Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի և խաղաղության դիսկուրսները Հայաստանում. Թավշյա հեղափոխության խմբագրումները

Մարտ 12,2019 16:05

Սյուզաննա Բարսեղյան

Սոցիոլոգ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Պատերազմի և խաղաղության դիսկուրսներն էական ազդեցություն ունեն իրական քաղաքականության, որոշումների կայացման և իշխանական հարաբերությունների կառուցման ու պահպանման վրա: Այդ դիսկուրսների բնույթը ձևավորում է պատկերացումներ պատերազմի և խաղաղության մասին, սահմանում է երկրի անվտանգության խնդիրները և դրա ապահովման համապատասխան վարքականոններ: Ի տարբերություն պատերազմի և խաղաղության պրակտիկաների, դիսկուրսների հաղորդակցական, վերբալ բնույթը հնարավորություն է տալիս կազմաքանդել պատերազմը լեգիտիմացնող ընդունված դիսկուրսը՝ փոխելով լեզուն և նարատիվները: Ինչպես նշում է Ադամ Հոդջեսը, պատերազմը կապված չէ մարդու բանականության հետ, այլ ավելի շուտ գոյություն ունի որպես մշակութային պրակտիկա՝ արտահայտված լեզվի մեջ, ինչպես նաև գործողություններում[1]:

Խաղաղության և պատերազմի դիսկուրսներն արդիական են երկու տասնամյակից ավելի «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում ապրող հայ հասարակության համար: Հիմնականում չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև թշնամական կամ ոչ բարեկամական հարևանությունը (դրա ընկալումը) ավելի «բնական» են դարձնում պատերազմի և ավելի «վերացական»՝ խաղաղության դիսկուրսը:

Հատկապես քաղաքական դիսկուրսում պատերազմի և խաղաղության դիսկուրսների կառուցման միջոցները, լեզուն և դրանցից մեկի գերակայությունը էական նշանակություն ունեն՝ հասկանալու հակամարտության կարգավորման հեռանկարները: Վերջին տարիներին այդ հեռանկարներում նոր շեշտադրումներ մտցրեցին երկու կարևոր իրադարձություններ Հայաստանում՝ 2016թ. ապրիլյան պատերազմը և 2018թ. ապրիլյան հեղափոխությունը: Եթե առաջինը նպաստեց պատերազմի լեգիտիմացմանը և հասարակության ռազմականացման փորձին, ապա երկրորդը, ի հաշիվ իշխանության լեգիտիմության և ժողովրդավարական արժեքների հետապնդման, ստեղծեց Հայաստանի անվտանգության և բանակցային նոր ռեսուրս՝ խաղաղության հնարավորության քննարկմամբ:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

Թշնամական միջավայր և անվտանգության ընկալում

 

Խաղաղության և պատերազմի դիսկուրսների հարաբերակցությունը, ինչը պայմանավորված է հանրային, քաղաքական և մեդիա դիսկուրսներում վերբալ գործունեության խաղաղասիրական կամ պատերազմական բնույթով, ձևավորում են անվտանգության մասին հանրային պատկերացումները: Այդ պատկերացումներում մեծ տեղ ունի թշնամի-բարեկամ սահմանումը: Ըստ հանրային կարծիքի հարցումների[2], Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունն ունի թշնամական հարևանության ընկալում՝ հիմնականում ի դեմս Ադրբեջանի, ապա՝ Թուրքիայի: Ընդ որում, տվյալները ցույց են տալիս Ադրբերջանի՝ որպես թշնամու ընկալման աճի դինամիկա վերջին տարիների կտրվածքով: Հատկանշական է, որ Արցախում թշնամական հարևանության ընկալումն առավել սուր է, ինչպես նաև գրեթե տարբերություն չկա Ադրբեջանի և Թուրքիայի ընկալումների միջև[3]: Մյուս երկու հարևաններին՝ Վրաստանին և Իրանին, չհամարելով թշնամի, այդուհանդերձ բարեկամ է համարում չնչին մասը: Տարածաշրջանում միակ բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հանդեպ հանրային վերաբերմունքը նույնպես միանշանակ չէ. մի կողմից, հանրության մոտ կա Ռուսաստանի` որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի և ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական դերակատարի, մյուս կողմից՝ Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքի կերպար:

