Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թ. փետրվարին գրանցվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ կազմելով 1.9%. ԿԲ

Մարտ 12,2019 16:45
kentronakan bank

2019 թ. թվականի մարտի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:

2019 թ. փետրվարին գրանցվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ կազմելով 1.9%: Ամսվա գնաճին բացառապես նպաստել է սեզոնային ապրանքների գների աճը:

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման ներքո համաշխարհային պահանջարկը որոշ չափով թուլացել է, որի պարագայում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է ցածր գնաճային միջավայրը: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը ժամանակավորապես հետաձգել են դրամավարկային պայմանների ճշգրտումը: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքներով տնտեսական աճը սպասվածից բարձր է եղել՝ պայմանավորված հիմնականում մասնավոր սպառման բարձր աճով: Համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն է պահպանվել նաև 2019 թ. սկզբին՝ հունվարին կազմելով 6.1%: Նշենք, որ տարեսկզբին ևս հարկաբյուջետային քաղաքականությունը ներքին պահանջարկի վրա շարունակում է թողնել զսպող ազդեցություն, որը, ըստ ԿԲ գնահատման, առաջին կիսամյակում կչեզոքանա։

Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, քանի որ ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը: Հաշվի առնելով վերոնշյալ միտումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանող մակարդակը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Կանխատեսվող հորիզոնում դեռևս գերակշռում են գնաճի նպատակի իրագործման ներքևի ուղղությամբ ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Դրանց դրսևորման դեպքում անհրաժեշտ կլինի դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանք՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. մարտի 26-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2019 թ. առաջին եռամսյակի ծրագրում):

Կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031