրայի դասերն է սիրում: «Որ մեծանամ՝ տրակտորիստ եմ դառնալու… Մեր հարեւան Գեւորգ ձյաձյան էլ ա տրակտորիստ»,-ասում է Արամիկը:
Պատմում է, որ նստել է տրակտոր, ասում է՝ «Տրակտոր կա, որ դռդռում ա, տրակտոր կա, չի դռդռում»: Նաեւ հեծանիվի անիվներն է երբեմն «փչում»:
Արամը բոքսի պարապմունքների է հաճախում, արդեն մի քանի մեդալ ունի: «Մեծանամ՝ չեմպիոն եմ դառնալու»,-ասում է տղան: Ու մեզ ցույց է տալիս իր բոքսի ձեռնոցները: «Բոքսի եմ գնում, որ ով իրեն խելոք չպահի, պատժեմ, մեկ էլ թույլերին եմ պաշտպանելու»,-շարունակում է պատմել երեխան:
Սիրում է իր դպրոցը, ափսոսում է, որ էքսկուրսիաների չեն գնում:
Արամը գիտի, որ իր գյուղը սահմանամերձ է, ասում է՝ «Մեր կողքը թուրքերն են ապրում… Ես ինձ ապահով եմ զգում, որովհետեւ մեր զինվորները պաշտպանում են մեր հայրենիքը»: Չի մտածել, թե ովքեր են իր կողքին ապրում: Բայց կուզենար ճամփորդել, գնալ այլ երկրներ: «Ռուսաստան, Հնդկաստան, Պակիստան, Պարսկաստան, Թուրքիա, սրանք այն երկրներն են, որոնց մասին լսել է»,-ասում է՝ կուզենար գնալ տեսնել, թե ոնց են ապրում:
Երազում է. «Մեծանամ, համ էլ պետք ա բանակ գնամ, հայրենիքը պաշտպանեմ»: Մարտի ութին Արամը մայրիկին նամակ է գրել ու մաղթել առողջություն, երկար տարիների կյանք ու իր խոսքերով. «Չար աչքից հեռու լինի»:
Նա մեկ-մեկ եկեղեցի է գնում Արարատում, խնդրում Աստծուն, որ խաղաղություն լինի: Հինգ ընկեր ունի, ասում է՝ բռնոցի են հաճախ խաղում, ֆուտբոլ, հեծանիվներով մրցում են: Ինքը շատ է սիրում լեգոներով խաղալ, հատկապես տրակտոր ու կոմբայն է հավաքում, ասում է, որ մեծանա նաեւ շատ անասուններ է պահելու, որ հարստանա:
Արդեն որոշել է՝ միսը խորովելու է, կաթ ու մածունն էլ վաճառելու է: Արամեն հինգերորդ դասարանցի է, ինքն էլ է ուզում «ավտո քանդող-սարքող» դառնալ:
Սահմանապահ այս գյուղի երեխաներից որեւէ մեկը չի ուզում գյուղից հեռանալ, ասում են, որ սա աշխարհի ամենալավ անկյունն է, ուղղակի կուզենային, որ փողոցներն ավելի նորոգ լինեին ու մարդիկ ավելի շատ ժպտային:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ,
12.03.2019