Ահա այսպիսի թշնամական/ոչ բարեկամական միջավայրում մարտահրավերների առջև միայնակ երկրի ընկալումն առաջ է բերում անվտանգության խնդրի հանդեպ բարձր զգայունակություն, ինչն իր հերթին նպաստում է հասարակության ռազմականացմանը, պատերազմի լեգիտիմացմանն ու պատերազմի դիսկուրսին: Չկարգավորված կոնֆլիկտը և խաղաղության պակասը հասարակության կողմից ընկալվում է որպես երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկը, իսկ քաղաքական դիսկուրսը գերկենտրոնանում է անվտանգության խնդրի վրա՝ ստորադասելով դրան մնացյալ խնդիրները:

Սակայն այս խորապատկերին պատերազմի դիսկուրսը հիմնականում ծավալվում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ[4]:

 

Չկարգավորված հակամարտություն և լուծում/ներ

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լուծման տարբերակների քննարկումը Հայաստանում ու Արցախում պատերազմի և խաղաղության դիսկուրսների հիմնական խթաններից է: Չնայած պատերազմի դիսկուրսի գերակայությանը, հայաստանյան քաղաքական դիսկուրսում մշտապես շեշտվում է խաղաղ բանակցային ճանապարհով հակամարտության լուծման տարբերակը: Անգամ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հանրային կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ հայաստանիցների մեծամասնությունը Ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է բանակցությունների միջոցով[5]: Ըստ էության, Հայաստանի հանրությունը սրանով հաստատում է խաղաղ կարգավորման իր մոտեցումը: Սակայն կոնֆլիկտի կարգավորման շուրջ կողմերի բևեռային մոտեցումներն անիրական են դարձնում նման հեռանկարը (գոնե մոտ ապագայում):

Այսպիսով, պատերազմի դիսկուրսի գերակշռումը խաղաղության դիսկուրսի նկատմամբ մեծապես պայմանավորված է հակամարտության կողմերի՝ լուծման ծայրահեղ տարբեր մոտեցումներով: Նրանց դժվար է գտնել երկուստեք բավարարող լուծումներ: Մտավախություն կա, որ եթե անգամ հայկական կողմը պատրաստ լինի խաղաղ կարգավորմանը, ապա հակառակորդ կողմը չի ընդունի նույն դիրքորոշումը: Ի տարբերություն հայկական կողմի, ադրբերջանական կողմը հաճախ է շրջանառում միայն ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման տարբերակը: Նման իրավիճակը ծնում է մրցակցություն, որտեղ կարող է հաղթել միայն մի կողմը: Հետևաբար՝ առաջանում է պատերազմի դիսկուրսի գերակշռում, սպառազինությունների մրցավազք, ռազմականացում:

 

Հակամարտող կողմերի անհամաչափ դիսկուրսներ

 

Հայաստանյան ներքին դիսկուրսից զատ շատ կարևոր է ադրբեջանականը, քանի որ դրանց անհամաչափությունը նույնպես մեծապես խթանում է պատերազմի դիսկուրսը: Պատերազմական հռետորաբանությունը և քարոզչությունը, փաստերի և տեղեկատվության խեղաթյուրումը անդրադառնում է ոչ միայն ներքին լսարանի վրա, այլև ծնում է մրցակցություն և տեղեկատվական պատերազմ:

Հայկական ու ադրբեջանական հասարակություններում խաղաղության ու պատերազմի դիսկուրսների անհամաչափությունը արտահայտվում է քաղաքական հռետորաբանության մեջ, ԶԼՄ-ում, սոցիալական ցանցերում, կրթական ծրագրերում (պատմության և այլ դասագրքեր[6], «հայրենասիրական» դաստիարակություն և այլն), արվեստում և այլուր: Ադրբեջանում պատերազմի դիսկուրսը ոչ միայն գերակշռում է, այլ ծայրահեղ ագրեսիվ է և համընդգրկում: Հակամարտության կողմերի համար որպես հաղորդակցության միջոց հատկապես կարևոր է ԶԼՄ-ի դերը և պատերազմի դիսկուրսն արտահայտող թշնամանքի լեզուն: Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ի ուսումնասիրությունը (2014թ.) ցույց է տալիս ատելության խոսքի անհամաչափություն. ադրբեջանական ԶԼՄ-ում այն առավել ծայրահեղ է արտահայտված[7]: Պատերազմի դիսկուրսը սպասարկող մեդիա բովանդակությունը հրահրում է տեղեկատվական պատերազմ: Հետևապես, պատերազմի պատրաստվող հասարակության համար դժվար պատկերացնելի է դառնում խաղաղության պատրաստվելու մոտեցումը: Պատերազմը դառնում է խաղաղություն պարտադրելու գործիք:

 

Պատերազմի շահարկում

 

Պատերազմի դիսկուրսը խթանող մեկ այլ ուժ է իշխանության կողմից անվտանգության շահարկումը՝ հաշվի առնելով այդ խնդրի հանդեպ հասարակության գերզգայունությունը: Իշխանությունները, օգտագործելով պատերազմական վիճակը և անվտանգության խնդրի կարևորությունը, «հայրենասիրական» պրոպագանդայի միջոցով թուլացնում են ժողովրդավարական գործընթացների և արժեքների հանդեպ հանրային պահանջը, շատ դեպքերում հակադրության մեջ են դրվում անվտանգությունը և ժողովրդավարությունը, «հայրենասիրությունը» և ժողովրդավարական, քաղաքացիական արժեքները: Անվտանգության ապահովումը շեշտելով որպես գլխավոր նպատակ, պաշտպանությանը տրվում է բացարձակ անվիճելի կարգավիճակ (դրանով նաև նեղացնելով անվտանգության ընկալումը):

Անվտանգության շահերի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների հակադրությունը հանրային ընկալումներում առավել ամրապնդվում է քաղաքական դիսկուրսում՝ ներքաղաքական գործընթացների խորապատկերին: Այսպես, Ղարաբաղյան հակամարտության, պատերազմի և խաղաղության թեմաները մշտապես եղել են ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական նշանակության կարևոր հարցերից մեկը: Այդ քննարկումներում շրջանառվող կարծրատիպերը աշխատել են հօգուտ պատերազմի դիսկուրսի:

 

ԴԻՍԿՈՒՐՍՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՆԱՐԱՏԻՎՆԵՐԸ

 

Հայաստանում պատերազմի ու խաղաղության դիսկուրսները տարիների ընթացքում սահմանել են նարատիվներ, որոնք ոչ միայն կարծրատիպային են դարձրել պատերազմի/խաղաղության ընկալումը, այլև դժվարացրել են պատերազմի դիսկուրսի կազմաքանդումը և խաղաղության մասին քննարկումները:

Հավանաբար, պատերազմի հաղթանակից և զինադադարի պայմանագրից հետո պատերազմի և խաղաղության ընկալումների լուրջ տարաձայնությունները սկսեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածի (տպագրած 1997թ. նոյեմբերի 1-ին) քննարկումով: Դրան հաջորդող ներքաղաքական իրադարձությունները և երկու նախագահների իշխանության շրջանում մշտապես օգտագործվել է ԼՂ հիմնահարցը ներքաղաքական գործընթացներում և իշխանական հարաբերություններում՝ ամրապնդելով պատերազմի դիսկուրսն արդարացնող կամ անխուսափելի դարձնող և խաղաղության դիսկուրսը մարգինալացնող նարատիվները: Դրանք իրականացվել են մի քանի ուղղություններով՝ 1) արդարացնելու ավտորիտար կառավարումը կամ ժողովրդավարության հետընթացը, 2) արդարացնելու սոցիալ-տնտեսական դժվարությունները, 3) արդարացնելու ԼՂ հակամարտության հայանպաստ՝ «առանց զիջումների» լուծման երաշխավորը լինելու հիմնավորումը:

Այսպես, վերոնշյալ ուղղություններով դիսկուրսները սահմանել են կարծրատիպային մոտեցումներ.

