Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունները իր դաշնակիցների հարցում. Ջեյմս Ապաթուրայ

Մարտ 12,2019 20:15

«Այստեղ խաղաղ գործընթացների համար աշխարհագրական իրավիճակը բարդ է: ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունները իր դաշնակիցների հարցում: Խնդիր չենք տեսնում ԵԱՏՄ-ի անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի միջև համագործակցության մեջ: Այս հարցը քննարկվել է նաև վարչապետի և նախագահի հետ: Մեր համագործակցությունը ամրապնդում է  տարածաշրջանի կայունությունը, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել ընդհանուր մարտահրավերներին»,- այսօր Ֆրանսիական համալսարանում  տեղի ունեցած «ՆԱՏՕ-ի գործընկերությունները. Ֆրանսիայի տեսակետը» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց  ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Պարոն Ապաթուրայը նշեց իր խոսքում, որ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Ռուսաստանի հետ շատ խորն ու լայն էր, բայց Ռուսաստանը ընտրեց մեկ այլ ուղղություն: Նա նկատեց, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ մի օր նորից ավելի լավ հարաբերություններ կառուցելու համար:

Պարոն Ապաթուրայն իր խոսքում ընդգծեց նաև, որ Հայաստանի հետ համագործակցությունն ունի 2 հիմնասյուն՝ քաղաքական և գործնական՝ նշելով, որ  քաղաքական երկխոսությունը պետք է ակտիվ շարունակվի:

«Միասին մենք աշխատում ենք նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Մենք գիտենք, որ սա նոր կառավարության առաջնայնություններից մեկն է: Հայաստանը մասնակցում է մի ծրագրի, որը կոչվում է «Ինտեգրության զարգացում»: Սա աջակցում է թափանցիկությանն ու լավ կառավարմանը պաշտպանության բնագավառում: Մենք երեկ պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք ուսուցում իրականացնելու գաղափարը պաշտպանության բնագավառում, աշխատում ենք ռազմական կրթության բնագավառը բարեփոխելու համար: Նոր ծրագրեր են մշակվելու ռազմական կրթության բնագավառում, ապագայում ցանկանում ենք նաև զարգացնել ենթասպաների համար կրթական ծրագրերը՝ հայկական ծրագրերը համապատասխանեցնելով Եվրոպական ծրագրերին»,- ասաց բանախոսը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը  ոչ կառավարական գործընկերների հետ պետք է և հարցին, թե ինչ է պլանավորվում անել այս հարցով, պարոն Ապաթուրայը պատասխանեց, որ պետք է  լինենք իրատեսական, և ՆԱՏՕ-ն ունի շատ լավ գործընկերներ հասարակական դիվանագիտության ոլորտում. «շատ լավ գաղափար է,  որ կառավարությունը օժանդակի Հ/Կ-ներին, որպեսզի վերջիններս կարողանան ունենալ այդ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»:

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կփոխլրացնի մեր այլ համագործակցությունները: Ռուսաստանը Հայաստանի ցանկացած քայլը ցավոտ է ընկալում: Մենք պետք է շարժվենք մեր շահերով՝  դրանք համադրելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ: Բայց Ռուսաստանը պետք է իմանա, որ Հայաստանը իրավունք ունի աշխատել ՆԱՏՕ-ի հետ, այլ պետությունների հետ՝  հաստատելու, ուժեղացնելու մեր անվտանգությունը:  Համագործակցությունը շատ կարևոր է, որ Ռուսաստանը հասկանա, որ այլ հարցերով իրենք մեզ չեն կարող դավաճանել, եթե դավաճանեն, մենք այլընտրանք կսկսենք փնտրել: Ես չեմ տեսնում, որ այս պահին կառավարությունը այլընտրանք է փնտրում կամ ուզում է փոխարինել Ռուսաստանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Իսկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն ընդգծեց, որ մենք և մեր գործընկերները պետք է հասկանանք, որ մեր համագործակցությունը որևէ կազմակերպության, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ ուղղված չէ որևէ այլ կազմակերպության կամ պետության դեմ. «Ժամանակին եղել է, նկատել ենք այդպիսի խանդ, երբ Հայաստանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի այս կամ այն ծրագրին, զորավարժություններին, մեր գործընկերները մտածում էին, որ դա կարող է վնաս հասցնել մեր այլ հարաբերությունների: Իրականում այդպես չէ: ՆԱՏՕ-ի հետ ծրագրերը նպատակային են և ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը: Այս շրջանակներում մենք շարունակում ենք համագործակցել: Ես չեմ կարծում, որ ռազմական գործոնը ՆԱՏՕ-ի հարաբերություններում կարող է լինել այդքան մեծ, որ կարող է հակակշռել կամ փոխարինել այն ռազմական միջոցներին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031