Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջերս պաշտոնանկ եղած ռեկտորը, պրոռեկտորը եւ այլք հրաժարվել են «Առավոտի» դեմ հայցից

Մարտ 13,2019 13:30

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության գործով անդրանիկ նախնական նիստը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 21-ին

«Առավոտի» դեմ հայցով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՝ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ Պարույր Քալանթարյանը, Լյուբա Մեհրաբյանն ու պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:

Անդրանիկ նախնական նիստը տեղի է ունեցել երեք տարի առաջ՝ հուլիսի 21-ին:

6 նախնական դատական նիստ է տեղի ունեցել, երեկ թվով վեցերորդ դատաքննությունն էր:

Հայցվոր կողմը դիմել էր դատարան, վիճարկելով 2016թ. հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված դասախոսի՝ Նորիկ Սարգսյանի՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով բաց նամակը:

Հայցվորները տեղեկացրել էին նաեւ, որ չորս տարի առաջ այս գործի շրջանակներում մեկ այլ պատասխանող լրատվամիջոցում՝ «Հրապարակ» թերթում էլ Նորիկ Սարգսյանն իրենց հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ, հայտնել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ: Հայցվորները բաց նամակի մեջ վիրավորական եւ զրպարտչական են համարել Ն. Սարգսյանի մի շարք արտահայտություններ, համաձայն որոնցից մեկի՝ «ՀՊՏՀ տնտեսական պատմության եւ իրավագիտության, այժմ՝ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանը (նա այդ պաշտոնում երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել) 2010-2013թթ. իմ նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք, կեղծիքներ»: Ն. Սարգսյանը մեղադրել էր տնտեսագիտական համալսարանին «ՀՊՏՀ բյուջեի քողարկված՝ հաստիքային կողոպտման համար»: Հայցվոր կողմը պահանջել էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ն. Սարգսյանին նշյալ լրատվամիջոցներով հերքել, ներողություն խնդրել:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանը մինչ այդ դատարան է ներկայացրել նախկին ռեկտոր Կ. Աթոյանի, Մ.Հարությունյանի, Պ. Քալանթարյանի հայցապահանջներից հրաժարվելու մասին դիմումները, որով խնդրել էին իրենց մասով վարույթը կարճել:

Այս հայցապահանջով «Հրապարակի» դեմ դատարանում ոչինչ չկա:

Իսկ ահա հայցից չհրաժարված դասախոս Լյուբա Մեհրաբյանը միայն գումարային փոխհատուցումից է հրաժարվել, իսկ «Առավոտի» դեմ հայցից՝ ոչ:

Նշեմ, որ հայցվոր կողմը պահանջել էր՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի ոչ թե 2000-ապատիկի չափով գումար, այլ՝ 500 000-ի չափով, նույնը վիրավորանքի դեպքում՝ հազարապատիկի փոխարեն՝ 500 000-ի չափով: Նրանք փոխհատուցումից էլ հրաժարվել են՝ հաշվի առնելով իրենց նախկին գործընկեր-դասախոսի կենսաթոշակառու լինելը:

Հիշեցնենք, որ նամակում նշվել էր, որ Կ. Աթոյանը, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, պարտադրել է ՀՀ դատական ատյաններին՝ կայացնել անարդար վճիռ եւ որոշում՝ զրկելով իրեն մասնագիտական գործունեությունից. «Պարոն ռեկտոր, եթե դուք չվայելեիք Հովիկ Աբրահամյանի հովանավորչությունը, ապա նշված եւ ինձ ոչ հասու ստվերային ֆինանսական այլ խախտումները, հավանաբար, ջրի երես դուրս կգային եւ այժմ գոնե կկանխեին Ձեր՝ ՀՊՏՀ ռեկտոր վերընտրվելու հնարավորությունը»,- ռեկտոր Կորյուն Աթոյանին ասելով՝ «վոլյունտարիստ»:

Երեկ նրա ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանը ներկայացրեց նամակագիր Նորիկ Սարգսյանի անունից պատրաստված «հերքման» տեքստ, որի հրապարակումից հետո Ն. Սարգսյանի ներկայացուցիչը հայտարարեց, թե իրենք անելիք չունեն, իր վստահորդը պատշաճ պատասխանող չէ, եւ պատասխանող մնում է միան «Առավոտը»:

Տողերիս հեղինակը, որն այս գործով «Առավոտի» ներկայացուցիչն է, առարկեց ասվածի դեմ, «հիշեցնելով», որ բաց նամակի հեղինակը մինչ վերջերս՝ մինչ հայցերից հրաժարվելը պատասխանող Ն. Սարգսյանն էր, իսկ ինչ վերաբերում է հերքման տեքստին, հայտնեցի, որ տեքստում կային այնպիսի արտահայտություններ, որոնք բաց նամակում չի եղել, եւ խախտում է ԶԼՄ-ների «հերքման մասին» պահանջը:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը որոշեց հետաձգել նիստը, տալ ժամանակ Լ. Մեհրաբյանի ներկայացուցչին, հստակեցնել եւ գրավոր ներկայացնել նախապատրաստելիք տեքստը:

Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031