Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Փաշինյանի ասածը անհերքելի ճշմարտություն է, որը, սակայն, ամենևին չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է բանակցել. Հայկ Արամյան

Մարտ 12,2019 17:37

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ փորձ է արվում յուրովի մեկնաբանել վարչապետ Փաշինյանի խոսքերը այն մասին, որ նա իրավասու չէ բանակցել Արցախի Հանրապետության անունից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, Փաշինյանի խոսքերը դիտարկվում են որպես նախապայման կամ նույնիսկ պահանջ, որը, թերևս, շատ տարօրինակ և մտահոգիչ է:

Ի՞նչ պահանջի կամ նախապայմանի մասին է խոսքը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նախապայման է համարել Արցախի մասնակցությունը բանակցություններին. իհարկե ոչ:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ. իհարկե ոչ:

Հակամարտության կարգավորման հարցում Արցախի իշխանությունների և ժողովրդի կամքը այն կարևոր առանցքն է, որից բանակցային օրակարգը երբեք չի կարող զերծ մնալ:

Բանակցություններին Արցախի իշխանությունների ներգրավման անհրաժեշտությունը մշտապես օրակարգում է եղել նաև նախկինում, և սա գաղտնիք չէ համանախագահների համար, այստեղ նորությունն այն է, որ առաջին անգամ է առաջին դեմքի մակարդակով հայտարարվում այն մասին, որ Հայաստանի վարչապետը չունի Արցախի Հանրապետության անունից բանակցելու մանդատ:

Վարչապետ Փաշինյանի ասածը անհերքելի ճշմարտություն է, որը, սակայն, ամենևին չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է բանակցել, կամ պահանջում է փոխել բանակցությունների ձևաչափը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը վերաբերվում է բանակցությունների արդյունավետությանը և խնդրի վերջնական կարգավորմանն ուղղված քայլերին, որի համար, այո, անհրաժեշտ է ներգրավել Արցախի իշխանություններին:

Համանախագահները, որպես միջնորդներ, իրավունք ունեն և ցանկալի է, որ բանակցության համար առաջարկեն քննարկման ենթակա հարցերի շրջանակ, սակայն դա համանախագահներին իրավունք չի վերապահում սահմանափակել կամ կաշկանդել բանակցող կողմերին սեփական բանակցային օրակարգ ձևավորելու հարցում, առավել ևս, երբ որևէ հստակ կարգավորման տարբերակ համաձայնեցված չէ:

Միջնորդական առաքելության նպատակներից է ստեղծել բանակցային բարենպաստ և տրամադրող միջավայր, որտեղ կողմերը կկարողանան անկաշկանդ, առանց որևէ պարտադրանքի քննարկել բոլոր կարևոր հարցերը, և կողմերի համար տարբերակների քննարկման որևէ սահմանափակում սկզբունքորեն չի կարող լինել:

Հետևաբար, ի՞նչ նպատակ է հետապնդում բանակցությունների ձևաչափը միակողմանիորեն փոխելու անթույլատրելիության վերաբերյալ համանախագահների հայտարարությունը, ո՞վ է դրա հասցեատերը, և այս հայտարարությամբ արդյո՞ք համանախագահները արձանագրում են, որ Փաշինյան-Ալիև բանակցությունների և հակամարտության ամբողջական կարգավորման օրակարգում երբևէ չի կարող լինել Արցախի իշխանությունների ներգրավման հարցը:

Մինսկի խումբը իր հայտարարությամբ արդյո՞ք չի վերազանցում միջնորդական առաքելություններին վերապահված լիազորությունները:

Սրանք հարցեր են, որ պետք է քննարկել համանախագահների հետ:

Մի բան հստակ է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում պետք է զերծ մնան սեփական ընկալումները որպես փաստ մատուցելու և մեղադրանք ձևակերպելու հռետորաբանությունից, քանի որ այն ոչնչով չի նպաստում հակամարտության կարգավորմանը, և կարող է ավելորդ լարվածության ու բանակցային մթնոլորտը խաթարելու պատճառ հանդիսանալ:

Հայկ ԱՐԱՄՅԱՆ

քաղաքագետ, իրավագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031