  • Եթե կոնֆլիկտի մեջ ենք, ապա չենք կարող լինել ժողովրդավար. հասարակության մոբիլիզացման համար անհրաժեշտ է պատերազմի դիսկուրս և ավտորիտար կառավարում (օրինակ, ավտորիտար մոտեցումները ներկայացվում են որպես ուժի և անվտանգության ապահովման գրավական):
  • Ժողովրդավարական գործընթացները, ընդդիմադիր/հակաիշխանական շարժումները վնասում են անվտանգությանը (օրինակ, հետընտրական հանրահավաքները դիտակվում են որպես հօգուտ թշնամի հարևանների, որ պատրաստ են ներքաղաքական թուլության դեպքում սահմանային բախումներ և պատերազմ հրահրել):
  • Առկա սոցիալ-տնտեսական դժվարություններին պետք է վերաբերել ներողամտորեն, քանի որ կա պատերազմի մշտական վտանգ և պաշտպանական ծախսերի գերակայություն:
  • Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորումը ուղղակիորեն կապված է իշխանության մեջ գտնվող որոշակի անձանց հետ (ովքեր առավել քաջատեղյակ են խնդրից, ծագումով Արցախից են կամ անմիջական մասնակցություն են ունեցել պաշտպանությանը):
  • Բանակցող պաշտոնական կողմը չի խոսում պայմանավորվածությունների և զիջումների պատրաստակամության մասին՝ հանրային անվստահության չարժանանալու համար (չնայած բոլոր բանակցությունները հենց դրա շուրջ են): Հանրային դիսկուրսի համար իշխանությունը ներկայանում է որպես զիջելու անպատրաստ՝ հաջորդող պատասխանատուներին փոխանցելով զիջումը դավաճանության եզրով սահմանող իր մատուցած «մոտեցումը»:

Այդպիսով, դիսկուրսները սահմանել են այնպիսի նարատիվներ, որ «խաղաղության» մասին խոսելն ավելի է «մտահոգում», քան պատերազմի: Խաղաղությունն ընկալվում է միայն որպես զիջումների գնալու՝ «դավաճանության», «հող հանձնելու» պատրաստակամություն: Հետևաբար՝ պատերազմը համարվում է ավելի հուսալի, քան խաղաղությունը:

 

ԴԻՍԿՈՒՐՍՆԵՐԻ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանում 2018 թվականի ապրիլին թավշյա հեղափոխության արդյունքում ներքաղաքական փոփոխությունները կոտրեցին տարիներով ձևավորված շատ կարծրատիպեր և տաբուներ: Այդ իրադարձությունը նոր շեշտադրումներ մտցրեց նաև պատերազմի և խաղաղության դիսկուրսներում, փոփոխություններ հանրային կարծիքում և քաղաքականության մեջ, առաջ բերեց հակամարտության կարգավորման նոր քննարկումներ:

Չնայած 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հստակ շեշտադրվեց պատերազմի դիսկուրսը՝ հիմք տալով պատերազմի լեգիտիմացմանը և իշխանությունների կողմից հասարակության ռազմականացման փորձին (ինչպես օրինակ, «Ազգ-բանակ» հայեցակարգը), անվտանգության խնդրի ակտիվացմանը և պաշտպանության համար հասարակության մոբիլիզացմանը, երկու տարի անց՝ 2018-ի ապրիլին հեղափոխությանը զանգվածային մասնակցությունը կոտրեց տարիներով շրջանառվող միֆը, որ հայ հասարակությունը պատմական հիշողության, պահպանողականության և ողջամտության/իմաստության շնորհիվ չի գնա ներքաղաքական ցնցումների՝ գիտակցելով դրանից օգտվող թշնամական միջավայրի և պատերազմի վտանգը: Չնայած քաղաքացիական անհնազանդության ակցիաների և հանրահավաքների ողջ ընթացքում հնչեցվում էր այս թեզը և տեղեկատվություն էր տարածվում սահմանային տեղաշարժերի ու վտանգների մասին, այդուհանդերձ, դա ոչ միայն չէր զսպում մասնակիցներին, այլև առաջացնում էր հակափաստարկներ առ այն, որ նման քաղաքացիական մասնակցությունը, տիրող ոգին և ժողովրդի ուժը, հակառակը, կարող է նույն ձևով ծառայեցնել պաշտպանությանը:

Հետագայում նոր ձևավորված Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները, ժողովրդավարացման քայլերն ու իշխանության լեգիտիմությունը գործնականում ցույց տվեցին դրական ազդեցություն: Հատկապես 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո լեգիտիմությունը դարձավ քաղաքական դիսկուրսի առանցքային հասկացությունը, որում կենտրոնացած են իշխանության, նրա լիազորությունների հանդեպ վստահության, սոցիալական «բարոյականության», իշխանության ձևավորման և փոփոխության ժողովրդավարական մեխանիզմների հիմնախնդիրները: Իշխանության լեգիտիմությունը և ժողովրդավարական արժեքների հետապնդումը դարձավ Հայաստանի անվտանգության հարցերի, հակամարտության կարգավորման և բանակցությունների նոր ռեսուրս:

Հեղափոխությունը ցույց տվեց անվտանգության/պատերազմի և ժողովրդավարության անհամատեղելիության միֆականությունը: Իսկ պատերազմը շահարկող նախկին իշխանությունը սկսեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից՝ արդեն շահարկելով խաղաղությունը և իշխանությունների ժողովրդավարական «թուլությունն» ու անվտանգության խնդիրները:

2019թ. հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հայտարարության մեջ «հասարակություններին պատրաստել խաղաղության» ձևակերպումը քննարկումների ալիք բարձրացրել Հայաստանում՝ ցույց տալով խաղաղության դիսկուրսի հանրային ու քաղաքական ընկալողունակությունն ու շահարկման փորձերը: Խաղաղության գործընթացի պահպանումը նույնականացվեց զիջողականության և շուտափույթ լուծումների հետ, մեղադրանքներ հնչեցին իշխանության պարտվողականության և դավաճանութան վերաբերյալ:

Խաղաղությունը դավաճանության, ոչ հայրենասիրության, պարտվողականության, թուլության հոմանիշներով ամրապնդած դիսկուրսը կազմաքանդելու համար նոր իշխանության պատասխանատուները եզրույթների հավելյալ բացատրությունների և պնդումների հերքման կարիք են ունենում:

ՀՀ նախագահը, վարչապետը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը և այլ պատասխանատուներ քաղաքական դիսկուրսում փորձում են ամրագրել խաղաղ կարգավորման մոտեցումը, ինչը պաշտպանության հարցում վճռականության և զիջումների մասին չէ:

 

ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՆ «ՄՏԱՀՈԳԻՉ»

 

Վերջին ամիսներին Հայաստանում խաղաղության մասին քննարկումների ակտիվությունը շահարկումների տեղիք տվեց: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ խաղաղության մասին խոսելն անգամ խնդրահարույց է. այն գործնական առումով չունի ընդհանրական ընկալում կամ սահմանում:

Հատկանշական է, սակայն, որ խաղաղության մասին խոսելն ինքնին չի նշանակում խաղաղության դիսկուրսի առկայություն: Պատերազմի և խաղաղության դիսկուրսներին հատուկ են տարրեր, որոնց վերլուծությունը կարող է ցույց տալ դրանց առկայությունն ու գերակշռությունը: Այսպես, Քեմփն առանձնացնում է դիսկուրսների հետևյալ տարրերը[8].

 

Դիսկուրսի տարրերը Պատերազմի դիսկուրս Խաղաղության դիսկուրս
Առանցքային հարցեր Ո՞վ է «ագրեսորը»: Ինչպե՞ս կանգնեցնել նրան: Ո՞րն է կոնֆլիկտի օբյեկտը: Ինչպե՞ս կարելի է փոխակերպել այն:
Նույնականացման չափանիշներ Բևեռային

– Հումանիզացնում է «մեր» քաղաքական և ռազմական առաջնորդներին, զինվորներին, զոհերին և անմարդկայնացնում կամ արհամարհում է նրանց հակառակ կողմում

– Հումանիզացնում է «մեր» քաղաքացիական հասարակությանը՝ իր հավատարմության և զոհվելու ցանկության համար, և անմարդկայնացնում է նրանց հակառակ կողմում՝ իրենց ազգայնականության համար

– Հումանիզացնում է հակառակորդի հակառազմական ընդդիմությանը և անմարդկայնացնում կամ արհամարհում է իր ընդդիմությանը՝ որպես դավաճաններ

Բազմակողմանի

– Խուսափում է երկու կողմերի քաղաքական և ռազմական առաջնորդների, զինվորականների հետ նույնականացումից

– Հումանիզացնում կամ գոնե հարգում է երկու կողմերի զոհերին, քաղաքացիական բնակչությանը, խաղաղարարներին

և խուսափում է երկու կողմերի ռազմամոլների հետ նույնականացումից

 

Ճշմարտության կողմնորոշում Ճշմարտությունը տեսնում է միայն որպես չմշակված նյութ

– Պատմում է պատմություններ «մեր» հերոսական արարքների մասին և հակառակ կողմի չարագործությունների մասին

– Կառուցակցում է կոնֆլիկտի համատեքստը որպես անլուծելի հակամարտություն

– Ցույց է տալիս «մեր» արժեքները՝ քաղաքական, պատմական և էթնիկ միֆերի միջոցով

Անքննելիորեն պարտավորվում է հետևել ճշմարտությանը և բացահայտել հակասությունները

 

– Բացահայտում է նաև «մեր» չարագործությունները և հակառակ կողմի տառապանքներ

– Դիտարկում է կոնֆլիկտի կառուցողական փոխակերպման հնարավորությունները

– Ապակառուցում է միֆոլոգիական մեկնաբանությունները և փնտրում է ընդհանուր արժեքներ

Մոտիվացիա Ներկայացնում է կոնֆլիկտը որպես պաշտպանություն ոչնչացումից և/կամ որպես լավ ապագայի ուղի

 

Շեշտադրում է հաղթանակի գինը, մշակութային, տնտեսական ու սոցիալական արժեքների քայքայումը
Կոնֆլիկտի լուսաբանում Ձգտում է էսկալացիայի

 

Ձգտում է դեէսկալացիայի

 

 

Այսպիսով, խաղաղության դիսկուրսը կոնֆլիկտը ձևակերպում է որպես խնդիր, որը հնարավոր է լուծել բոլոր կողմերին բավարարող ուղով: Ի հակադրություն՝ պատերազմի դիսկուրսը կառուցվում է ներհակության հիման վրա, որի միակ լուծումն ուժի կիրառումն է: Եթե պատերազմի դիսկուրսը կառուցակցում է կոնֆլիկտը կողմերին «լավերի» և «վատերի» բաժանելու միջոցով, ապա խաղաղության դիսկուրսում կոնֆլիկտի մասնակիցները հումանիզացվում են կամ առնվազն հարգվում են նրանց կարծիքներն ու իրավունքները: Խաղաղության դիսկուրսը ցույց է տալիս կոնֆլիկտի համակողմանի պատկերը, հետևում է ճշմարտության անվերապահ չափանիշներին և բացահայտում է հակասությունները: Այն կոչված է վերաիմաստավորելու միֆերը և առանձնացնելու ընդհանուր արժեքները, ցույց տալու հաղթանակի գինը և պատերազմի վնասը մշակույթի, տնտեսության, սոցիալական հարաբերությունների համար: Այն փնտրում է կոնֆլիկտի փոխակերպման, հաշտեցման ու խաղաղության հնարավորություններ[9]:

Հայաստանում ԼՂ հակամարտության շուրջ դիսկուրսների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռևս գերակշռում է պատերազմի դիսկուրսը, սակայն առկա են նաև խաղաղության դիսկուրսի որոշ տարրեր: Խաղաղության մասին վերջին քննարկումները ցույց են տալիս, որ, մի կողմից, նոր իշխանությունները փորձում են կազմաքանդել պատերազմի դիսկուրսի բևեռականությունը, մյուս կողմից, ցույց տալու համար իրենց վճռականությունը և ի հեճուկս ընդդիմության կողմից խաղաղության շահարկման, միաժամանակ խթանում են պատերազմի դիսկուրսը:

Պատերազմի դիսկուրսը ներկայանում է որպես խաղաղության լեզու. երկրի ռազմական կարողությունների զարգացումը, հակառակորդի զինված հարձակման փորձի ճնշումը կամ նախահարձակ լինելու պատրաստակամությունը ներկայացվում է որպես խաղաղության հաստատմանն ուղղված գործողություններ: Կարելի է ասել, որ ներկայումս ավելի շատ առկա է, այսպես կոչված, բացասական խաղաղության[10] (կամ պատերազմի բացակայության) դիսկուրս, երբ բռնությանը բացակայում է, սակայն կոնֆլիկտը մնում է առանց լուծումների: Չկա դրական խաղաղության լեզուն, երբ հակամարտող կողմերը ձգտում են ստեղծել և պահպանել խաղաղություն:

