Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ ցածր վարձատրվող մասնագետների, վարորդների երկիր, կարծես մոռացվել է, որ սիլիկոնային հովիտ է. ռուս պատգամավորը՝ ԵԱՏՄ խնդիրների մասին

Մարտ 12,2019 15:59

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովին կից աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Տնտեսագետ Աշոտ Թավադյանն ասաց, որ եթե մենք ԵԱՏՄ պայմանագիրը չստորագրեինք, մոտ կես միլիարդի վնաս կունենայինք: Նա ասաց, որ եթե տարիների ընթացքում արտահանման առումով դոփում էինք տեղում, առաջին անգամ գերազանցեցինք 2 մլրդը, 2018-ին 2,4 մլրդի հասավ: Մենք պատրաստի արտադրանք ենք արտահանում. «Մաքսատուրքերի հարցում պետք է ակտիվ լինենք, եթե հաշվի առնենք նաեւ մեր գործընկերների շահերը, արդյունքի կհասնենք: Մաքսատուրքերը բարձրացան, Ղազախստանը, ՌԴ-ն զիջեցին մեզ: Մենք մոտ 90 մլն դոլար փոխանցել ենք ու ստացել ենք 150 մլն դոլար, այսինքն, 60 մլն քողարկված դոտացիա ենք ունեցել»,- խոսելով ԵԱՏՄ օգուտների մասին՝ ասաց պարոն Թավադյանը՝ հիշեցնելով, որ այդ միությունում ոչ մեկը ոչ մեկին իր շահերը չի զիջելու, սա պետք է հաշվի առնել:

Ըստ Աշոտ Թավադյանի, մեր առաջին խնդիրը պետք է լինի միասնական ձեռնարկություններ ստեղծելու առումով ճանապարհային քարտեզի մշակումը՝ հատկապես ռազմավարական, ավելի կոնկրետ՝ ռազմական ոլորտում:

Անդրադառնալով գազի գնին՝ նա ասաց. «Արեւմուտքում 90 դոլար է, մեզ մոտ սահմանին 150 էր, հիմա դարձավ 165: Իհարկե, սա առաջնային խնդիր է: Իհարկե, էժան էներգակիրները բարձրացնում են երկրում մրցունակությունը, բայց այստեղ էլ մենք խնդիր ունենք: 64-րդ հոդվածը արժութային քաղաքականության համաձայնեցման մասին է, առանց այդ հոդվածի կիրառման մենք չենք կարող անցնել միասնական շուկայի, որովհետեւ փոխարժեքի տատանումների պարագայում էական է: Մենք այստեղ լուրջ խնդիրներ ենք ունենալու»:

ԵԿՏԱ տնտեսագիտության եւ կառավարման ամբիոնի դոցենտ Արա Քառյանը խոսեց Իրան-Հայաստան գազի տարանցման խնդրի մասին. «Պետք է արձանագրել, որ նպատակը զուտ տարանցում է, որովհետև մենք Հայաստանի կարիքների համար չենք կարող ներկրել, սպառել իրանական գազ, որովհետեւ ունենք միջպետական պայմանագիր ՌԴ-ի հետ, որը շատ կոշտ պայմանագիր է: Տարանցիկ երկիր դառնալով՝ ՀՀ-ի դերակատարությունը կբարձրանա այս տարածաշրջանում»:

Քառյանն ասաց, որ տարանցման հարցում 4 երկիր են մասնակցելու՝ Հայաստանը՝ որպես տարանցման տարածք, Իրանն ու Վրաստանը պետք է համաձայնության գան այդ հարցի շուրջ, ՌԴ-ն անմիջապես մասնակցում է, որովհետեւ ունի ցանց եւ իրավունքներ եւ Ադրբեջանն անուղղակի է մասնակցում: Իր լծակներն ու մասնակցությունը շատ առարկայական են: Մենք ենթակառուցվածքներ չունենք, զիջել ենք բոլոր լծակները, բայց տարանցման իրավունքը մեզ է պատկանում, ինքնիշխանությունը չենք կորցրել, մենք դառնում ենք տարանցող երկիր»:

Քառյանն ասաց, որ Վրաստանի դիրքորոշումը տարանցման հետ կապված շատ կարեւոր է: Վրաստանն այսօր ստանում է ամբողջ գազն Ադրբեջանից ու ստանում է ամբողջ ծավալով 2,5 մլրդ խմ: Ամբողջ խնդիրն այն է, որ դրա մի մասը ռուսական գազ է: Իրենք քաղաքական առումով հրաժարվել են ռուսական գազ ներկրելուց, բայց իրենք ստանում են, ըստ էության, ռուսական գազ»: Ըստ տնտեսագետի, ՌԴ-ին շատ ձեռնտու է, որ  տարանցմանը մասնակցի՝ որպես խաղացող, իսկ ինքը լուրջ խաղացող է:

Ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի խոսքով՝  Հայաստանը արդեն իրեն դիրքավորում է՝ որպես գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող, ցածր վարձատրությամբ մասնագիտությունների՝ վարորդների երկիր, կարծես մոռացվել է, որ Հայաստանը սիլիկոնային հովիտ է. «Պատահական չի, որ խոշոր ընկերությունները ՀՀ ինժեներական բարձր պոտենցիալը հաշվի են առնում՝ Մայքրոսոֆթ, Սինոփսիս եւ այլն: Կարելի է  վերաբրենդավորվել այդ շուկայում; ՌԴ-ն ու Բելառուսն ունեն փաստաթուղթ եւ գիտահետազոտական պոտենցիալի համատեղ օգտագործման համար ծրագիր են ստեղծում, միասին աշխատում, ինչո՞ւ Հայաստանն էլ չի ստեղծում նման ծրագիր ՌԴ-ի հետ»:

Տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը ԵԱՏՄ-ում մեր ունեցած այլ  խնդիրներ մատնանշեց, մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել