Լրահոս
Օրվա լրահոսը

Սցենարի առումով զորավարժությունները հարձակվողական են. Վովա Վարդանով

Մարտ 12,2019 20:40

«Այս զորավարժությունները ոչ մի կերպ աննախադեպ չեն: Մենք ավելի մեծ զորավարժությունների ականատեսն ենք եղել: Տարբերվում են տեխնիկական միջոցներով, որ առաջներում չեն օգտագործել, չեն ունեցել, հիմա ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հակառակորդի կողմից իրականացվող զորավարժությունների մասին՝ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Վերջինս նշեց, որ այսօր առավոտյան օգտագործվել է Պոլոնեզ զինատեսակը, որը նոր են գնել Բելառուսից, և քանի որ նոր են գնել, նոր են օգտագործում ռազմական վարժանքների ժամանակ:

«Ուրիշ ձևով աննախադեպ ոչինչ չեմ տեսնում, սցենարի առումով զորավարժությունները հարձակվողական են. նոր դիրքերն են վերցնում, հետո մեր հակահարվածը կանգնեցնում, առաջ ընթանում և նոր դիրքեր վերցնում: Մոտավորապես՝ այսպիսի սցենար է, որն իրական պատերազմական կիրառության մեջ եղել է 2016 թ-ի ապրիլին»,-նշեց բանախոսը:

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն էլ կարծում է, որ զորավարժություններն  իրոք աննախադեպ են: Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս խոսում է այն մասին, որ այս զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում:
«Այս անգամ ադրբեջանական հաշվարկների առաջ բավական բարդ մարտական առաջադրանք է եղել, քանի որ, եթե առաջ ադրբեջանական զինված ուժերը նախօրոք թիրախների կոորդինատները ստանում և խոցում էին, հիմա իրենք հայտնաբերել, իրենք խոցել են: Այսօր առավոտյան 200 կիլոմետրի վրա խոցել են 30 մետր ճշգրտությամբ: Թիրախները ստեղծված են հայկական դիրքերի կրկնօրինակման տարբերակով»,- ասաց Վան Համբարձումյանը:

Վերջինս նկատեց նաև, որ հատկապես Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ սա պատահական չի արվում. «Այս ամենը արվում է, որ հայկական կողմի վրա շատ ուժեղ ճնշում գործադրեն, և դա լինելու է: Յուրաքանչյուր զորավարժություն ընկալվում է որպես պատերազմի սկիզբ: Պատերազմը հենց այնպես չի սկսվում, այն սկսվում է ուժերի կուտակումից, բայց հիմա զորավարժության անվան տակ են քողարկում ուժերի կուտակումը: Ես կարծում եմ, որ այս կուտակումները շատ բանի մասին են խոսում. թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտական դաշտում սրացումներ են նախատեսվում»:

Վովա Վարդանովն էլ ընդգծեց, որ հակառակորդը մեզ մշտական լարվածության մեջ է պահում:
«Մենք, թուրքին որպես ուսուցիչ ունենալով, շատ վատ աշակերտ ենք: Թուրքը մեզ ասում է՝ հայեր պատրաստվեք, ԵԱՀԿ-ն ասում է հայեր պատրաստվեք, հասարակությանը պատրաստեք, որ հանկարծ չպարտվեք: Մենք չենք պատրաստվում: Մենք հիմար աշակերտ ենք, դասեր չենք քաղում»,- հավելեց պարոն Վարդանովը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031