«Ինչ ասել եմ Սամվել Մայրապետյանի հետ կապված, պնդում եմ եւ միշտ կպնդեմ, որովհետեւ դա իրականություն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց գործարար Սիլվա Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար: Դեռեւս նախորդ տարի գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։ Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ այն փոխանցվե՞լ է Քոչարյանին:
«Ես տվել եմ Մայրապետյան Սամվելին: Փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ, չգիտեմ»,-պատասխանեց Սիլվա Համբարձումյանը: Նաեւ տեղեկացրեց, որ Արմեն Գեւորգյանի հետ առերեսում դեռ չի եղել:
Ինչ վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել Սիլվա Համբարձումյանի դեմ, վերջինս ասաց. «Չկա նման բան: Իրենց հարցրեք: Ոչ էլ Մանվել Գրիգորյանն է իմ դեմ հայց ներկայացրել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/267131474219949/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