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Չնայած քաղաքական և հանրային դիսկուրսներում Ղարաբաղյան հակամարտության՝ բանակցությունների միջոցով լուծման տարբերակի հռչակմանը, ըստ էության, դրանով հաստատելով խաղաղ կարգավորման մոտեցումը, հակամարտության կարգավորման շուրջ կողմերի բևեռային մոտեցումներն անիրական են դարձնում այդ հեռանկարը: Պատերազմի դիսկուրսին է նպաստում նաև երկու հասարակություններում դիսկուրսների լեզուն և դրանց անհամաչափությունը, մեդիա բովանդակությունը, ներքաղաքական ու աշխարհաքաղաքական գործոնները:

Պատերազմի և խաղաղության ընկալումները հաճախ հիմնված չեն իրական փաստերի ու տեղեկատվության վրա: Դիսկուրսները և մեդիատեխնոլոգիաները, որոնք ձևավորում են այդ պատկերացումները, հանդես են գալիս որպես քաղաքականության գործակալներ և որպես փափուկ ուժի կարևոր գործիքներ, որոնք կարող են նպաստել թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի դիսկուրսին: Հաճախ դժվար է կազմաքանդել արդեն ամրացած նարատիվները և խոսել խաղաղության մասին:

Պատերազմի դիսկուրսի շահարկողները դարձել են խաղաղության դիսկուրսի ընդդիմախոսներ. իրենց «ճշմարտացի» լինելը ցույց տալու համար նրանք «վախեցնում» են խաղաղության դիսկուրսով՝ խեղաթյուրելով դրա էությունը: Ի պատասխան նման ընդդիմախոսության, ուժեղի դիրքից հանդես գալու համար, քաղաքական դիսկուրսում խաղաղության լեզուն շատ հաճախ այլաբանության միջոցով ներկայանում է որպես թշնամանքի լեզու:

Ներկայումս պատերազմի դիսկուրսը շարունակում է մնալ գերիշխող, և հասարակությունն էլ, ըստ էության, պատրաստ չէ խաղաղության՝ չնայած հռչակվող ցանկությանը: Սակայն, չնայած հակամարտության, խաղաղության և զիջումների սահմանումների միֆականացմանը, Հայաստանի նոր իշխանությունները ձևավորում են քաղաքական նոր դիսկուրս, որտեղ կոնֆլիկտի խաղաղ լուծման նոր մոտեցումները խմբագրում են պատերազմի և խաղաղության դիսկուրսները՝ սահմաններով նոր ձևակերպումներ և հնարավոր դարձնելով դրական խաղաղության քննարկումը:

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)  

[1] Discourses of War and Peace, Adam Hodges (ed.), Reviewed by Vesa Koskela, Sociolinguistic Studies, Vol. 9.4, 2015, p. 519

[2] Կովկասյան բարոմետր, Հարավկովկասյան երկրներում քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումների հանրային ընկալումը, 2017

[3] Opinion Polls in Nagorno-Karabakh: Comparative Results from 2015 and 2016, IPSC – Institute for Political and Sociological Consulting, Armenia, 2016

[4] Չնայած ոչ բարեկամական հարաբերություններին, փակ սահմանին և պատմական անհաշտությանը, պատերազմի դիսկուրսը քիչ դեպքերում է ասոցացվում Թուրքիայի հետ:

[5] Կովկասյան բարոմետր, Հարավկովկասյան երկրներում քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումների հանրային ընկալումը, 2017

[6] Ադրբեջանում դասագրքերի և այլ ուսումնական նյութերի բովանդակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքէջում՝ AzeriChild.info

[7] “Язык вражды” в средствах массовой информации Южного Кавказа (На основе мониторинга СМИ Азербайджана, Армении и Грузии), Ереванский пресс-клуб, 2014

[8] Kempf W. Deescalation-oriented conflict coverage? The Northern Ireland and Israeli-Palestinian peace processes in the German press, IAMCR Scientific Conference at Leipzig (Germany), 1999

[9] Kempf W. Deescalation-oriented conflict coverage? The Northern Ireland and Israeli-Palestinian peace processes in the German press, IAMCR Scientific Conference at Leipzig (Germany), 1999

[10] Gay W. The Language of War and Peace. Encyclopedia of Violence, Peace and Conflict. Volume 2. Ed. L. Kurtz. Academic Press: San Diego, 1999, p. 303-312.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031