Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում սկեսուրի խորհուրդներին էին հետևում, հիմա ամուսինների հետ են այցելում գինեկոլոգին. հղի կնոջ էվոլյուցիան

Մարտ 12,2019 23:00
hxi

Ինչպես առողջ, թեթև և անվտանգ անցկացնել հղիությունը, ինչպես պատրաստվել ծննդաբերությանը և ունենալ հեշտ ծննդաբերություն: Այս հարցերի պատասխանները բոլոր ապագա մայրիկներին են հետաքրքրում: Կան այսպես կոչված ոսկե կանոններ, որոնց կիրառման դեպքում հնարավոր է տարիներ անց հիշել հղիության և ծննդաբերության շրջանը որպես հաճելի մի իրադարձություն, այլ ոչ թե ամեն անգամ կյանքի այդ փուլը հիշելիս նախ մտաբերել դժվարությունները:

Անհրաժեշտ է պլանավորել հղիությունը

Մանկաբարձ-գինեկոլոգ Մագդա Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց հղիության պլանավորումը, հատկապես այն, որ նախքան կնոջ հղիությունն ամուսնական զույգը բժշկական հետազոտություն անցնի, որպեսզի հետագայում հղիությունն  անցնի հարթ՝ առանց բարդությունների. «Հղիությունը միայն կնոջը չի վերաբերվում, այլև նրա ամուսնուն: Հիմա շատ հաճախ զույգերով են գալիս բժշկին այցելության: Ամուսինն էլ է լսում, նա էլ է հարցեր տալիս: Հղիությունը զույգին է վերաբերվում. դա միայն կնոջը չի վերաբերվում: Երկուսի առողջ լինելն ու ճիշտ վերաբերմունքն ապագա երեխայի առողջության գրավականն է: Ցավոք, դեռ կան ընտանիքներ, որտեղ այդ բեռը դրված է կնոջ ուսերին, բայց հղի կինը հոգեբանական այդ բեռից պետք է ազատվի»:

Կարևոր է ապագա մայրիկի առողջ ապրելակերպը՝ սկսած օրվա ռեժիմից, մինչև առողջ սնունդ. «Օրինակ՝ չի կարելի ապխտած սնունդ ընդունել, սուրճը չարաշահել, ծխելն ընդհանրապես բացառված է, բոլոր գազավորված ըմպելիքներից հրաժարվել, սնվել կաթնամթերքով, բանջարեղենով, մրգով, անպայման միս և թարմ հյութեր օգտագործել: Այն սնունդը, որի մեջ կան կոնսերվանտներ, չի կարելի ընդունել: Եթե մի ուտելիքի պահպանման ժամկետը 6-12 ամիս է, դա նշանակում է՝ այնտեղ բազում կոնսերվանտներ կան, և ընդհանրապես մարդկանց, մասնավորապես հղիին չի կարելի»:

Մանկաբարձ-գինեկոլոգը հղիներին խորհուրդ է տալիս ամեն օր ունենալ առավոտյան և երեկոյան զբոսանքներ, զբաղվել յոգայով: Եթե հղիությունը չի ընթանում բարդություններով, հենց առաջին ամսից էլ կարելի է  յոգայով զբաղվել. դա  ավելի թեթևացնում է թե′ ծննդաբերությունը, թե′ արգանդի պարանոցի բացման շրջանը բավականին կարճացնում է:

Հարցին՝ ի՞նչ էվոլյուցիա է ապրել հղի կինը, Մագդա Սարգսյանը պատասխանեց. «Հիմա հղի կինն ավելի տեղեկացված է, ավելի լուրջ է վերաբերվում իր հղիությանը, քան նախկինում: Նախկինում հղիները շատ էին շարժվում՝ սկսուրս սա ասաց, նա ասաց սկզբունքով, կամ սկեսուրի, սկեսրայրի, ամբողջ ընտանիքի հետ էին գալիս կոնսուլտացիայի: Հիմա շատ ավելի են տեղեկացված, ավելի լուրջ են վերաբերվում իրենց և ապագա բալիկի առողջությանը: Շատ լավ է, որ հղի կանայք բժշկին այցելում են ամուսինների հետ: Նախկինում նման բան չեմ հիշում»: Մագդա Սարգսյանի կարծիքով՝ լավ է, որ հղի կինն աշխատի, սակայն հղիին չի կարելի գիշերային հերթապահություններ, տաքության հետ կապված աշխատանք. օրինակ՝ հացթուխ, եթե ցուրտ տեղերում է աշխատում, քիմիական արդյունաբերության մեջ, նման աշխատանքները ևս չեն կարելի. «30 շաբաթականից հետո հղին պետք է զբաղվի միայն իրենով և ոչ մի աշխատանք: Առավոտյան, երեկոյան զբոսանքները խրախուսվում են»:

