Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ կոլայի» տնօրեն. «Մեզ ասում են՝ չենք կարող հետ կանգնել. այս օրենքը դեռ Կարեն Կարապետյանի ժամանակ էր շրջանառվում»

Մարտ 12,2019 18:20

Ֆինանսների նախարարությունը երեկ գազավորված ըմպելիքներ արտադրողների դժգոհությունը մեղմելու համար հանդիպել էր, լսել առաջարկություններն ու խոստացել այսօր որոշման մասին լուր հայտնել:

Գազավորված եւ շաքար պարունակող ըմպելիքների արտադրությունը հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է ակցիզային հարկատեսակով հարկել: Սա դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել. Տնտեսվարողները երեկ բողոքի ցույց էին անում:

Ֆինանսների նախարարությունից Aravot.am-ին ասացին, որ քիչ առաջ քննարկումներն ավարտվել են. սպասում են առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների եւ սննդի անվտանգության տեսչական մարմնի դիտարկումներին եւ եզրակացությանը՝ գազավորված ըմպելիքներում շաքարի պարունակության վնասակարության մասին եւ օրենսդրության պահանջների համապատասխանության մասին:

«Հայ Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա քննարկման մասին իրեն էլ են տեղեկացրել. «Ասացին, որ ճշտումներ ենք անում ՍԱՊԾ-ի, առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարության ու ՊԵԿ-ի հետ: Ես վստահ ասում եմ՝ կառավարությունը ֆիսկալ խնդիր է լուծում: Մենք ուղղակի միջնորդ ենք՝ էդ ակցիզային հարկը, եթե կիրառեն, որքանով ավելանա, այդքանով ապրանքը թանկանալու է, ու այդ նույն գումարը նույնությամբ մենք վճարելու ենք բյուջե: Մեզ դրանից ոչ մի օգուտ չկա, միայն՝ վնաս: Եթե ապրանքը թանկանա՝ մենք սնանկացման կգնանք»:

Հովսեփյանի համար անընդունելի է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հիմնավորումը. «Ասում էր՝ ասպարտամ նյութը ենթադրում է վնասակար ազդեցություն առողջությանը: Երբ մենք բողոքեցինք, եւ փաստեր պահանջեցինք այդ վնասակարության մասին, նա առաջարկեց ասպարտամ նյութով ըմպելիքների վրա չտարածել օրենքի դրույթը: Բայց մենք պահանջում ենք ընդհանրապես այդ դրույթը՝ 5 եւ ավել տոկոս շաքար պարունակող գազավորված ըմպելիքների վրա ակցիզային հարկ կիրառելը վերացնել, եւ թողնեն ոնց աշխատում էինք, այդպես էլ շարունակենք: Մեզ ասում են՝ չենք կարող հետ կանգնել, այս օրենքը դեռ Կարեն Կարապետյանի ժամանակ էր շրջանառվում, ուղղակի ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր»:

Տնտեսվարողը վստահեցրեց՝ եթե կառավարությունը ընդառաջ չգնա, բողոքի ցույցերը շարունակելու են. «Մենք 23 տարվա ընկերություն ենք, թող գան տեսնեն ինչ արտադրություն ենք հիմնել, ուզում են մի օրում փակե՞ն մեր գործարանը ու մարդկանց գործազուրկ դարձնեն:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երեկ տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջարկվում է հարկային փոփոխությունների փաթեթային տարբերակ՝ առաջարկվող նախագծով իջեցվում են ուղղակի հարկերը՝ փոխարենը բարձրացնելով անուղղակիները, այսինքն՝ հարկային բեռը ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկման դաշտ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031