Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վերաբանակցենք ավտոմեքենաների մաքսատուրքերի հարցը, լուրջ գործ արած կլինենք». Միքայել Մելքումյան

Մարտ 12,2019 15:39

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովին կից աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Փորձագետները, քննարկելով ԵԱՏՄ ներուժը, մատնանշում էին, թե ինչ խնդիրներ ունենք, որտեղ անելիքներ ունենք:

Արամ Սաֆարյան

«Եվրասիական փորձագիտական ակումբի» համակարգող Արամ Սաֆարյանն ասաց, որ օրինակ մենք, որպես ԵԱՏՄ-ի մեջ ամենափոքր տնտեսություն ունեցող, բացառիկ հնարավորություն ունենք դառնալու չափանիշ՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար. «Մենք համոզված ենք, որ ինչքան էլ սա տնտեսական գործընթաց է, ընկած է հիմքում հարուստների էգոիզմը, տնտեսական շահը, առանց մեր ժողովուրդների մասնակցության, առանց մտավորականության, ինտելեկտուալների ներգրավման, այս գործը չի լինի»:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ մաքսատուրքերի բարձրացման որոշ դեպքերի համար, օրինակ, ավտոմեքենաների, կարող ենք վերաբանակցել: Ըստ նրա, եթե կարողանան վերաբանակցել այն ապրանքների մաքսատուրքերի հարցը, որոնք 2020-ի հունվարի 1-ից պետք է բարձրանան, շատ լուրջ գործ արած կլինեն:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ «Մենք չպետք է մոռանանք Արցախի ներուժի մասին, պարտավոր ենք նախ տարաբնակեցման մասին մտածենք, հետո՝ ՀՀ-Արցախ տնտեսական ինտեգրացիայի, մեզ ընձեռնված հնարավորությունը պետք է կարողանանք նաեւ դարձնել Արցախին ընձեռած հնարավորություն: Այսօրվա հավաքի փաստը խոսում է նրա մասին, որ սառույց է կոտրվում: Փորձագետը պիտի իր ներուժը ծառայեցնի պետական մակարդակով խնդիրների լուծմանը: Մենք օրինակելի ենք, այլ երկրների խորհրդարաններում առաջինն ենք: ՀՀ-ն առաջին անգամ օրենսդիր մարմնում ստեղծել է հանձնաժողով»:

Մանասերյանը մի քանի խնդիրների անդրադարձավ: Նա ասաց, որ տնտեսական սպառնալիքներ կան, որը մեզ ակամա գործընկեր երկիր է դարձնում շատերի հետ. «Ինչքան մեկտեղենք ջանքերը, այնքան ավելի օգտակար կլինի: Փորձագետները եւ օրենսդիրները, գործադիր իշխանությունը պետք է կարեւորագույն ֆորումներին իրար հետ համաձայնեցված հանդես գան: Մենք ներկայացնում ենք Հայաստանը ու ցանկալի է, որ ոչ թե տարբեր բաների մասին խոսենք, այլ դա պետական մոտեցում լինի: Կան նաեւ այլ խնդիրներ՝ միասնական արժույթ, ֆինանսական խնդիրներ: Սպառնալիքներից մեկը վիրտուալ արժույթն է, պարտավոր ենք մտածել դրա մասին: Տարբեր երկրներ ասում են՝ չկա, արգելենք, բայց այսօր առերեսվում ենք այդ իրականության հետ, գործարքների մի զգալի մասը վիրտուալ արժույթով է իրականացվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031