Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. «Արամ Հարությունյանը պետք է կալանավորվի, Արաքս Դիլանյանն էլ ասի, որ ստացել է 8 միլիոն դոլարը»

Մարտ 12,2019 19:22

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որը հետախուզման մեջ է, առաջին ատյանի դատարանին բողոք է ներկայացրել իր հանդեպ քրեական գործի վերաբացման դեմ: Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը, որը 2007թ.-ից եղել է բնապահպանության նախարար, մեղադրվում է հանքերի շահագործման լիցենզիայի տրամադրման դիմաց գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափի` 14 միլիոն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Այս գործի վարույթը տարիներ առաջ կասեցվել էր եւ վերաբացվել 2018թ.-ին՝ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով: Այսօր բողոքի քննության հերթական նիստում Սիլվա Համբարձումյանն էլ դիրքորոշում հայտնեց, քանի որ այս գործով շահագրգիռ անձ է:

Նա ասաց, որ Արամ Հարությունյանի բողոքի դեմ առարկում է, քանի որ գտնում է, որ գործը վերաբացելու մասին դատախազի որոշումն օրինական է: Արաքս Դիլանյանին(Արամ Հարությունյանի գործով մեկ այլ մեղադրյալ) առնչվող դրվագների  հետ կապված էլ Սիլվա Համբարձումյանը նշեց. «Նա ստել է, թե ինձանից գումար չի ստացել: Ունեմ Դուբայից ուղարկված փաստաթղթեր այն մասին, որ ութ միլիոն դոլար գումարը նստել է նրա հաշվին, նա էլ բաշխել է երեք անձերի միջեւ»: Հիշեցնենք՝ 2018թ.-ին Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր՝ Արաքս Դիլանյանն Արամ Հարությունյանի մտերիմն է, որի Դուբայի հաշվին ինքը փոխանցել է 8 միլիոն դոլար: Արաքս Դիլանյանն էլ հայտարարել է, որ չի ճանաչում Սիլվա Համբարձումյանին:

Այսօրվա նիստում գործով քննիչ Դավիթ Կոստանդյանը միջնորդեց, որպեսզի բողոքի քննությունն անցկացվի դռնփակ, քանի որ Արամ Հարությունյանի գործով դեռեւս նախաքննություն է ընթանում: «Ցանկալի չէ նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը»,-իր հերթին պնդեց մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանը: Արամ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանն առարկեց: «Երբ վարույթն իրականացնող մարմնին պետք է, գաղտնիք չկա, ամեն ինչ կարելի է  հրապարակել»,-հեգնեց նա, ապա հավելեց,-«վարչապետի մակարդակով ԱԺ-ին սպառնալիքներ են ուղղվել Արամ Հարությունյանի առնչությամբ: Մեր բողոքի հրապարակայնությունը պետք է ապահովվի: Թող հանրությունը երկու կողմին լսի եւ հասկանա, թե ով է ճիշտ»: Դատարանը բողոքի քննությունը դռնփակ անցկացնելու շուրջ կողմերի կարծիքները կշարունակի լսել ապրիլի 26-ին՝ 14:00-ին:

Լրագրողների հետ զրույցում Սիլվա Համբարձումյանն անդրադառնալով Արամ Հարությունյանի գործին՝ ասաց. «Արդարությունը պետք է հաղթի, եւ Արամ Հարությունյանը պետք է կալանավորվի, Արաքս Դիլանյանն էլ ասի, որ ստացել է այդ գումարը: Գումարը կազմել է 14 միլիոն դոլար։ Ութ միլիոնը հստակեցված է, քանի որ փոխանցում է եղել, իսկ մնացածը Սուրեն Ավագյանի միջոցով է եղել՝ կանխիկ։ Ավագյանն Արամ Հարությունյանի համակուրսեցին է, նրա նազիր-վեզիրը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031