Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԱԽ համատեղ նիստն անցկացվեց Արցախում

Մարտ 12,2019 22:00

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը

Հայկական երկու պետությունների Անվտանգության խորհրդի համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Արցախի`բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտությունը, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս հստակ ասացին, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու: «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,- ասել է ՀՀ վարչապետը: Այսինքն, բանակցությունները մտնում են փակուղի՞:

– Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձն առանցքային նշանակություն ունի հարցի կարգավորման և գործընթացի էֆեկտիվության առումով: Կարծում եմ՝ համանախագահ երկրները սա գիտակցում են, սակայն սա արագ լուծվող հարցերից չէ: Դրան հասնելու համար պետք է դեռևս երկար աշխատել:

Համանախագահների հայտարարության՝ ֆորմատի փոփոխության մասին արված ձևակերպումներն անընդունելի են, հատկապես այն պարագայում, որ վերջիններս նույնիսկ իրենց հրապարակային ելույթներում չեն խուսափում հայտարարելուց, որ ինչ-որ փուլում Արցախի ուղիղ ներգրավվման անհրաժեշտություն է լինելու:

Հայաստանի և Արցախի պնդումները՝ բանակցությունների ֆորմատի լիարժեքության մասով, բխում են խնդրի արդյունավետ կարգավորման տրամաբանությունից:

– Արդեն իսկ քննադատության է արժանանում Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ Ադրբեջանի նախագահը «ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը»: Վարչապետն այս հիշատակմամբ սայթաքո՞ւմ է թույլ տվել:

– Ներեցեք, բայց չէի ցանկանա ՀՀ վարչապետի քայլերի առնչությամբ գնահատականներ հնչեցնել:

Միայն մեկ փոքրիկ դիտարկում. «ադրբեջանական համայնք» ասվածը հասարակական կազմակերպություն է իրենից ներկայացնում, որը որևէ պարագայում չի կարող հավասար հարթության մեջ դրվել Արցախի հետ:

– Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ համանախագահների կողմից հստակ եւ առանց տարընթերցման հնարավորության պարզաբանման կարիք ունեն հարցի կարգավորման 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Համամի՞տ եք:

– Համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ, որպես աշխատանքային առաջարկություններ, հղում էին կատարել հենց վերոնշյալ սկզբունքներին և տարրերին, 2009-2012 թվականների ընթացքում ներկայացված աշխատանքային փաթեթներին:

Պետք է հստակ հասկանալ, այս փուլում, ինչ սկզբունքների, ինչ օրակարգի, ինչ փաստաթղթերի շուրջ պետք է կամ հիման վրա պետք է ապահովել բանակցությունների վերսկսումը. սա ճշգրտման, դիրքորոշումների հստակեցման ժամանակահատված է:

–  Արցախում կայացած անվտանգության խորհրդի համատեղ նիստի մասին հարցերը շատ էին, նաև անհրաժեշտության առումով և ինչո՞ւ հենց Արցախում: Ի վերջո, այս հանդիպումն ի՞նչ հարցեր լուծեց, արդյո՞ք սա պայմանավորված էր համանախագահների ոչ հայանպաստ հայտարարությամբ կամ Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով:

– Անվտանգության խորհրդի այս նիստն ավելի մեծ օրակարգ ուներ և շոշափում էր հարցերն առավել լայն սպեկտրով` սկսած Արցախյան գործընթացի ներկայիս փուլից, զինված ուժերի արդիականացմամբ՝ վերջացրած Հայաստանում և Արցախում նախատեսված-իրականացվող ռազմավարական ծրագրերով: «Անվտանգություն» հասկացողությունը բազմաթիվ բաղադրիչներ ունի, որի ամբողջական էլեմենտների ապահովումը միայն հնարավորություն կտա հասնելու մեր դրած նպատակներին, ինչպես նաև՝ ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունը:

Այս նիստը նաև հնարավորություն էր համալիր քննարկումներ անցկացնելու Արցախի և Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման, մեր ընդհանուր մարտահրավերների և համայն հայության պոտենցյալի, ռեսուրսի մոբիլիզացիայի շուրջ, հասկանալու, թե ո՞ր ուղղությամբ խնդիրներ ունենք եւ ինչպե՞ս ենք լուծելու, ո՞ր ուղղությամբ ռիսկեր ունենք եւ ինչպե՞ս ենք չեզոքացնելու, ո՞ր ուղղությամբ զարգացման, առաջ գնալու տարբերակներ ունենք եւ ինչպես ե՞նք իրացնելու:

Այս նիստի, դրանում տեղ գտած քննարկումների տրամաբանություն հուշում է, որ սրան հաջորդելու է, ըստ ոլորտների, աշխատանքային խորը ուսումնասիրությունների, բովանդակային քննարկումների ժամանակահատված: Սա աշխատանքային պրոցես է, որը խորքային, բովանդակային, գաղափարական առումով ուղղված է մեր կենսական շահերի սպասարկմանն ու տարածաշրջանում Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդմանը:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031