Մանկաբարձ-գինեկոլոգը կարևորեց նաև հղիության պլանավորման դեպքում ֆոլաթթվին՝ վիտամին B9-ին ուշադրություն դարձնելը:

Աշխարհը՝ ապագա մայրիկի աչքերով

26-ամյա Ժակլին Գյանջյանը BetConstruct ՍՊԸ-ի կոնտենտ մենեջերն է: Նա համարում է, որ հղիությունը բավականին թեթև է անցկացնում և առանձնապես չի ծանրացնում իր ներկայիս կարգավիճակը: Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ աստիճանները թռվռալով է բարձրանում, իջնում, համարձակվել է հղիության ընթացքում մեքենայով երկար ճանապարհ գնալ: Հարցին՝ հղիությունից հետո ի՞նչ փոխվեց կյանքում, Ժակլին Գյանջյանը պատասխանեց. «Շրջապատում բոլորը քեզ ուրիշ ձև են վերաբերվում ու չեն ծանրաբեռնում: Իմ պարագայում հղիությունը բավականին հեշտ է ընթանում, և կցանկանամ աշխատել ավելի երկար, քան ինձ համար նախատեսված է: Փոխվեց այն, որ արդեն մտքերով բալիկիս հետ եմ, հետաքրքրություններն են փոխվել, շրջապատում խոսակցություններն են փոխվել, նաև զբաղմունքն է փոխվում: Մինչ հղիությունը ես չեմ սիրել յոգա, բայց հենց հասկացա, որ հղի եմ, որոշեցի, որ պետք է գնամ յոգայի, սկսեցի սիրել այն քանի որ գիտեմ՝ և′ իմ, և′ երեխայի համար դա օգտակար է»:

Ժակլինը նշեց, որ շրջապատում ունեցել է ծանոթ, որը բավականին հիվանդագին է վերաբերվել հղիությանը. «Չէի ցանկանա, որ մյուս հղիներն էլ այդպես վարվեին՝ չափազանց զգույշ, ուշադիր, ամեն ինչն ընկալեին ծայրահեղությունների գիրկն ընկնելով: Ընդհակառակը, հղիության ընթացքում պետք է լինել թեթև, ամեն վայրկյանը վայելել, և ամեն հղի շատ դեպքերում ինքն իր զգացողությամբ կարող է հասկանալ՝ ինչն է իրեն կարելի, ինչը՝ ոչ, բնականաբար, բժշկական և մնացած հարցերի մասին չէ ասածս»:

Հղիներ, նախապատրաստեք ձեր ճամպրուկները

Հաճախ հղիության վերջին օրերին հղի կանայք խուճապի են մատնվում՝ չգիտեն՝ ինչ փաստաթղթեր, իրեր պետք է տանել ծննդատուն: Որոշ ծննդատներում նախօրոք հղի կանանց տրամադրվում է ցուցակ, որտեղ նշված է, թե ինչ պետք է լինի ապագա մայրիկի ճամպրուկում:

Էրեբունի ծննդատան Կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկակական գիտությունների թեկնածու Անահիտ Ստեփանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց՝ ցանկալի է, որ 34 շաբաթականից կամ գոնե 36 շաբաթականից սկսած հղիի ճամպրուկն արդեն պատրաստ լինի: Նա ներկայացրեց այն առարկաների ցանկը, որոնք հղի կինը պետք է ունենա ծննդատուն գնալիս. «Նախ անհրաժեշտ են փաստաթղթեր՝ մայրիկի անձնագիր, փոխանակման քարտ և ծննդաբերության հավաստագիր: Մայրիկի համար անհրաժեշտ իրերից են բջջային հեռախոս՝ լիցքավորիչով, խալաթ, գիշերանոց՝ ցանկալի է ծնկի մակարդակին, գուլպաներ, եթե ունի երակների խնդիր, կոմպրեսիոն գուլպաներ, չոր ու խոնավ անձեռոցիկներ, օճառ, ատամի խոզանակ, մածուկ, տակաշորեր և կնոջ խնամքի, հիգիենայի պարագաներ: Սպիտակեղեն վերցնել պետք չէ, քանի որ ծննդատներում հղիներին հատկացվում է»:

Ապագա մայրիկի ճամպրուկում պետք է լինեն նաև նորածնի իրերը: Մանկաբարձ-գինեկոլոգը թվարկեց. «Նորածնի համար ապագա մայրիկի ճամպրուկում պետք է լինեն խոնավ անձեռոցիկներ, հիգիենայի համար կրեմներ, երեխայի խնամքի պարագաներ, խոնավացնող կրեմներ կրծքերի խնամքի համար, մանկական տակդիրներ, խոնավ անձեռոցիկներ, երեխայի հագուստը: Ցանկալի է, որ այդ պարագաները լվացված ու արդուկված կլինեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031