Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռաբբի Շնայերը ավետարանական հոգևոր հովիվներին քարոզչական շրջագայության է տարել Բաքու

Մարտ 12,2019 23:21

Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի կառավարությունը և նրա դիվանագետներն արտասահմանում անում են ամեն ինչ՝ աշխարհի հրեաներին, ամերիկյան հրեական կազմակերպություններին ու Իսրայելին իրենց կողմը գրավելու համար։

Ադրբեջանը պարզապես կրկնում է Թուրքիայի չարամիտ պահվածքը, որ մինչև վերջերս սիրաշահում էր ԱՄՆ-ում հրեական կազմակերպություններին և Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կոնգրեսի բանաձևի ընդունումը արգելափակելու համար: Բազմաթիվ հրեական խմբեր դադարեցրեցին իրենց անբարո համագործակցությունը Թուրքիայի հետ միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հակասեմիտական հայտարարություններ անել և սպառնալ Իսրայելին:

Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հրեական կազմակերպությունների և Իսրայելի հետ կապեր հաստատելու ձգտումը հիմնված է զուտ հակասեմիտական տեսակետի վրա, որ հրեաները վերահսկում են ամերիկացի քաղաքական գործիչներին, ուստի Ադրբեջանի շահերից է բխում լավ հարաբերություններ ունենալ «հզոր» հրեաների հետ։ Իսրայելական «Հաարեց» թերթի տվյալներով՝ «շատ երկրներ զարգացնում են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, հույսեր փայփայելով վայելել ազդեցիկ ամերիկյան հրեական կազմակերպությունների աջակցությունը, որոնք իրենց հերթին լավ կարտահայտվեն իրենց մասին ԱՄՆ կառավարության առջև»։

Բացի դրանից, Ադրբեջանի հրեամետ ջանքերը հիմնվում են այն փաստի վրա, որ նա միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքեր է գնում Իսրայելից։ Իր հերթին, Ադրբեջանը մեծ քանակությամբ նավթ է վաճառում Իսրայելին: Նաև հետախուզական զեկույցներ են եղել, որ Ադրբեջանը Իսրայելին մի քանի բազաներ է տրամադրել Իրանի հետ իր սահմանին, եթե հանկարծ Իսրայելը որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Ամերիկյան հրեական առաջնորդների և Ադրբեջանի միջև համագործակցության վերջին օրինակը ամերիկյան ավետարանական հոգևոր հովիվների այցն էր Բաքու մարտի 3-8-ը, Նյու Յորքի ուղղափառ ռաբբի Մարկ Շնայերի գլխավորությամբ՝ «նպաստելու միջկրոնական երկխոսությանը և Իսրայելի հետ համագործակցության լուսաբանմանը», տեղեկացնում է «Ասոշեյթեդ պրեսը»։ Սա առաջին ավետարանական պատվիրակությունն էր, որ այցելել է շիա մահմեդական երկիր։ Ռաբբին Ադրբեջանը ներկայացրել է որպես «ամենասիրելի և հարգված մահմեդական երկիրը հրեական ամերիկյան համայնքի աչքում», հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Անցյալ տարի Շնայերը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում մի միջոցառման ժամանակ՝ փառաբանելով Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ բարեկամությունը։

Տասներկու ամերիկյան ավետարանական հովիվներից բաղկացած խումբը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արտգործնախարարին, մահմեդական շեյխերին, տեղական եկեղեցական ղեկավարներին և Իսրայելի դեսպանին։ Ռաբբի Շնայերը ասել է «Ասոշեյթեդ պրես»-ին, որ նախագահ Ալիևը «պատվիրակության այցի ժամանակ հայտարարել է, որ Բաքվում կառուցվելու է երկրում առաջին հրեական մշակութային կենտրոնը, հրեական օրենքներով թույլատրելի կերակուրներով ռեստորանով և հյուրանոցով՝ հրեա  հյուրերին ընդունելու համար»։ Շնայերը ղեկավարում է Նյու Յորքում գտնվող Էթնիկ փոխըմբռնման հիմնադրամը և հիմնադրել է Հեմփթոն սինագոգը Ուեսթհեմփթոն Բիչում, Նյու Յորք։ Ի նշան բարեկամանական հարաբերությունների՝ Ադրբեջանի ազգային ավիաընկերությունը ուղիղ թռչում է դեպի Թել Ավիվ, իսկ նախագահ Ալիևը 2016 թ. հյուրընկալել է Իսրայելի վարչապետին։

Զարմանալի չէ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն օգտվել է ավետարանական առաջնորդների հետ իր հանդիպումից՝ քննադատելու Հայաստանին և խեղաթյուրելու Արցախյան հակամարտությունը։ Նա ասել է՝ «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները ընդգծում են, որ նման հայտարարությունները խոչընդոտում են խաղաղ բանակցություններին»։

Հոգևոր հովիվ Ադամ Մեսան, որը ղեկավարում է Կալիֆորնիայի Ռանչո Կուկամոնգա քաղաքում գտնվող Abundant Living Family եկեղեցին, ասել է «Ասոշեյթեդ պրես»-ին, որ դա իր  առաջին այցն էր մահմեդական մեծամասնություն ունեցող երկիր։ Հովիվն ասել է, որ իրեն քաջալերել են մասնակցել շրջագայությանը՝ Իսրայելի նկատմամբ Ադրբեջանի աջակցող դիրքորոշման և միջկրոնական ջանքերի պատճառով։ «Անհավատալի է, որ մահմեդական մեծամասնություն ունեցող հենց այս երկիրն իրականում պետք է առաջնորդի պայքարը կրոնական երկխոսության, համայնքի և համերաշխության համար»։

Ռաբբի Շնայերը «Ասոշեյթեդ պրես»-ին հաստատել է կրոնական խմբի այցի հետ կապված քաղաքական օրակարգը. «քաղաքական տեսանկյունից հարց չկա, գիտեք, որ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները ԱՄՆ վարչակազմի և Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետ։ Իսրայելը կարևոր միջնորդ է այդ հարցում»։

Ինչպես կոնգրեսական Էլսի Հեյսթինգսի դեպքում, այս անգամ էլ Ադրբեջանը, կարծես թե, մեկ այլ խայտառակ անձնավորության է ընտրել իր քարոզչությունը տարածելու համար: 60-ամյա ռաբբի Շնայերը վեց անգամ ամուսնացած է եղել, վերջին անգամ՝ 2017 թ. մարտին։ Ֆլորիդայի նահանգը 2018 թ. փետրվարին հրամայեց Շնայերին ամսական 5000 դոլար վճարել՝ երեխայի 64 594 դոլար չվճարված նպաստի համար, որը նա պարտք էր մնացել իր երրորդ կնոջը՝ իրենց 19-ամյա որդու խնամքի համար։ Ռաբբի Շնայերը 2015 թ. հունիսին հեռացվել է Ամերիկայի ռաբբիական խորհրդի կողմից՝ էթիկայի կանոնները խախտելու համար՝ արտամուսնական հարաբերություններ ունենալու պատճառով։ 2010 թ. հունիսին ռաբբին իր կրոնակիցներին հայտարարեց, որ տառապում է «երկբևեռ խանգարում» հիվանդությամբ։

Վիքիպեդիայի համաձայն՝ «իր կրոնակիցների ճնշման ներքո՝ իր բազմաթիվ ամուսնալուծությունների և սիրաբանությունների պատճառով, Շնայերը 2016 թ. հրաժարվեց քարոզչի իր դիրքից Հեմփթոն սինագոգում, որը նա հիմնադրել էր 1990 թվականին։ Հավատացյալները սպառնացին, որ կհրաժարվեն խոստումներից և վճարումներից, քանի դեռ նա չի լքել սինագոգը»։

«Նյու Յորք փոստը» հաղորդել է, որ իր երրորդ կնոջը խաբելուց հետո ռաբբի Շնայերը 2006 թ. ամուսնացել է «մի սեքսուալ երկրպագուի»՝ Թոբի Ռուբինշտեյնի հետ, որը դարձել է նրա թիվ 4 կինը: «2010 թ. Թոբին մասնավոր խուզարկու վարձեց, որը հայտնաբերեց նրա ամուսնու և այն ժամանակ 30-ամյա Գիթի Լեյների սեռական բնույթի բաց լուսանկարները Սուրբ երկրում, որտեղ Շնայերը կնոջն ասել էր, թե մեկնում է սովորական աշխատանքային այցով։ Թիվ 4 ամուսնությունը շուտով ավարտվեց ամուսնալուծությամբ»։ 2013 թ. ռաբբին ամուսնացավ Գիթի Լեյների՝ թիվ 5 կնոջ հետ։ 2014 թ. այս զույգը երեխա ունեցավ, «սակայն 2015 թ. Շնայերին բռնեցին Queens-ում, սեքսուալ երիտասարդ Սիմի Թեյթելբաումի հետ ընթրելիս, որն էլ 2017 թ. դարձավ նրա  6-րդ կինը… Հետաքրքիր է, «Նյու Յորք փոստը» հաղորդել է, որ «Շնայերն իր արատավոր արտամուսնական կապերը բացատրել է նրանով, որ ինքը մտավոր հիվանդ է և բուժում է փնտրում»։

Ռաբբիի նախկին կինը՝ Թոբի Գոթսմանը ասել է «Նյու Յորք փոստ»-ին. «Երբ ես նրան լքեցի, նա վաստակում էր 800 հազար դոլար… որը ներառում էր 500 հազար աշխատավարձը, գումարած հարյուր հազարավոր լրացուցիչ փոխհատուցում, ներառյալ վճարումները նրա գրեթե 5000 քառ. մետր մակերեսով տան համար Ուեսթհեմփթոն Բիչում, որը գնահատվում է մոտ 3 միլիոն դոլար»։

Նախորդ շաբաթ ռաբբի Շնայերի այցը Ադրբեջան նրա առաջին այցը չէր։ Վերջին տարիներին նա մի քանի անգամ քարոզչական շրջագայություններով եղել է այնտեղ։ Հետաքրքիր է, արդյոք ռաբբին որևէ փոխհատուցում է ստացել նախագահ Ալիևից իր «արժեքավոր» ծառայությունների համար: Ռաբբիի բազմաթիվ այցելությունները Ադրբեջան նրան ավելի շատ դարձնում են լոբբիստ, քան կրոնական գործիչ…

Ես կոչ կանեի հայկական ավետարանական եկեղեցու առաջնորդներին կապվել այդ 12 հովիվների հետ, որոնք անցյալ շաբաթ այցելել են Բաքու՝ հակազդելու Հայաստանի և Արցախի դեմ նրանց մատուցված քարոզչության դեմ։ Ես կցանկանայի նաև իմանալ, թե արդյոք հովիվները և ռաբբի Շայները Բաքվից վերադարձել են ճամպրուկներով՝ լցված սովորական ադրբեջանական «ընծաներով»՝ խավիարով, գորգերով և այլ արժեքավոր իրերով…

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031